Նախկին պատգամավորին մեղադրում են խոշտանգման, ունեցվածքը խլելու, իրենց բերդ գցելու համար

Նախկին պատգամավորին մեղադրում են խոշտանգման, ունեցվածքը խլելու, իրենց բերդ գցելու համար
Խաչիկ Մանուկյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի դեմ նոր սկանդալ է հասունանում։ Նրա նախկին աշխատակիցները մեղադրում են իրենց սպառնալու, խոշտանգման ենթարկելու, ունեցվածքը խլելու մեջ։ Թեպետ դեպքերից անցել է 10 տարի, սակայն նրանք պահանջում են գործը վերաբացել, իրենց պատճառած վնասը վերականգնել։

Արամ Պետրոսյանը, որն աշխատել է Մանուկյանին պատկանող «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում, պատմում է․ «Աշխատել եմ երկար ժամանակ, իրենք ինձ մեծ գումար են պարտք եղել՝ 129 միլիոն դրամ։ Ես մեքենաներ էի աշխատեցնում՝ բեռնատարներ։ Իրենց մոտ աշխատել եմ 2003 թվից մինչեւ 2009 թիվը։ Ես իրենց մոտ կրեդիտով եմ աշխատել։ Տնօրենը՝ Եփրեմյան Արթուրը, եկավ-ասաց, որ հարկայինից են գալու, պայմանագիր ձեւակերպենք՝ սուտ, որ մենք քեզ 190 միլիոն կրեդիտ ենք տվել։ Ասաց՝ հետո կճղենք-կգցենք։ Համաձայնության եկա, պայմանագիր գրեցինք, անցավ մի 10-15 օր, հետո ինձ զանգեց Արթուրը, ասաց՝ Խաչիկ Մանուկյանը կանչում ա։ Գնացի օֆիս, էդ ընթացքում տնօրենը պահեստապետի հետ «կամազ»-ներն ավել բեռով բարձում էին անում, ամեն ինչ կազմակերպած անում էին, որ բռնեն։ Ես նստած էի, մեկ էլ 6-րդ վարչությունից մտան ներս, ինձ բռնեցին, ստուգեցին։ Ինձ տարան մի սենյակ, ձեռնաշղթա գցեցին։ Անցնում ա մի ժամ, երկու ժամ, վեցերորդ բաժնի տղերքն էդտեղ նստած են, հետո տանում են Խաչիկ Մանուկյանի կաբինետ, էն կողմից Մհեր Բագրատյանը, որը բաժնետեր ա, թիկնապահները հարձակվում են, սկսում են խփել։ Ասում են՝ ասա, ասում եմ՝ ի՞նչ ասեմ։ Շատ տփելուց հետո ատամներդ պոկվում-ընկնում են։ Էդտեղից ինձ տարան 6-րդ վարչություն, գրանցում էլ չարեցին։ 1-2 օր էնտեղ էլ պահեցին»։

Նրա խոսքով՝ իրեն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի յուրացման հատկանիշներով, այնուհետեւ Խաչիկ Մանուկյանի հրահանգով իր ունեցվածքը տվել է եւ կալանքից ազատ արձակվել․ «Մեզ որ տարան բերդ, քննիչը՝ Հակոբյան  Էդիկը, եկավ, թուղթ դրեց, ասաց՝ իրենց պայմանն էս ա՝ խանութդ կտաս, փողերդ կտաս, ավտոներդ կտաս, բերդից կհանեն։ Տենց նորից մեզ տարան «Լուսակերտ»՝ փորձաքննության, կանչեցին առանձին կաբինետ, ասացին՝ էս ա մեր ուզածը, բերդից դուրս կհելնես։ Ասի՝ կտամ, ճար չկա։ Ինձ 5 տարի պայմանական են տվել։ Մեզնից տարան 1,5 միլիոն դոլար»։

Սարգիս Սարգսյանը «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում աշխատել է որպես պահեստապետ։ Նշում է, որ իր դուրս գալուց 6 ամիս անց կանչել են իրեն, ասել պակասորդի մասին, ծեծի ենթարկել եւ ստիպել խոստովանական ցուցմունք տալ։ Նրան եւս մեղադրանք է առաջադրվել յուրացման համար, դատապարտվել է 5 տարի ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվել։ «Խաչիկն իր մարդուն բերեց, հետո ես պահեստը հանձնել եմ դրան, սաղ կշռել-հանձնել եմ իրենց։ Անցել ա 6 ամիս, Արթուրը կանչել ա, եկել եմ օֆիս, տենամ մթնոլորտն էն չի, հեռախոսս ձեռիցս վերցրին ու տարան Բագրատյան Մհերի կաբինետը, սկսեցին հարձակվել, ծեծուջարդ՝ Մանուկյանը, Բագրատյանը, Բագրատյանի ախրաննիկները։ Ասում ա՝ տեղյա՞կ ես, որ ավտոները բարձած հանել են, 15 տոննա գռուզը 5 տոննա են գրել, ասում եմ՝ ի՞նչ ավտո, ես ստեղ չեմ աշխատում, իմ ի՞նչ գործն ա, իրենք արդեն սարքել էին։ Ես վեց ամիս չեմ աշխատել էնտեղ։ Ասում ա՝ դու էլ ես էդպես արել ժամանակին, ասում եմ՝ ես կշռել-հանձնել եմ քո ամենամտերիմ Արամ կոչեցյալին։ Ու տենց շարունակ ծեծուջարդ, ասում են՝ փող պիտի բերես։ Առավոտ տանում էին 6-րդ վարչություն, գիշերը Խաչիկի թիկնապահները տանում էին օֆիս, տենց՝ 3 սուտկա։ Ասում էին՝ գրի, որ 550 տոննա կուկուռուզի պակաս ունես։ Էնքան ծեծեցին, որ ողնաշարս վիրահատեցի։ Ախպերս 13 հազար դոլար ճարել-բերել ա, տվել եմ իրենց։ 3-րդ օրը 6-րդ բաժնում գրեցի։ Սպանում էին, բա ի՞նչ անեի»։

Այս քրեական գործով անցել է նաեւ  վարորդ  Սենիկ Ավետիսյանը, որն աշխատել է ընկերության հետ, եւս դատապարտվել է, եւ պայմանականորեն պատիժը չի կիրառվել․ «Ես ոչ մեկի հետ կապ չունեմ, Պետրոսյան  Արամի հետ շուտվա ընկերներ ենք։ Ես գնացել եմ ֆաբրիկա, բարձել եմ ապրանքը, դուրս եմ եկել։ Ու մարդիկ շատանում էին, ասում էին՝ ո՞ւր ա Սենիկը։ Բագրատյան Մհերն ասել ա՝ Սենիկին մենակ կոշիկներից են ճանաչելու, սպանելու եմ, ես էլ վախեցա, փախա Ղարաբաղ։ Գնացել են ախպորս, քվորս, մեր տունն են շրջափակել, ես էլ զանգում եմ Խաչիկ Մանուկյանին, ասում եմ՝ ո՞վ ես եղել, որ իմ էրեխեքին վախեցնես, ասում ա՝ արի օֆիս, խոսենք։ Գնացինք կաֆե, Ղարաբաղի Արթուր Աղաբեկյանն էլ էր էնտեղ, ասի՝ ես չեմ հասկանում՝ ի՞նչ ա կատարվում, ես ձեր ապրանքների հետ վաբշե կապ չունեմ։ Ես շոր եմ հագել, գնացել հանդիպման, հետո քննիչ Հակոբյան Էդիկը գրեց-դրեց՝ 500 միլիոն դրամ փող պետք ա տաս։ Ասի՝ որտեղի՞ց տամ, ասին՝ դե պիտի տաս խանութը, 15 միլիոն, պիտի սաղ տաք, որ Արամին ազատենք, եթե չէ, ուրեմն Արամին բերդում խփել ենք տալու ու գումարն էլ ստանանք։ Ես զանգեցի Արամին, ինքն ասաց՝ պիտի տանք, հետո հելնենք, էդ հարցերը լուծենք։ Ում էլ տանում են ցուցմունք տա, ասում են՝ Սենիկի անունը գրեք»։

Նրանք նշում են, որ Մհեր Բագրատյանն ասել է դատավորին՝ Վարդան Ստեփանյանին, 10 հազար դոլար կտաք որոշում կայացնելու համար․ «10 հազար դոլար տալիս ենք դատավորին։ Մենք տվել ենք միջնորդին, որ գումարը տա դատավորին»։

Խաչիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում հերքեց նրանց պատմածները՝ ասելով, թե նրանք հանցագործներ են․ «Դրանք հանցագործներ են, դրանք գնացել-նստել են։ Տենց բան չկա, իրենք գողություններ են արել, ես եմ գրել, որ թողնեն շուտ։ Ես հիմա չգիտեմ՝ ի՞նչ են ուզում։ Հեղափոխություն ա եղել, մտածում են՝ հեղափոխության մասնակիցներ են։ Էդ մարդիկ 2002-2003 թվերին տռուսիկ-մայկով աշխատել են, հիմա ջիպերով են ման գալիս, ինձնից են գողացել, դա ապացուցված է»։

Մեզ չհաջողվեց կապվել դատավոր Վարդան Ստեփանյանի հետ։ Պատրաստ ենք լսել նաեւ գործով անցնող մյուս անձանց։

Լուսանկարում Խաչիկ Մանուկյանի նախկին աշխատակիցներն են