Ինչու՞ են կոչել Օմեգա ծածկանունով․․․

Ինչու՞ են կոչել Օմեգա ծածկանունով․․․

Երեք տարի առաջ Արարատ Միրզոյանի վերաբերյալ մի փաստաթուղթ հրապարակվեց, որ նա գործակալ է։ Հրապարակողը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն էր։ Փաստաթուղթը ստորագրված է 07.11.2007թ. ամսաթվով: Նշված էր նաև Արարատ Միրզոյանի գործակալական ծածկանունը՝ Օմեգա: Արարատ Միրզոյանը սկզբում հերքեց, ապա սպառնաց Միքայել Մինասյանին, հետո նրան սպառնաց ու հերքեց ԱԱԾ-ն, հետո Արարատը Միրզոյանը հրաժարվեց խոսել թեմայի վերաբերյալ, իսկ 6 ամիս անց ընդունեց իր գործակալ լինելը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է․ «Ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը, և սա է ամբողջը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի»։

Թե ինչ եղավ այդ գործի հետ, ոչ ոք անգամ չի հիշում, իրադարձություններին ու դեպքերին զուգընթաց կրկին կակտիվանա այդ թեման, որովհետև «շոշափելի է դառնում» Օմեգա ծածկանունը։ Նախկին ու ներկա  իշխանության օրոք շատ պաշտոնյաներ  մականուններ են ունեցել։ Երբ նախկին պաշտոնյաներին հարցրել են, թե ինչու՞ են իրենց այդ մականունով անվանել, չեն վիրավորվել, հանգիստ բացատրել են։ Ներկա պաշտոնյաների մականունների պատճառը հարցնելը մի տեսակ վիրավորական կթվա, որովհետև նրանց մականուններ են տվել՝ ըստ ծառայության։  

Արարատ Միրզոյանը ինքը հրապարակել էր փաստաթուղթ,  որտեղ իր ծածկանունը եղել էր Օմեգա։ Ելնելով վերոգրյալ հրապարակումից, այսօր, երբ օղակը սեղմվում է Հայաստանի շուրջ ու վերջը շատ պարզ երևում է, գուցե տեղին լինի հարցնել՝ ինչո՞ւ են քեզ կոչել Օմեգա ծածկանունով։ Դա օպերատիվ ծածկանուն է ու հենց այնպես չի տրվել։ Յուրաքանչյուր մականուն ու ծածկանուն իր իմաստն ունի, այսօր ավելի քան բացվում են Օմեգա կոչվելու բոլոր հիմքերը։ Գուցե խոսքը վերջի՞  մասին է։ Ալֆա և Օմեգա (ΑΩ, Αω, αω) -դասական հունական այբուբենի առաջին և վերջին տառերի համադրությունն է, որը նշանակում է սկիզբ ու վերջ։ Արարատը Հիսուսը չէ, որ ասի՝ Ես եմ Ալֆան եւ Օմեգան [սկիզբը եւ վերջը], նա, որ է եւ որ էր եւ որ գալու է Ամենակալը։ 

Կարծում եմ հայ ժողովրդին ևս կհետաքրքրի, թե ինչո՞ւ է նա կնքվել գործակալական Օմեգա ծածկանունով, չէ՞ որ արտաքին գործերի նախարարի դերակատարությունը պետականության պահպանման  գործում առաջնային է և բանակցությունների կիզակետում նա է փողփողում։ Առավել ևս այս ֆոնին, երբ յուրաքանչյուր հայ մարդ, տեսնելով հանձնման ակտիվ գործընթացը, ասում է՝ սա վերջն է կամ վերջից հինգ պակաս։