Որտեղ ռուսական զորք կա՝ այնտեղ հայ կա, որտեղ թուրքական զորք կա՝ այնտեղ հայ չկա, սա ոչ ոք չի կարող հերքել

Որտեղ ռուսական զորք կա՝ այնտեղ հայ կա, որտեղ թուրքական զորք կա՝ այնտեղ հայ չկա, սա ոչ ոք չի կարող հերքել

Հայաստանի քաղաքական գունապնակը բավականին հետաքրքիր է։ Ունենք թե ռուսամետներ, որոնք մերժում են արևմտամետներին, թե արեւմտամետներ, որոնք ատում են ռուսամետներին։ Այս 2 խմբի մոտ հայկական պետականության, հայ ազգի շահի գիտակցումը երբեմն այնքան է ստորադասված, որ պատրաստ են զոհաբերել ամեն ինչ հանուն պաշտելի Ռուսաստանի կամ Արևմուտքի։ 

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն այս թեմայով ասում է, որ երբ պետություններն այլ երկրներում շահեր են ունենում, իրենք այդ երկրներում համապատասխան մարդկանց են հավաքագրում։ Դա կլինի գումարով, թե սիրով, թե մրցանակներ տալով, թե այլ միջոցներով՝ այլ հարց է։ «Բայց երբ որ մարդը հավաքագրված է, օրինակ, մենք դա հստակ կարող ենք ասել Արման Բաբաջանյանի մասին, քանի որ Վիկիլիքսի բացահայտումներով հստակ էր, որ նա հավաքագրված է, նրանք արդեն դառնում են այդ երկրների ռազմավարության էլեմենտները։ Ու կախված նրանից, թե այդ երկրներն ինչ շահեր են հետապնդում այդ երկրներում, նրանք ըստ այդ տակտիկաների, սկսում են գործել։ Հիմա նայում ենք սեղանին ինչ էր դրված․ մեզ մոտ ազգային շահը ենթադրում էր Արցախի պաշտպանություն և ռուսական զորքի տեղակայում Հայաստանում, քանի որ մենք չունեինք այն անվտանգության հնարավորությունը, որպեսզի Թուրքիայից ինքներս պաշտպանվեինք։ Ադրբեջանից կարողանում էինք, բայց Թուրքիայից ոչ։ Հիմա, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը հակամարտում են, իրենց խնդիրը ռուսական ազդեցությունը չեզոքացնելն է, հանել, վռնդելը։ Եվ դրա համար նրանց պետք էր ապազգային տարրերի, պարտվողականության, չկարողանալու սերմեր ցանել և աճեցնել, որպեսզի հասնեն հաջողության։ Եվ այդպիսով արևմտյան հավաքագրված անձինք իրենք առանձնապես անհանգստություն, մտահոգություն չունեն, Արցախը հանձնվեց, քանի հոգի մահացավ, որովհետև իրենք գործում են ի շահ, ասենք, Ջոն Սմիթի շահերի, որն ապրում է Ամերիկայում»,-ասաց Իշխանյանը։ 

Սակայն այս դասավորվածությունը կարող է փոխվել։ Օրինակ, սովետական միության տարիներին Արևմուտքի շահերից բխում էր, որ սովետի մեջ ազգային շահերը աճեցվեն, որպեսզի քանդեն Սովետական Միությունը, քանի որ անհնազանդություն ու ըմբոստություն միայն այդպես կարող էին արթնացնել։ Այդ ժամանակ նրանք արթնացնում էին ազգայինը և դա անշուշտ համընկնում էր մեր ինքնության հետ, սակայն գործում էր ընդդեմ Խորհրդային միության։ «Օրինակ Ուկրաինայի պարագայում իրենք նոր ինքնություն են ստեղծել՝ կրկին ազգայնական, ես կասեի ազգայնամոլ, որը սակայն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այսինքն, եթե իրենք այդ ազգայնամոլ, ֆաշիստական ինքնությամբ, պատկերացրեք մեր խզմալյանները լինեին այնտեղ, իրենք կլինեին շատ ռազմատենչ և այլն, և այլն։ Ու հիմա Հայաստանի պարագայում, կարող է իրավիճակ ստեղծվել մի 10-20 տարի հետո, որտեղ Արևմուտքը հակամարտության մեջ մտնի Թուրքիայի հետ ու Տիգրան Խզմալյանները հանկարծ կդառնան հակաթուրք, սկսեն ցույցեր կազմակերպել Թուրքիայի դեմ, այդ թվում նաև դասալիք, փաստաթղթերը կեղծած Արման Բաբաջանյանը, որը ընկերոջ փաստաթղթերը կեղծել ու թռել էր բանակից։ Օրինակ, ամերիկյան մեդիաներ կան Հայաստանում, որոնք լրատվամիջոցի անվան տակ քարոզչություն են անում, օրինակ, Ազատություն ռադիոկայանը շատ ակտիվ է։ Արցախի հանձնման ընթացքում իրենք անընդհատ հրավիրում էին հյուրերի, ինչպիսիք էին Ժիրայր Լիպարիտյանը կամ Թաթուլ Հակոբյանը, որպեսզի քարոզեն, որ հայերը ոչինչ չեն կարող անել։ Հայերը պետք է հանձնվեն, պետք է տալ այդ ամեն ինչը»,-հավելեց վերջինս։ 

Այս տեսակի արևմտամետները շատ լսելի են ու տեսանելի, որովհետև ունեն շատ փող և հայթայթում, գտնում են մասնագետներ ու նրանց աճեցնում են։ Նրանք ունեն լավ տեխնիկա, լավ մասնագետներ, վերապատրաստում են իրենց մասնագետներին, քարոզչական տեսակետից պրոֆեսիոնալիզմի առումով նրանց հասարակագիտությունն առաջնակարգ է ու այդտեղ առաջատար են՝ դրա համար էլ կարողանում են հավաքել մեծ լսարաններ ու աշխատել այդ լսարանների հետ։ «Ես ամերիկյան կրթությամբ եմ անցել, իրենք իսկապես աճեցնում են, պատրաստում են մասնագետներ՝ ինքնավստահություն, ինքնագնահատական են բարձրացնում, որովհետև նրանք իրենց պետական շահից ելնելով ուզում են, որ իրենց կողմից վերբովկա արվածը լինի լավագույնս պատրաստված մասնագետ, որպեսզի լավագույնս ծառայի իրենց շահերին»,-նկատեց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է ռուսամետներին, ապա այս պահին ռուսական ճամբարին ձեռնտու է, որպեսզի Հայաստանում ազգայնականությունն ավելի աճ գրանցի՝ դրա համար նրանք ավելի շատ այդ ուղղությամբ են անում իրենց շեշտադրումը։ Սակայն, պարտադիր չէր, որ այդպես լիներ, օրինակ, 1920 թվականին, երբ ռուսական կողմն ավելի հակված էր, որպեսզի Հայաստանն այլ կարգավիճակ ունենա՝ կարծում է ռեժիսորը։ Պատկերացրեք մի իրավիճակ ստեղծվի, որ Հայաստանը ստիպված է մտնել Ռուսաստանի կազմ, այդ ժամանակ Ռուսաստանի կողմից հավաքագրված անձինք լինելու են հակաանկախական։ ««Թե այն կողմից, թե այս կողմից, նրանց համար առաջնայինը մեր ինքնության շահը չէ։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այս պահին, այս իրավիճակում ռուսամետների, իրանամետների շահերը համընկնում են մեր շահերի հետ։ Կարող է հետագայում այդ ամեն ինչը փոփոխություններ կրի, բայց այս պահին այդպես է։ Բացի դրանից, մենք ավելի շատ ռուսական մշակույթով ենք իրար նման, քան, օրինակ, ասենք թուրքականին։ Ես չեմ ուզում ասել արևմտյանին, որովհետև արևմտյանը գոնե էլի ինչ-որ նմանություններ կան, բայց այն, որ՝ որտեղ ռուսական զորք կա՝ այնտեղ հայ կա և որտեղ թուրքական զորք կա՝ այնտեղ հայ չկա, վերացված է և ցեղասպանված է՝ դա ակնառու է, ոչ ոք չի կարող դա հերքել»,-եզրափակեց Հովհաննես Իշխանյանը։