Պարտության պատճառը երեք շարքայինների դավաճանությո՞ւնն էր

Պարտության պատճառը երեք շարքայինների դավաճանությո՞ւնն էր

Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց արցախցիների այսօրվա բողոքի ակցիան երևի կարելի է բնութագրել որպես «ձախորդփանոսյան»: Եթե, իհարկե, այն, ինչպես «Հրապարակ»-ն է հայտնում, կազմակերպված չլիներ վարչապետի պաշտոնից կառչած անձի կողմից: Կամ էլ նրա ենթակաների կողմից՝ դա էական չէ: Հայրենիքը կորցնելու առումով մարդիկ բողոքում են իրենց ճակատագիրը կիսած մեկ ուրիշիի դեմ: Որը կորստից ընդամենը 10 օր առաջ էր ստանձնել Արցախի նախագահի պաշտոնը: Երբ Իլհամն արդեն ադրբեջանական գրոհայիններով շրջապատել էր Արցախը և զորքեր տեղակայել ՀՀ արևելյան սահմանին: Թե ինչ պետք է աներ Սամվել Շահրամանյանը՝ երևի իրենք էլ չեն պատկերացնում: Չէ, կռվել կարող էին, և նույնիսկ կռվեցին՝ շրջապատման պարագայում մեկ օրում այն աշխարհն ուղարկելով թշնամուն 200 զինվորականի: Բայց այդ կռիվը խիստ անհավասար էր ու մի օր ավարտվելու էր Արցախի Պաշտպանության բանակի պարտությամբ ու քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներով:

Առանց Հայաստանի զինված ուժերի օժանդակության Արցախի ՊԲ-ն չէր կարող դիմակայել ադրբեջանական գրոհայիններին: Չնայած Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանի բանակով էլ Արցախը կհանձնվեր, քանի որ Արցախը Նիկոլի համար բեռ էր: Եվ նա իշխանության էր եկել Հայաստանն «արցախյան բեռից» ազատելու ծրագրով: Եվ երբ Սամվել Շահրամանյանն ասում է, որ սեպտեմբերի 21-ին իրենք ստորագրեցին կապիտուլյացիոն պայմանագիրը, որպեսզի փրկեն քաղաքացիական բնակչությանը, ապա դա, իրոք, այդպես է: Պատմությունից հայտնի է մեկ այլ նմանատիպ օրինակ. 1812 թ.-ին Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Ա-ն (բանակի գլխավոր հրամանատար Միխայիլ Կուտուզովի պատասխանատվությամբ) Նապոլեոն Բոնապարտին հանձնեց նախկին մայրաքաղաք Մոսկվան, որպեզի փրկի բանակը, որը հետո ջախջախեց ֆրանսիացիներին: Այնպես, որ Շահրամանյանին մեղադրողները թող առաջին հերթին մեղադրեն Նիկոլին: Եվ ոչ թե ընդամենը հիշեն, որ 3 տարի առաջ, ստորագրելով 44-օրյա պատերազմի ավարտի կապիտուլյացիոն պայմանագիրը, նույն խոսքերն ասել էր Փաշինյան Նիկոլը:

Մարդիկ պարտավոր են գիտակցել, որ նույն խոսքերի հետևում խիստ տարբեր պայմաններ էին առկա: Երկու շաբաթ առաջ իսրայելական բնակավայրերի ուղղությամբ Գազայի հատվածից պաղեստինյան 1200 զինյալների արտագրոհը մի կարևոր երևույթ բացահայտեց: Այն, որ նույնիսկ աշխարհի 18-րդ հզորագույն բանակը կարող էր ընկնել ուղղակի խեղճացված վիճակի մեջ, ինչը պահպանվեց մի քանի օր: Իսկ հայկական բանակի զինվորների ոգին պակաս չէր պաղեստինյան զինյալներից՝ եթե ավելին չէր: Բայց 44-օրյա պատերազմում հայկական բանակը պետք է պարտվեր՝ այդպիսին էր ծրագիրը, իսկ պարտության մեղքն էլ պետք է բարդվեր «դավաճան զինվորականների» վրա: Դավաճան գեներալների, դավաճան գնդապետների և վերջապես՝ դավաճան զինվորների վրա: Ինչպես, օրինակ, պարտադիր ժամկետային երեք զինծառայողների՝ շարքային Վ.Հ-ի և շարքայիններ Ա.Պ.-ի և Ա.Ե.-ի դեպքում: Որոնք, ըստ դատախազության հաղորդագրության, 44-օրյա պատերազմի օրերից մեկում հրաժարվել են կատարել զինվորական ծառայության պարտականությունները: Եվ որոնց նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին (Վ.Հ.-ի) և 23-ին (Ա.Պ.-ի և Ա.Ե.-ի) հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ: