Գաբրիելե դ'Աննունցիո. Տոտո

Գաբրիելե դ'Աննունցիո. Տոտո

Իտալացի հայտնի գրող Գաբրիելե դ'Աննունցիոն ծնվել է Պեսկարայում 1863 թ.: Դեռ 16 տարեկան էր, երբ տպագրվեց բանաստեղծությունների ժողովածուն: Այնուհետեւ սկսեց գրել իր ինքնատիպ նովելները, որոնք կազմեցին վաղ շրջանի նրա լավագույն ժողովածուները` «Պեսկարական նովելներ» եւ «Կուսական հող»: 1900-ականների սկզբին դ'Աննունցիոն արդեն հայտնի էր նաեւ իր վեպերով:

Գ. դ'Աննունցիոյի հերոսը դառնում է ուժեղ անհատականությունը, որի համար կարեւորը սեփական ցանկությունների բավարարումն է: Նրա գործերում ի դերեւ են հանվում կյանքի մութ ու մռայլ կողմերը, աղքատության դատապարտված հասարակ մարդիկ, անվերջ անարդարությունները:

Գ. դ'Աննունցիոն գրել է նաեւ քաղաքական հոդվածներ, հուշեր, պիեսներ եւ որպես ջատագով փառաբանել «Մեծն Իտալիան»: Առաջին Համաշխարհային պատերազմից հետո դ'Աննունցիոն աջակցել է Մուսսոլինիին: Դ'Աննունցիոն ողջունում էր իտալական ֆաշիզմի զինվորական գործողությունները, նույնիսկ փորձեց սեփական քաղաքական ուժերի կենտրոն ստեղծել, որը կմրցակցեր ֆաշիստների հետ: 1924 թ. նա իշխանի տիտղոս ստացավ, իսկ 1937 թ. ընտրվեց Թագավորական ակադեմիայի նախագահ:

Դ'Աննունցիոն մահացավ իր կալվածքում 1938 թվականին: Մուսսոլինիի ռեժիմը կազմակերպեց նրա հանդիսավոր հուղարկավորությունը: Դ'Աննունցիոյի նովելներին ծանոթանալու համար հայ ընթերցողին եմ ներկայացնում սրտառուչ եւ հուզիչ մի պատմություն. «Տոտո» նովելի թարգմանությունը: 

***

Վերջինս մի տեսակ քոթոթի էր նման՝ ցած իջած Մայելլայի կաղնուտներից, իր այդ կեղտոտ դեմքով, սեւ ու կոշտ մազերը ճակատին թափված, պատատուկի ծաղիկների նման կլոր, մանր ու դեղնավուն աչքերով, որոնք միշտ շարժման մեջ էին: Լավ եղանակին վազվզում էր դաշտերով ու գողանում ծառերի մրգերը, մոշ հավաքում թփուտ-ցանկապատերից, քարկոծում արեւի տակ թմրած մողեսներին: Ինչ-որ խռպոտ, ցածր ու խուլ ճիչեր էր արձակում, որոնք հիշեցնում էին օգոստոսի կեսօրվա տապին շղթայված գամփռի վնգստոցը կամ թե բարուրի երեխայի անհասկանալի մրմնջոցը:                                            

Համր էր, խե՜ղճ  Տոտո... Նրա լեզուն կտրել էին ելուզակները: Այդ ժամանակ նա տիրոջ կովերն էր արածեցնում դաշտավայրում, որն առատ էր կարմիր առվույտով ու կորնգանով, եւ միաժամանակ նվագում էր իր եղեգնյա շվին ու նայում գագաթների շուրջը ծխացող ամպերին կամ էլ մրրիկից քշված վայրի բադերի թռիչքին: Ամառային մայրամուտ էր. մինչ խորշակը գզգզում էր կաղնիները, իսկ Մայելլան հայտնվել էր զարմանահրաշ մանուշակագույն գոլորշիների  մեջ, հայտնվեց ավազակ Մոռոն՝ երկու մարդու հետ, եւ հափշտակեց բծավոր կովին: Իսկ ճչացող տղայի լեզվից էլ մի փոքր կտրեցին: Մոռոն ասաց. «Դե հիմա գնա´ ու պատմի´ր, անիծվածի զավակ»:

Տոտոն տուն վերադարձավ երերալով, թեւերը թափահարելով, արյան շիթերը բերանից հոսելով: Հրաշքով փրկվեց, բայց մշտապես հիշում էր Մոռոյի մասին եւ մի օր երբ նրան տեսավ ճանապարհին` շղթայված, զինվորների խմբի մեջ, մեջքին մի քար շպրտեց ու փախավ չարախնդալով: Հետո լքեց իր ծեր մորը, որն ապրում էր կաղնու տակի դեղին խրճիթում, եւ դարձավ թափառական, կեղտոտ, ոտաբոբիկ, ցնցոտիներով, քաղցած ու չարաճճիների կողմից ծաղրանքի առարկա դարձած: Նաեւ շատ էր չարացել: Երբեմն, պառկած արեւի տակ, հրճվում էր, երբ դանդաղորեն սատկացնում էր դաշտերից բռնած մողեսին կամ գեղեցիկ ոսկեգույն բզեզին: Երբ տղաները նրան զզվեցնում էին, մռնչում էր շներով շրջապատված փոքրիկ վարազի նման: Ի վերջո, նրանցից մեկին գազանաբար ծեծեց, եւ այդ օրվանից նրան հանգիստ թողեցին:

Սակայն կար նաեւ Նիննին, որը նրան սիրում էր: Իր բարի, իր գեղեցիկ Նիննին. մի նիհարիկ աղջնակ, շատ խոշոր աչքերով, դեմքը` պեպենների մեջ, շեկլիկ մազափունջը՝ ճակատին: Առաջին անգամ տեսնվել էին այնտեղ` Սուրբ Ռոկկոյի կամարի տակ: Նիննին, պպզած մի անկյունում, հաճույքով ուտում էր բոքոն հացի մեծ կողքը: Տոտոն, որը դրանից չուներ, ագահաբար նրան էր նայում եւ շուրթերը լպստում:

- Ուզո՞ւմ ես,- ասաց աղջնակը բարակ ձայնով՝ վեր հառելով սեպտեմբերյան արեւի նման պարզ ու խոշոր աչուկները,- ես էլի ունեմ:

Տոտոն ժպտալով մոտեցավ եւ վերցրեց հացի խոշոր կտորը: Երկուսով լուռ ուտում էին. երեք-չորս անգամ հայացքները հանդիպեցին եւ ժպտացին:

- Դու որտեղի՞ց ես,- շշնջաց Նիննին:

Տղան նշաններով հասկացրեց, որ չէր կարող խոսել, ապա, բացելով բերանը, ցույց տվեց լեզվի սեւացած ծայրը: Աղջնակը շրջեց աչքերն ուրիշ կողմ սարսափի աննկարագրելի ժեստով: Տոտոն նրան թեթեւակի հպվեց թեւով՝ աչքերին արցունքներ։ Երեւի ուզում էր ասել. այդպես մի´ արա, մի´ հեռացիր դու էլ, բարի´ եղիր...: Սակայն կոկորդից դուրս եկավ ընդամենը տարօրինակ մի հնչյուն, որը ցնցեց խեղճ Նիննիին.                               

- Ցտեսությո՛ւն,- ասաց վազելով:                                   

Հետո էլի տեսնվեցին, ասես քույր ու եղբայր լինեին: Միասին նստում էին արեւի տակ: Տոտոն դնում էր իր խոշոր, թուխ գլուխն աղջկա ծնկներին, կատվի նման հաճույքից կկոցում էր աչքերը, երբ աղջնակը թաթիկները մխրճում էր նրա մազերի մեջ եւ պատմում կախարդի ու արքայադստեր հեքիաթը: 

- Կար-չկար՝ մի տիրակալ, որն ուներ երեք դուստր, որոնցից կրտսերը կոչվում էր Ստելլինա եւ ուներ ոսկեշող մազեր, ալմաստե աչքեր: Երբ նա քայլում էր, ասում էին. «Ահա Տիրամայրը», եւ ծնկի էին գալիս նրա առջեւ: Մի օր էլ, մինչ նա ծաղիկներ էր հավաքում պարտեզում, ծառի վրա տեսավ մի գեղեցիկ, կանաչ թութակ... Տոտոն, օրորվելով այդ քնքուշ ձայնից, փակում էր աչքերն ու ննջում` երազելով Ստելլինայի մասին։ Հետո բառերը հնչում էին ավելի ու ավելի հեռվից, ավելի կամաց եւ աստիճանաբար դադարում էին: Արեւը պարուրում էր այդ հնոտիների կույտը լույսի ջերմ ալիքներով: Այսպես անցան շատ օրեր` ողորմությունը կիսելով, սալահատակին քնելով, գյուղի խաղողով բեռնավորված այգիներում վազվզելով, վտանգելով իրենց կյանքը որեւէ գյուղացու կողմից հրազենի հարված ստանալու պատճառով: Տոտոն երջանիկ էր թվում. երբեմն շալակում էր աղջկան եւ կատաղի վազքով սլանում` ցատկելով փոսերի, թփերի, գոմաղբի կույտերի վրայով, մինչեւ որ պոռթկուն ծիծաղով, ամբողջովին կարմրատակած` շիկացած ածուխի նման, կանգ առներ որեւէ ծառի տակ կամ եղեգնուտի մեջտեղում: Նիննիի զարմանքն ու ծիծաղը միախառնվում էին իրար, սակայն, երբ աչքը պատահմամբ ընկնում էր տղայի ծայրատ լեզվին, որն անզուսպ ծիծաղից ցնցվում էր բերանի ներսում, զզվանքի դող էր զգում մինչեւ ոսկորները: Հաճախ խղճուկ համրը դա նկատում էր եւ վշտանում օրվա ամբողջ մնացած մասը: Բայց որքա՜ն անուշ էր հոկտեմբերը... Հեռվում գորշ սարերը պարզ ընդգծվում էին լուսավոր ֆոնին, ամբողջովին սպիտակ ու կանաչ, թեթեւակի պարուրված մանուշակի նրբերանգով, որը գնում էր դեպի վեր ու վեր` կորչելով իր աննկարագրելի նրբությամբ լայնատարած ծովից անդին:

Նիննին քնում էր խոտերի վրա, փոքրիկ բերանը բաց, իսկ Տոտոն նրա կողքին էր` պպզած, նրան նայելիս: Այնտեղ, մի քանի քայլի վրա, կային չոր եղեգնից ցանկապատ եւ երկու ծեր ձիթենի` կոճղերի մեջ անցք բացված: Որքա՜ն գեղեցիկ էր երկինքը, երբ նայում էին սպիտակ եղեգների եւ ձիթենիների մոխրագույն տերեւների արանքից: Խղճուկ համրը մտածում էր, մտածում` ո՞վ գիտի ինչ տարօրինակ բաներ: Գուցե Ստելլինայի մասի՞ն: Գուցե Մոռոյի՞: Գուցե դեղին խրճիթի՞, անսասան կաղնու տակ, որտեղ մի ծեր կին մեն-մենակ հյուսում էր եւ զուր սպասում: Ո՞վ գիտի: Խոտի բուրմունքը նրան տալիս էր մի տեսակ գինովություն. ասես ծակծկոցներ էր զգում արյան մեջ, փոքր-ինչ սարսուռ, կրակի լեզուներ, որոնք բարձրանում էին մինչեւ գլուխը, եւ այնտեղ վառվում էին պատկերներ, փայլփլուն տեսիլքներ ու մի րոպեում անհետանում: Տեսե՞լ եք երբեւէ հնձած արտն այրվելիս: Ծղոտի կարճ թելերը, հենց որ նրանց է դիպչում բոցը, ցոլցլում են, կարմրին տալիս, գալարվում, շաչում, եւ այնտեղ մնում է ծույլ մոխիրը, մինչդեռ աչքը դեռ փնտրում է նրա կայծը: Նիննին հանգիստ շնչում էր, գլուխը մի փոքր ետ գցած: Տոտոն վերցրեց մի ծղոտիկ եւ խուտուտ տվեց նրա կոկորդը։ Աղջնակը, աչքերը փակ, շարժում արեց, ասես ճանճ էր քշում, եւ թեթեւակի հառաչեց: Համրը ետ էր քաշվել ու ծիծաղում էր` ձեռքը բերանին, որպեսզի ծիծաղը չլսվի: Ապա վեր կացավ, վազեց, ինչ-որ սպիտակ ծաղիկներ հավաքեց անդունդի եզրից, բերեց ու ցանեց նրա շուրջը: Այնուհետեւ խոնարհվեց Նիննիի վրա, այնքան, որ զգար նրա դեմքի ջերմ շունչը: Խոնարհվեց էլի, էլի, էլ ավելի, կամացուկ, ասես կախարդված, փակեց աչքերը եւ համբուրեց բերանը: Աղջնակն այդ հպումից ճիչ արձակեց ու արթնացավ, բայց այնտեղ տեսավ Տոտոյին` աչքերը դեռ փակ, դեմքը կարմրատակած, եւ ծիծաղեց։

- Գի´ժ,- ասաց իր նրբիկ ձայնով, որը երբեմն մանդոլինայի հնչյուններ ուներ: Հետո էլի մնացին այնտեղ` թավալվելու խոտերի վրա:

Նոյեմբերյան մի կիրակի, կեսօրին մոտ, Սան Ռոկկո կամարի տակ էին: Երկնքի բաց փիրուզից արեւը նուրբ շեկլիկ լույսով ողողում էր տները, իսկ այդ լույսի մեջ տոնական զանգերն էին ղողանջում: Ներքեւի ճանապարհներից էլ խառնաշփոթ աղմուկ էր գալիս, ասես անթիվ քանակի մեղուների փեթակից: Մենակ էին: Մի կողմից Գատտոյի ամայի փողոցն էր, մյուսից` հերկված դաշտերը: Տոտոն նայում էր բոսորագույն պատի ճեղքից դուրս կախված ծաղկուն պատատուկին:

- Արդեն ձմեռը գալիս է,-ասաց Նիննին մտահոգ՝ նայելով իր մերկ ոտքերին եւ գունաթափ ցնցոտիներին,- կգա ձյունը, ու ամեն ինչ կսպիտակի, իսկ մենք ո՛չ տուն ունենք, ո՛չ էլ կրակ... Քո մայրիկը մահացե՞լ է: Համրը կախեց գլուխը, մի րոպե հետո աշխուժորեն բարձրացրեց այն, աչքերն արդեն փայլփլում էին, ապա ցույց տվեց հեռավոր հորիզոնը:                   

- Չի՞ մահացել մայրդ: Քեզ սպասո՞ւմ  է:  

Տոտոն գլխով հաստատեց, ապա ուրիշ նշաններ արեց: Ուզում էր ասել. «Գնանք իմ տուն, այնտեղ է, լեռան ստորոտում: Կա ե՛ւ կրակ, ե՛ւ կաթ, ե՛ւ հաց: Քայլում էին, քայլում՝ կանգ առնելով տների մոտ, գյուղերում: Հաճախ տառապում էին քաղցից, հաճախ քնում բաց երկնքի տակ, սայլի տակ, ախոռի դռան մոտ: Նիննին տանջվում էր, ցրտից կապտել էր, աչքերը խամրել էին, շրթունքները` անարյուն, փոքրիկ ոտքերը` ուռած ու արյունաթաթախ: Տոտոն նրան նայելիս զգում էր, թե ներքուստ ինչպես էր տանջվում խղճահարությունից: Նրան էր հագցրել նաեւ իր ծակծկված ժակետը եւ ճանապարհի մեծ մասն էլ գրկած էր տանում: Մի երեկո, մղոնից ավելի անցնելուց հետո այլեւս տներ չկային. կար մի թզաչափ ձյուն գետնին եւ դեռ գալիս էր` խոշոր փաթիլներով, քամին էլ՝ հետը: Նիննիի ատամները կափկափում էին ջերմությունից ու ցրտից, փաթաթվել էր տղային օձի ձագուկի նման: Այդ կամացուկ հառաչանքները, որոնք թվում էին հոգեվարքի խռխռոցներ, կտրում-անցնում էին տղայի կուրծքը, ինչպես դաշույնի հարվածներ. խե՜ղճ Տոտո...                 

Բայց քայլում էր Տոտոն, քայլում՝ զգալով, թե ինչպես է բաբախում Նիննիի սիրտն իր սրտի վրա... Այնուհետ էլ ոչինչ չլսեց։ Աղջնակի փոքրիկ թեւիկները փաթաթվել էին նրա պարանոցի շուրջը` ամուր, ինչպես պողպատը, գլխիկը ճոճվում էր մի կողմի վրա: Տոտոն սուր ճիչ արձակեց, ասես իր զարկերակն էին կտրել: Ապա ավելի ուժգին սեղմեց այդ անշունչ մարմնիկը եւ գնաց, գնաց դեպի ցածրավայրի խորքը, փաթիլների պտտահողմի, ուժգին մրրիկի ոռնոցների միջով` կատաղած, քաղցած գայլի նման: Գնաց, գնաց, մինչեւ որ չփայտացան մկանները, մինչեւ որ երակները չընդարմացան ցրտից: Այդ ժամանակ էլ հենց ընկավ` կրծքին սեղմած փոքրիկ դիակը: Եվ նրանց իր տակն առավ ձյունը:

Իտալերենից թարգմանությունը` Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ