Փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատրյանների գործի նախնական դատալսումն էր (տեսանյութ)

Փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատրյանների գործի նախնական դատալսումն էր (տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանի, բանկերից մեկի վարորդ Աշոտ Պապիկյանի վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումը։ Քրեական գործը վերաբերում է փողերի լվացմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացմանն օժանդակելուն։ Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց՝ հետաձգել դատական նիստը, եւ պարտավորեցնել դատախազին մեղադրական եզրակացությունը կազմել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներով։ 

«Նոր քրեական դատավարության օրենսգրքով հստակեցված է` մեղադրական եզրակացության մեջ երկու կարեւոր հանգամանք կա՝ քրեական վարույթ նախաձեռնելու առիթի եւ հիմքի մասին նշումն է, մյուսը, երբ պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում փաստարկներ է ներկայացնում, որը հերքում է մեղադրանքը, մեղադրանքի կողմը պարտավոր է դրանք ստուգել․ եթե պարզվի, որ մենք ճիշտ ենք՝ գնահատական տա, եթե պարզվի՝ սխալ ենք, մեղադրական եզրակացություն գրի»,-ասաց փաստաբանը։ 

Սարգսյանը պնդում է՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր են ներկայացվել, բայց դրանցից որեւէ մեկը ոչ միայն չի հերքվել, այլեւ մեղադրական եզրակացության մեջ չի նշվել։ Այլ կերպ ասած՝ մեղադրական եզրակացության մեջ չի արձանագրվել հօգուտ մեղադրյալների փաստերը։ Քրեական գործի հարուցման հիմքն ու առիթը մեղադրող կողմը չի գրել, փաստաբանը պնդում է՝ սա կարեւոր է, որ պարզվի՝ գործն օրինական է թե ոչ։

Դատավոր Տիգրան Դավթյանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ նշելով, որ դա այս փուլում քննարկման առարկա չէ, այն վերաբերում է վարույթի օրինականությանը։ Երեմ Սարգսյանն առարկեց դատավորի որոշման դեմ, հայտարարելով՝ ի սկզբանե դատաքննությունն անարդար է ընթանում։ 

«Խնդիրն այն չէ՝ դատարանը կբավարարեր միջնորդությունը, թե ոչ, մենք ուղղակի ձգտում էինք դրան, բայց նույնիսկ մերժումներն ինքնին հանգեցնում են արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտման, հետագայում այս ամբողջ պրոցեսը դառնալու է ապօրինի»,-նշեց փաստաբանը։

Չնայած պաշտպան Երեմ Սարգսյանն արձանագրեց դատարանի եւ մեղադրող դատախազի անաչառության հարցը, սակայն բացարկի միջնորդություն ներկայացրեց միայն հանրային մեղադրող Արմեն Գևորգյանին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը։ Փաստաբանը հիշեցրեց, որ դատախազը չի վերացրել խախտումները, ավելին, նախաքննության ավարտից հետո 57 հատոր նյութերին ծանոթանալու համար տրվել էր 10 օր ժամանակ։ Դատարանն ընդունեց, որ իրապես 10 օր ժամանակը քիչ է, բայց դրանում չտեսավ դատախազի ակողմնակալությունը, ուստի՝ մերժեց Սարգսյանի միջնորդությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։