Հակակոռուպցիոն տենդենցիոնիզմի առանձնահատկությունները
Անցյալ օրը հակակոռուպցիոն մարմինը, իսկ ես կասեի՝ Նիկոլի պասով Սասուն Խաչատրյանը, մի հայտարարություն էր տարածել, որ ինձ խիստ տենդենցիոզ թվաց: Այդ Սասուն Խաչատրյանը գրել էր. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մի շարք դեպքեր»: Մտածեցի՝ սա ի՞նչ խայտառակ հարձակում է ՀՀ ազգային ոստիկանության վրա: Եվ, առհասարակ, ինչո՞ւ այս «աղմկահարույց» տեղեկությունը տարածվեց Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա նռնակներով հարձակումից ընդամենը երկու օր անց: Այս գործում հաստատ մի բան այն չէ: Նույնիսկ տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Խաչատրյանը «բոչկա են գլորում» ՆԳ նախարար Վահե Ղազարյանի վրա:
Ես չեմ ասում, որ Վահե Ղազարյանի գլխավորած համակարգում կաշառք վերցնող չկա: Ինձ ավելի շատ կասկածելի է թվում այն, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած հիմնարկում այդպիսիք չկան, ու Սասուն Խաչատրյանը միշտ բռնողի, ձերբակալողի, կալանավորողի դերում է: Բայց, ինչ է, հակակոռուպցիոն մարմնում ոչ ոք կողմնակի եկամուտ չունի՞: Ինչո՞ւ մենք ոչինչ չգիտենք Հակակոռուպցիոն կոմիտեի որեւէ աշխատակցի կաշառակերության մասին: Սո՞ւրբ են, թե՞ Նիկոլն ու Սասունն են ամեն ինչ անում, որ հակակոռուպցիոն մարմինը միշտ մաքուր տեսք ունենա:
Ի՞նչ տենդենցի մասին է խոսքը, կհարցնեք, մի՞թե վատ է, որ Նիկոլ Փաշինյանը չի խնայում անգամ իրեն հլու-հնազանդ ծառայող ոստիկաններին: Ինձ ճիշտ հասկացեք, Նիկոլ Փաշինյանը լավ է անում, որ կաշառակեր ոստիկաններին ջրի երես է հանում, բայց ինչո՞ւ է դա անում Սասուն Խաչատրյանի հետ ձեռք-ձեռքի տված: Ինչո՞ւ է այդ զույգն այս պահին ամեն ինչ անում ոստիկանությանը վարկաբեկելու համար: Թե բա՝ հայ բուդուր, ոստիկանները կաշառք են վերցրել: Ո՞վ չգիտի, որ ոստիկանը կաշառք վերցնելու համար է: Բայց մյուս կողմից էլ քար լռություն է այն մասին, թե քանի կաշառակեր ոստիկան է մնացել իր տեղում՝ հակակոռուպցիոն մարմնին կամ նույն ոստիկանության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը կաշառք տալու շնորհիվ: Մի խոսքով՝ ես չեմ կարող բացառել, որ կաշառակեր ոստիկանների դեմ այս պայքարը ոչ այնքան այդ ոստիկանների դեմ է, որքան ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, եւ միտում ունի (այսինքն՝ տենդենց) ՆԳ նախարարին հասկացնելու, թե ինչեր կարող են տեղի ունենալ, եթե նրա ղեկավարած կառույցը կամ կառույցի առանձին ներկայացուցիչներ մտքներով անցկացնեն խուսափել Փաշինյանին անհարկի ծառայելու պատասխանատվությունից: Նիկոլը Սասունի հետ կգա ու կբռնի բոլորին: Չի խնայի նույնիսկ իր դասընկեր Վահե Ղազարյանին: Հասկացա՞ք:
Ովքե՞ր էին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա «հարձակում» ձեռնարկած երեք քաղաքացիները, եւ ինչո՞ւ էին նրանք ոստիկաններին մեղադրում Փաշինյանի ռեժիմին սատարելու մեջ: Ասել, որ նրանցից մեկը «Սասնա ծռերից» է, նշանակում է՝ ոչինչ չասել եւ խճճել հետքերը, որպեսզի դրանք մեզ չհասցնեն այդ գործողության բուն կազմակերպիչների մոտ: Իսկ որ այս գործում կազմակերպիչ կամ կազմակերպիչներ կան՝ ես վստահ եմ: «Ահաբեկիչների» ձեռագիրը նիկոլ-սասունական է, այսինքն՝ փնթի եւ տենդենցիոզ: Գնացեք, էդ ոստիկաններին վախեցրեք ու հասկացրեք, որ իրենք ծառայում են իշխանություններին եւ պատասխան են տալու դրա համար: Ու տեսեք, թե դրանով միանգամից քանի հարց է ուզում լուծել Նիկոլը:
1. Ալիեւին հասկացնել, որ չափավորի ախորժակը եւ ավելին չպահանջի, այլապես Հայաստանում կրքեր են բորբոքվում:
2. Արեւմուտքին հասկացնել, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կարող են դաժան հաշվեհարդար տեսնել իրենց դրածո իշխանությունների հետ, եթե Արեւմուտքը թուլացնի իր աջակցությունն այդ իշխանություններին:
3. Ավլած ուղեղով ՀՀ քաղաքացիների մեջ խղճահարություն առաջացնել իր նկատմամբ:
4. Ռուսաստանին ցույց տալ, որ ՀՀ իշխանություններն այնքան էլ արեւմտամետ չեն, քանզի «ահաբեկչության» մասնակիցներից մեկը «Սասնա ծռեր» կազմակերպությունից է, իսկ այդ կազմակերպությունն արեւմտասորոսական է:
Անձամբ ես մեր ոստիկանների կողմից եմ: Կաշառակեր են, բռի են, անհասկացող են, ինչ են՝ նրանք մեր ոստիկաններն են ու մի գեղեցիկ օր կդադարեն այդպիսին լինելուց: Իմ մտահոգության առարկան Նիկոլ-Սասուն զույգն է, որն իր բնույթը երբեք չի փոխելու, քանի դեռ Փաշինյանը կլինի վարչապետ, իսկ Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
ՀԳ. Պարոն Վահե Ղազարյան, չլինեմ, չիմանամ՝ ոստիկաններին նեղացնես կամ արգելես սրանից հետո իրենց «հոբբիով» զբաղվել: Նիկոլն ու Սասուն Խաչատրյանը որ մտքներին դնեն, ՆԳ նախարարից սկսած մինչեւ վերջին սերժանտին համազգեստի միջից կհանեն: Ու մինչեւ ոստիկանը փորձի բացատրել, որ ինքն ուղտ չի, ոչխարը սարն անց կկենա:
Կարծիքներ