Մուկուչյանից գոնե մի դժգոհեք, անհարմար է

Մուկուչյանից գոնե մի դժգոհեք, անհարմար է

Արդեն առիթ ունեցել եմ ԿԸՀ-ի եւ անձամբ պարոն Մուկուչյանի ուշադրությունը հրավիրել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ 179 ներկայացուցիչների ներգրավվածության փաստի վրա՝ ընդգծելով, որ այն հանձնաժողովները, որտեղ կաշխատեն այդ մարդիկ, ռիսկային են արդարության տեսանկյունից: Վիճակը կարող էր ավելի վատ լինել, եթե հանձնաժողովներում ընդգրկված լինեին ՀԱԿ-ի բոլոր լիցենզավորված ներկայացուցիչները, որոնց թիվը, ըստ կոնգրեսական վիճակագիրների՝ 1285 է:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում իմ հարուստ աշխատանքային փորձից գիտեմ, թե ինչ է նշանակում ՀԱԿ ներկայացուցիչ ունենալ մի հանձնաժողովում, որ, չնայած իր կարճատեւ գործունեությանը, իրականացնում է շատ կարեւոր ու պատասխանատու առաքելություն, այն է՝ ապահովել քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ եւ անկաշկանդ իրացումը եւ ձայների արդար հաշվարկը: Ես շատ չեմ մանրամասնի, թե ինչու է դա այդպես, եւ կսահմանափակվեմ ասելով, որ ՀԱԿ-ն Աֆրիկայում էլ ՀԱԿ է եւ իր «կաշին» ու մարտավարությունը չի փոխում ոչ մի իրադրության մեջ: Աղմուկ-աղաղակ, հրմշտոց, զանազան սադրանքներ, մշտական բողոք, անհնազանդություն, ինքնաբուխ ուղղորդում, մշտական վեճ անվավեր կամ ոչ այնպես քվեարկված թերթիկների շուրջ՝ սրանք այն գործիքներն են, որոնց պաշարով հանձնաժողովներ են գալիս ՀԱԿ ներկայացուցիչները: Դրանք գործադրելու համար հատուկ պատճառներ պետք չեն: Մտքներին տեղ լինի՝ ինչպես ասում են:   

Հիմա կասեք՝ ի՞նչ ես կպել ՀԱԿ-ին, պոկ չես գալիս: Բացատրեմ: Պատճառները մի քանիսն են: Նախեւառաջ՝ հանրաքվեի «այո» ելքի մեջ ամենաշահագրգռված կողմը ՀԱԿ-ն է: Հասկանում եք, երեւի, մարդ ունեն ՍԴ նախագահ դարձնելու: Իմացանք, որ այդ երիտասարդը երկար ընդմիջումից հետո սկսել է աշխատանքի գնալ եւ հանձնել է ծառայողական ավտոմեքենան: Հետաքրքիր է, չէ՞, քանի աշխատանքի չէր գնում, ավտոմեքենան մոտն էր, սկսեց աշխատանքի գնալ՝ մեքենան հանձնեց: Դուք բան հասկանո՞ւմ եք… Իհարկե, սա աչք փակելու համար է միայն: Նա էլի առաջվա ծույլն է, մատը մատին չի տալիս, ոչ մի հանձնարարություն չի կատարում, մի խոսքով՝ ՀԱԿ-ի շկոլայի վառ ներկայացուցիչ: Եվ հիմա ՀԱԿ-ին շատ պետք է, որ այս անձին՝ անունը՝ Վահե Գրիգորյան, «այո» ասվի: Սա՝ մեկ: Երկրորդ․ ընտրակեղծիքների հիմնադիր Տեր-Պետրոսյանն ու իր «քաղաքական» թիմն ընդհուպ ողնաշարով են զգում, որ առանց կեղծիքների «Այո»-ն չի կարող հաղթել, մինչդեռ այդ գործի իրենց «վարպետներն» անողոքաբար դուրս են մնացել հանձնաժողովներից: Իրեն հարգող ՀԱԿ ոչ մի ղեկավար չէր կարող այսքանից հետո հանգիստ նստել թախտին ու սպասել բախտին… ՀԱԿ-ը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ եւ ինչքան կարող էր՝ փնովեց օրենքի տառի ոգով կազմավորված հանձնաժողովներին ու ընկեր Մուկուչյանին, թե բա՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում հիմնականում ընդգրկվել են «նախկինները», իսկ «Այո»-ի շատ տեղեր էլ տրամադրվել «Ոչ»-ի կողմնակիցների:

ՀԱԿ-ի այս հայտարարությունն էլ 3-րդ պատճառն էր, որ ինձ ստիպեց գրիչ վերցնել եւ արձանագրել այն փաստը, որ հայտարարության օրվա դրությամբ «Այո»-ի տեղերը լրացված էին ամբողջությամբ, իսկ «Ոչ»-ի տեղերը լրացնելու համար տակավին աշխատանքներ էին տարվում: Ըստ երեւույթին, ՀԱԿ-ի կռիվը հանձնաժողովների 3 «չեզոք» տեղի համար է, որոնք լրացվում են ընտրատարածքային հանձնաժողովների հայեցողությամբ: Հասկացանք, բայց մի՞թե դա կարող է ՀԱԿ-ին իրավունք տալ ԿԸՀ նախագահի մասին խոսելիս օգտագործել «տիգրանմուկուչյանների ընտրակեղծարարներ» բառակապակցությունը: Բա ո՞ւր մնաց ձեր ամոթ-աբուռը: Ծուռ նստենք՝ դուզ խոսենք, հա՞: 2012 թվին ո՞ւմ շնորհիվ մտաք խորհրդարան… Մուկուչյանի: Դուք չէի՞ք, որ լցվել էիք Օպերա, պահանջում էիք արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու հոխորտում, որ թույլ չեք տալու բանը հասնի հերթական ընտրությունների: Հետո ի՞նչ եղավ, հիշո՞ւմ եք: Հետո Սերժը փակեց տարածքի զուգարանները, եւ դուք գնացիք տուն, որ խելոք ներկայանայիք հերթական ընտրությունների: Թե բա՝ Մուկուչյանը թվանկարիչ ա, ընտրակեղծարար ա… Բա 2017 թվին, երբ խորհրդարան չանցաք, ինչո՞ւ չմեղադրեցիք Մուկուչյանին, չբողոքարկեցիք ընտրությունների արդյունքները: Ախ, այո, չէիք ուզում «մունդռել» Փաշինյանի մուտքը խորհրդարան: Փաշինյանն էլ, ի դեպ, շատ գոհ էր Մուկուչյանի 2017թ. աշխատանքից: Մուկուչյանը հրաշալի աշխատեց նաեւ 2018թ. Երեւանի, ինչպես նաեւ նույն թվականի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում: Ոչ մի բողոք: Այսինքն, հիմա այդ ի՞նչ է պատահել, որ հիշել եք Տիգրան Մուկուչյանի «մութ» անցյալը:

Այսպիսի խոսք կա՝ սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում: Փոխանակ ես բողոքեմ Մուկուչյանից, ՀԱԿ-ն է բողոքում: Մի բառ կար՝ էյֆորիա, որ շատ էր հոլովվում Երեւանի եւ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ: Ասում էին, իբր, ժողովուրդը, էյֆորիայի տակ, թե էյֆորիայի մեջ, գնաց ու ընտրեց հեղափոխականներին: Չեմ հավատում: Չեմ հավատում եւ վերջ: Սկզբում ուզում էի հավատալ, բայց այն, ինչ տեսել եմ իմ աչքով, ճիշտ հակառակի մասին է խոսում: Ոչ մի էյֆորիա էլ չի եղել, պարզապես ՀՀԿ-ի հարց լուծող ողջ ռեսուրսը Սերժ Սարգսյանի հրահանգով աշխատել է Փաշինյանի օգտին: Կարող եք գնդակահարել ինձ, բայց մինչ այդ համեցեք Երեւանի Ավան վարչական տարածք եւ ձեր աչքով տեսեք, թե ինչ է կատարվում Ավանում, որտեղ, իբր, Տարոն Մարգարյանին մերժած ժողովուրդն էյֆորիայի տակ ընտրեց Հայկ Մարությանին: Մուկուչյանի անբասիր աշխատանքը, իհարկե, աչք է շոյում, իսկ թե ինչից է, որ Ավանում շարունակում են աճել ու բարգավաճել, այսպես կոչված, «նախկինները», մնում է անբացատրելի: Մի խոսքով՝ շատ հետաքրքիր էյֆորիա է եղել Ավանում, մանավանդ՝ այդ վարչական շրջանում միշտ հաղթող ՀՀԿ-ի ու նրա ընտրազանգվածի գիտակցության մեջ:

Եվ ամփոփեմ: Եթե ոչ մի արտակարգ բան չպատահի, ապա մենք ապրիլի 5-ին կունենանք ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված պլեբիսցիդ, որի նպատակն է ՀՀ կառավարության համար անարգել գործելու նորանոր հնարավորություններ ընձեռելը: Հաղթեց «Այո՞»-ն՝ այդպես էլ կլինի: Հետագայում կազմավորվելիք ՍԴ-ն դե ֆակտո կդառնա կառավարության ենթակա մարմին եւ ԱԺ օրինակով կդակի կառավարության բոլոր որոշումներն ու կվավերացնի բոլոր միջազգային պայմանագրերը՝ դրանցից բխող բոլոր չարաբաստիկ հետեւանքներով: Սահմանադրության մեջ խայտառակ փոփոխություն կատարելու պլեբիսցիդի (հանրաքվեի) տեղամասային ընտրական հանձնաժողովներում 2-ական տեղ ունեն «Այո»-ն ու «Ոչ»-ը եւ 3 տեղ, այսպես կոչված՝ չեզոք շրջանակներից: Ստացվում է, որ 7 հոգանոց հանձնաժողովում «Ոչ»-ն ունի ընդամենը 2 ներկայացուցիչ, իսկ «Այո»-ն՝ 5, ներառյալ նաեւ ՀՀ իշխանությունների կողմից նշանակված «չեզոքները»: Այսուհանդերձ, «Ոչ»-ի ճամբարից ոչ ոք չի բողոքում, իսկ «Այո»-ի «եռյակ դաշինքը» («Իմ քայլը»-ՀԱԿ-«Հանրապետություն») պատեպատ է դիպչում, թե, հարայ, Մուկուչյանը «խաղեր է տալիս»: Ըստ երեւույթին՝ վախեցած են, որ «Այո»-ն չի անցնի (բուկլետ վերցնող չկա), եւ էս գլխից արդեն արդարացումներ են փնտրում: