Երիտասարդությունը մի անգամ որոշեց, տեսանք թե ինչ եղավ

Երիտասարդությունը մի անգամ որոշեց, տեսանք թե ինչ եղավ

Հոկտեմբերի 13-ին  «Կոնգրես» հյուրանոցում Վազգեն Մանուկյանի գլխավորած Հայ ազգային կոմիտեն ընդլայնված խորհրդակցություն էր անցկացրել, որին մասնակցել են մի քանի տասնյակ գործիչներ՝ կոմիտեի 5 անդամից բացի։ Չնայած նրան, որ այս պահին ընդդիմությունը որևէ նոր գործողության մասին չի հայտարարել և չի նշել, թե ինչ է ծրագրում առաջիկայում, սակայն այդ հանդիպման ընթացքում Վազգեն Մանուկյանը պնդել է, որ չեն դադարեցրել իրենց գործունեությունը։ Այսպես ասած,՝ ռեստարտ են ծրագրում։ Տարբեր առաջարկություններ են հնչել այդ հավաքի ժամանակ, աշխատանքային խումբ է կազմվել, որը պետք է մշակի դրանք եւ ներկայացնի կատարման: 

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը ևս ներկա է եղել այդ հանդիպմանը: Նա «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Վազգեն Մանուկյանը ցանկանում է նոր ձևաչափով, նոր ճանապարհային քարտեզով սկսել գործողություններ. «Ես ներկա եմ եղել, բայց միայն այդ հարցն է քննարկվել, որոշումներ չեն կայացվել այդ օրը: Ինչ վերաբերում է առաջարկություններին, որոնք ներկայացվել են կոմիտեին, դրանք տարբեր բնույթի են: Հիմնական նպատակն այս իշխանությունների վարքագծի գնահատման հետ է կապված և նույն իշխանությունից ազատվելու խնդիր է դրված: Առաջարկվել են շատ տարբեր ճանապարհներ: Ենթադրաբար, եկել են եզրակացության, որ կոմիտեն պետք է նոր կազմով հանդես գա՝ ընդլայնված, որ պետք է ժողովրդին առաջարկեն ժամանակավոր կառավարության կազմ և այլն»։

Սրապիոնյանի խոսքով` «Կոնգրես» հյուրանոցում ներկա են եղել հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ, վերլուծաբաններ։ Նա թվարկեց․ Լարիսա Ալավերդյան, Խոսրով Հարությունյան, Անդրանիկ Թևանյան, Հրանտ Բագրատյան, Հայկ Մամիջանյան և այլք: <Կային նաև մարդիկ, որոնց ես չեմ էլ ճանաչում: Թե երբ տեղի կունենա հաջորդ հավաքը՝ չգիտեմ: Կարծում եմ` առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան», - ասում է Սրապիոնյանը: Նա հստակ չի կարողանում ասել` ունի՞ արդյոք իշխանափոխություն անելու ներուժ և պոտենցիալ Վազգեն Մանուկյանը եւ նրա ղեկավարած Կոմիտեն, սակայն կարծում է, որ Մանուկյանն ունի հարուստ կենսափորձ, հմուտ վերլուծական միտք և ամենակարևորը` անկեղծ է.
«Ես չեմ կարող ասել` Վազգեն Մանուկյանը կարո՞ղ է հասարակությանը ոտքի հանել, բայց նա իսկապես շատ անհանսգտացած է: Նրան անուն դնել պետք չէ: Նա անկախ Հայաստանի, եթե սա կարելի է անկախ համարել, ակունքներում կանգնած գործիչ է, մեծ փորձությունների միջով է անցել: Նրա վրա քար նետելը շատ սխալ է: Վազգեն Մանուկյանի հանդեպ կան նեգատիվ տրամադրված մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են նրան վարկաբեկել, բայց Վազգեն Մանուկյանը, ինչպես մյուսները, որոնք ներկա էին այդ հավաքին, գրագետ են ու կիրթ, հայրենասեր են, նվիրված սեփական ազգին: Ծայրահեղությունների գիրկն ընկնել պետք չէ և պետք չէ ասել, թե երիտասարդությունն է որոշում: Երիտասարդությունը մի անգամ որոշեց, տեսանք թե ինչ եղավ: Կենսափորձն ու էներգիան պետք է միասին գործեն, եթե այդ միասնականությունը չլինի, չեմ կարծում, թե հաջողություն կլինի որևէ գործում: Ես խուսափում եմ ասել, թե այսօր ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև դա անգամ եփած հավերին է հայտնի, միայն կարող եմ ասել, որ ելքը միայն ամենատարբեր ճանապարհներով այս խունտայից ազատվելն ու երկիրը զրո կետից ստեղծելը», խոսքը եզրափակեց Սերժ Սրապիոնյանը: