Ոչ իշխանական ուժերը կարող են 2023-ին վերցնել Երեվանը, եթե հիշեն ցախավելի առակը

Ոչ իշխանական ուժերը կարող են 2023-ին վերցնել Երեվանը, եթե հիշեն ցախավելի առակը

Նախ՝ ցախավելի առակը

Մի մարդ յոթ զավակ է ունենում, յոթն էլ՝ կռվարար, անհանդուրժող, միմյանց հետ անհաշտ: Մի օր հայրը կանչում է բոլորին ու ասում.
- Տեսնո՞ւմ եք այս ավելը: Ձեզնից ո՞վ կարող է այն ձեռքով կոտրել:
Ու տալիս է նրանց մի հաստ ավել: Տղաներից ամեն մեկը փորձում է, չարչարվում է, բայց ոչինչ չի ստացվում. ցախավելը շատ ամուր է լինում:

Այդ ժամանակ հայրը բացում է ավելի կապն ու միջի բարակ ճյուղերը տալիս տղաներին՝ ասելով.
- Իսկ այսպես առանձին կարո՞ղ եք կոտրել:
Զավակները հեշտությամբ կոտրատում են ավելի ճյուղերը:
Ու հայրն ասում է նրանց.
- Նայեք, որդիներս, դուք էլ այս ավելի նման եք. քանի դեռ միասին եք, ամուր եք, ու ոչ ոք ձեզ չի կարող կոտրել, իսկ երբ առանձին եք, ամեն մեկդ մի բարակ ճյուղ եք՝ հեշտ հաղթահարվող եւ պարտվող եք:

Հիմա՝ մեր իրականությունը

2018-ի աշնանը, երբ դեռ չգիտեինք, որ թավշյա իշխանությունը պիտի պարտությամբ հպարտանա, Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ: Դարձավ՝ ասելով․ «Մեր դեմ խաղ չկա»: Դարձավ, ըստ օրենքի, հինգ տարով, բայց երեք տարի անց իր թիմակիցները, օրենքի շրջանակներում, նրան հեռացրին ու բերեցին մեկ ուրիշին: Երեւանի քաղաքապետի հերթական ընտրությունը 2023 թվականին է, բայց պարտությամբ հպարտներն արդեն հայտարարել են, որ այդ ընտրությանը քաղաքապետի իրենց թեկնածուն գործող քաղաքապետը չէ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Ոչ թավշյա ուժերն այս հարցում դեռ բան չեն ասել: Սակայն նրանք շատ հանգիստ կարող են Երեւանը թավշազերծել: Եթե կամենան: 

Ահա` պարզ թվաբանություն

2018-ի սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ, մայրաքաղաքում կար 848 հազար 346 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 370 հազար 368 ընտրող, «Իմ քայլը» ստացավ 294 092 ձայն կամ քվեների 81,05 տոկոսը, ու, համաձայն «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Իմ քայլի» ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը ճանաչվեց օրենքի ուժով ընտրված քաղաքապետ:

2021 թվականի հունիսի 20-ին՝ ԱԺ արտահերթ ընտրության ժամանակ, Երեւանում կար 859 հազար 490 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 443 հազար 218-ը: «Իմ քայլի» իրավահաջորդ եւ կորիզ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ 181 հազար 180 ձայն կամ քվեների 53,91 տոկոսը: Ներկայացված բոլոր թվերը վերցրել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
Ուրեմն երեք տարում Երեւանում աճել է ընտրողների թիվը (մոտ 11 հազարով), աճել է քվեարկության մասնակիցների թիվը (մոտ 73 հազարով), իսկ իշխող ուժի ստացած քվեները պակասել են ավելի քան 110 հազարով: 

Քաղաքական պայքարն ու զարգացումները պարզ թվաբանություն չեն, իհարկե, Երեւանի ավագանու եւ ԱԺ ընտրությունները տարբեր մակարդակների հարցեր են, բայց պաշտոնական թվերով ներկայացված այս պարզ թվաբանությունը նշանակում է, որ պարտությամբ հպարտներին շատ հեշտությամբ կարելի է հաղթել Երեւանի ավագանու 2023 թվականի հերթական ընտրություններում, եթե հիշեն ցախավելի առակը:

Երեք տարում՝ 2018-2021 թթ․, պարտությամբ հպարտները կորցրել են 110 հազար ձայն կամ տարեկան մոտ 37 հազար ձայն: Եթե այս վիճակը պահպանվի, 2023-ին կորցրած կլինեն եւս 2 x 37 000 = 74 000 ձայն ու կունենան 181 180 - 74 000 = 107 108 ձայն: Եթե ոչ իշխանական ուժերը՝ ընդդիմադիր դաշտը, պատկերավոր ասած, քաղաքական ցախավել ձեւավորեն, մարդկանց ոգեւորեն ու ընդդիմադիր հայացքներով երեւանցիներին համոզեն մասնակցել քվեարկությանը, ապա այլընտրանքային թեկնածուի հաղթանակն ապահովված է: Իհարկե, կարեւոր է նաեւ այդ թեկնածուի անձը։ Մնում է չմոռանան ցախավելի առակը: Իսկ ես չմոռանամ հիշեցնել, որ ցախավելի մեջ չկան առաջին, երկրորդ, երրորդ ճյուղեր: Բոլորը հավասար են, բոլորով մեկ կարեւոր գործ են անում՝ մաքրում են աղբը:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ