Նիսյա խաղադրույք ընդունողին, գուշակեք  ո՞վ է հեղինակը

Նիսյա խաղադրույք ընդունողին, գուշակեք  ո՞վ է հեղինակը

7-րդ գումարման Ազգային ժողովում մի չտեսնված, չլսված, բառիս բուն իմաստով՝ աննախադեպ ու դարակազմիկ  լինելու հավակնություններով օրենքի նախագիծ է շրջանառության դրվել։ Ինչպես ամեն հանճարեղ բան, այն պարզ է, ընդամենը մի քանի տող։ Եվ այսպես․«Քրեականացնել պարտքով (ՆԻՍԻԱ) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք 000.000 դրամի չափով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաև հեռախոսազանգո խաղադրույք կատարելը, ինչպես նաև՝ «Դու խաղադրույքն ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը»: Նախագծից մեջբերված որևէ խմբագրման չի ենթարկվել՝ ողջ կոլորիտը պահպանելու համար, ամեն ինչ ներկայացվել է այնպես, ինչպես մտահղացել է հեղինակը։ Իսկ թե ո՞վ է նա, մնում է միայն գուշակել։ Իհարկե, նույն ինքը՝  Բաղրամյան 26  հասցեում  էկզոտիկ արտաքինի տեր աղջիկների համար էքսկուրսիաների կազմակերպող Հայկ Սարգսյանը։ Մարդ, որ դատական հայցեր է ներկայացնում լրատվամիջոցի դեմ իրեն «շիշ բռնող» անվանելու համար, թեպետ համացանցը պահպանում է Հայկ Սարգսյանի «ախրաննիկության» շրջանից բազմաթիվ կադրեր։

Նշենք, որ այս նախագծի մասին տեղեկանում ենք ԱԺ փորձագետ Ինեսսա Վարդանյանից, ով այս նախագծի գոյության մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան գրառմամբ՝#դեղերս #բերեք #գուշակիր #պատգամավորին #դուխաղադրույքըընդունի5րոպեիցկբերեմ հեշթեգեով։

Նա ամենայն լրջությամբ գրում է, որ սա խաղարկում կամ թաքնված տեսախցիկ չէ, այլ հայրենի խորհրդարանի պատգամավորի օրենդրական նախաձեռնություն։«Ասածս ինչ ա ... շուտով զանգելուց չասեք 5 րոպեից կբերեմ, ասեք 4 րոպեից, 6 րոպեից, բայց ոչ երբեք 5 րոպեից... թե չէ կստացվի «Ինչի համար ես նստա՞ծ» «Դու խաղադրույքը ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտահայտության համար․․»,-գրել է փորձագետը։
Ինչևէ, կազինո մտնելու համար Հայկ Սարգսյանը նաև առաջարկում է սահմանել  տարեկան տուրք  x գումարի չափով, որը պարտավոր է վճարել տարեկան մեկ անգամ և որը նրան հնարավորություն կտա կազինո մուտք գործել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը։ Այդ սահմանափակումը չի տարածվում օտարերկրացիների վրա տուրիզմին չվնասելու նպատակով։ Թող օտարերկրածները տապակվեն իրենց արատներում ու խաղատնային ճիրաններում ու  զարգացնեն հայկական տուրիզմը։ Հեղինակը այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացատրել է այպես․«Այս քայլով մենք խաղատների ճիրաններից կազատենք օրավարձով և ցածր վարձատրությամբ աշխատող քաղաքացիներին»։ԱԺ փորձագետ Ինեսսա Վարդյանը նշում է․«Ավելի եմ համոզվում, որ ԱԺ փորձագետին աշխատանքի վնասակարության համար անվճար կաթ պետք է տրվի…»

Ինեսսայի ընկերները նրան մաղթել են․ «Ին ջան, քեզ՝ համբերություն»։ Մեկն էլ՝ ավելի հոռետեսը՝ Ելք չկա։ Կան նաև խորհուրդ տվողներ, որ Ինեսսան եզրակացության փորձագիտական եզրակացության վերջում իր կողմից գրի՝ Ակունք իմաստնության։Փորձագետի ընկերներից մի մասն էլ, հակառակը, նրան մխիթարում են՝ մարդը լավ գործ է ուզեցել անել, նպատակը՝ բարի։«Պռոստը մարդը իրավաբանորեն չի կարողացել դրան ձևակերպում տա, միտքը գրել ա, որ դուք իրավական տերմինաբանությամբ սարքեք օրենքի մեջ, ինքը առաջարկել ա, ու վստահ եմ իրավագիտության հետ կապ չունեցող անձ ա... եթե ունեցող ա ու սենց ա ձևակերպել, էդ արդեն լուրջ ա))) աչքիս տպավորված ա եվրոպական ու ԱՄՆ նահանգային օրենքներից՝ ասենք առյուծի հետ թատրոն չգնալ և այլն... »,-գրել է Ինեսսային մխիթարող մի օգտատեր։

Հ․Գ․Զրուցեցինք նաև Ինեսսա Վարդանյանի հետ, հետաքրքվեցինք՝ այս գրառումից հետո որևէ տհաճ խոսակցություն չի՞ ունեցել Հայկ Սարգսյանի կամ ԱԺ ախատակազմի ղեկավար կազմի։ Ինեսսան ասաց․«Մեզ մոտ նման բան տեղի չի ունենում, յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը և չեմ կարծում, որ կարծիքի համար այսօր կարելի է ինչ-որ մեկին նկատողություն տալ»,-ասաց նա։ Հարցրեցինք նաև՝ ի՞նչ բացասակա՞ն եզրակացություն է ներկայացրել։ Ինեսսան ասաց, որ փորձագետները նման եզրակացություն չեն տալիս, այն տալիս է, ավելի ճիշտ՝ կարծիք է արտահայտում իրավաբանական վարչությունը, որը նշում է՝ իրավական ակտերի առումով խնդիր կա՞, թե ոչ։