Թիվ մեկ մատադորի կյանքից

Թիվ մեկ մատադորի կյանքից

Իմ կողմից շատ հարգված եւ շատ խելացի մի մարդ Ֆեյսբուքում գրել էր. «Կարմիր գույնից կատաղում է էշը: Իսկ ցուլը կատաղում է, երբ իրեն էշի տեղ են դնում»: Մեկ այլ օգտատեր, որ ավելի քաջատեղյակ էր ժամանակակից ցլամարտի (կորիդա) կանոններին ու նաեւ որոշակի գիտելիքներ ուներ ցլերի մասին, գրել էր, որ ցլերն առհասարակ դալտոնիկ են եւ սեւուսպիտակ են տեսնում իրենց շրջապատող աշխարհը: Եվ ցլերն արձագանքում են ոչ թե մատադորի (ցլամարտիկի) ձեռքին եղած կարմիր գույնի լաթի կտորին, այլ նրա կտրուկ շարժումներին: Այդ շարժումներն են գրգռում ցլին, մինչդեռ վառ գույներն ընդամենը ցլամարտին հանդիսավորություն հաղորդելու համար են:

Այսքան բան Նիկոլը հաստատ չէր կարող իմանալ, երբ Հանրային ռադիոյին եւ մեր հանրությանը մանիպուլացնում էր ցլի ու կարմիր հագուկապի մասին հիմարությամբ: Բայց եկեք խոստովանենք, որ Նիկոլն այնքան լուրջ էր խոսում ցլամարտի մասին, որ մենք լավ էլ հավատացինք նրա այդ ցնդաբանությանը: Բարեբախտաբար, իհարկե, բանիմաց ֆեյսբուքահայերի շնորհիվ մեր «էշացման պրոցեսը» երկար չտեւեց, եւ Նիկոլի սուտը շատ արագ բացահայտվեց: Դրանից հետո ես մի քիչ խորացա ցլամարտի պատմության եւ կանոնների մեջ եւ բավականին հետաքրքիր բացահայտումներ արեցի, որոնք կուզենայի համառոտ ներկայացնել ստորեւ: Մինչ այդ, սակայն, մի կարեւոր բան արձանագրեմ: Ուրեմն Նիկոլը մարդկության պատմության մեջ առաջին ղեկավարն է, որ հայտարարել է, թե որեւէ առանձին վերցված երկրի սահմանադրություն (եթե մանավանդ կարմիր է) կարող է գրգռել կամ ներվայնացնել մեկ այլ երկրի ղեկավարի (եթե վերջինս ցուլ է): Սա միայն Նիկոլն է ասել եւ ոչ ոք Նիկոլից բացի: Ավելին ասեմ՝ ապագայում էլ Նիկոլից բացի ոչ ոք նման բան չի ասելու: Ինչեւէ…
Անցնեմ բուն ասելիքիս:

Իսպանական ցլամարտը կամ կորիդան (իսպ.՝ Corrida) ցլամարտի ամենատարածված ձեւն է: Կորիդան ավանդական իսպանական հանդիսախաղ է։ Անվանումն առաջացել է իսպաներեն correr` կոռեր արմատից, որի հիմնական իմաստը «փախուստ տալն» է՝ շատ հոգեհարազատ իրավիճակ Նիկոլի եւ նիկոլական վարքագծի տեր մարդկանց համար: Հավատացեք՝ նույն կորիդան է, երբ հրապարակում գրգռում ես իրավապահներին, այրում նրանց ավտոմեքենաները, քարեր նետում նրանց ուղղությամբ, կրակում, մահակները խլում, բայց հենց վտանգը հասնում է քեզ, կորչում ես ասպարեզից (corr-չում), այսինքն՝ փախուստ տալիս:  

Հաճախ ցլամարտի այս տեսակը սխալմամբ անվանում են տոռո, որը թարգմանաբար նշանակում է «ցուլ»։ Ցլամարտն այդպես են անվանում հատկապես նրանք, ովքեր շատ ավելի ցլի ամեհի տեսքից են տպավորվում, որքան ցլամարտիկի էլեգանտ կեցվածքից ու շարժումներից: Մինչդեռ կորիդայի գլխավոր գործող անձը ցլամարտիկն է՝ մատադորը, որ հանդիսախաղի կանոններով պետք է սպանի իր հակառակորդ ցլին։ Նա դա կարող է անել միայն վերջինիս ծոծրակին հասցված սուսերի հարվածով։ Նա պարտավոր է դա անել, այլապես հասարակությունը, որ բավականին թանկ տոմսեր է գնել, կսուլի, եւ այդ մատադորին կվռնդեն արենայից: Իրեն մատադոր երեւակայող մեր կարմիր հագած վարչապետը, սակայն, մեզ համոզում է, որ կարեւորն այս դեպքում տոռռոն է՝ ցուլը, որին չգրգռելու համար պետք է կարմիր շորերը հանել: Իսկ մեր հասարակությունն էլ, որ վերջին անգամ արյունոտ կորիդա է տեսել նախկինների ժամանակ, բերանը բաց լսում է Նիկոլին ու մտածում՝ մարդը ճիշտ ա ասում, էլի, մենք ի՞նչ գործ ունենք ցլի հետ, որ մի հատ էլ գրգռենք նրան մեր կարմիր շորերով: Ու ստացվում է մի այսպիսի պատկեր՝ մեր թիվ մեկ մատադորը, շորերը հանած, չփլախ, փախչում է արենայով, իսկ ցուլը հետեւում է նրան, որովհետեւ, ինչպես վերեւում ասացի, ցուլը գրգռվում է ոչ թե կարմիր շորերից, այլ մատադորի կտրուկ շարժումներից:

Նույնիսկ ամենահմուտ ու ճարպիկ մատադորները հանդիսախաղի ժամանակ օգնականներ են ունենում, որոնք վտանգի պահին օգնության են հասնում նրան: Դրանք սովորաբար երեքն են՝ տորերո (կամ՝ պիկադո), բանդերիլերո եւ չուլո: Տորերոն նիզակակիր հեծյալ ասպետ է, որ նիզակի սուր ծայրով գրգռում, կատաղեցնում է ցլին: Բանդերիլերոն ցլի պարանոցին փոքրիկ հարպուններ է ցցում, որից ցուլը թեեւ ավելի է գեղեցկանում, բայցեւ ավելի է կատաղում: Իսկ ամենապատասխանատու գործը չուլոյի գործն է: Նա ամենավտանգավոր պահին իր մոտ եղած կարմիր կտորով շեղում է ցլի ուշադրությունը մատադորից: Նիկոլի պարագայում, իհարկե, օգնականները շատ են, բայց դրանից Նիկոլի վիճակը ոչ թե լավանում է, այլ ավելի է վատանում: Մարդն ուզում է արանքը ճղի, փախչի, բայց նրա տորերոները, բանդերիլերոները եւ չուլոները չեն թողնում: Մի կողմից ցլին են կատաղեցնում, մյուս կողմից էլ Նիկոլին ձայն են տալիս՝ Նիկոլ ջան, դուխով: Բայց էլ ի՞նչ դուխով, շորերը հանել, փախչում է արդեն: Տորերոներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանն էր կարծեմ, ցլին ծակծկում է՝ ասելով, արա, Արցախը տվել ենք, որ պահենք Հայաստանի անկախությունը… Նիկոլի իգական աշխատակազմի բանդերիլերոները գույնզգույն հարպուններ են նետում ցլի ուղղությամբ, բարեկամության մասին ինչ-որ երգեր երգում, ցլին հրավիրում Երեւան՝ թեյ խմելու եւ մուղամ լսելու: Բայց հնար չկա: Հարպուններով զարդարված ցուլն ավելի է արագացնում ընթացքը: Տորերոներն ավելի բարձր են գոռում՝ Նիկոլ, մայկա-տռուսիկդ էլ ա կարմիր, դրանք էլ հանիր, դուխով… Ու բանը հասնում է էն տեղը, որ պիտի չուլոները միջամտեն… Գագիկ, միջամտիր… Թե՝ թվանք չունեմ: Հովիկ, դու… Ես էլ չունեմ: Գուրգեն, մի բան ասա, ցուլը հիմա Նիկոլին կուտի… Դանչոն, Խչոն թող մեկից բռնեն ցլի քամակից… Ի՞նչ ա խոսում չոր գանգը, լավ է՝ թափ տուր էդ լաթը…
Ու էդ պահին Նիկոլը վերջին անգամ հետ է նայում՝ վախկոտներիդ ես թաղեմ, ճառ ասե՞մ, թե՞ ցուլ կախեմ…

Ի դեպ, 16-րդ դարի կեսին Հռոմի պապ Պիոս V-ը հատուկ հրովարտակով արգելել է ցլամարտը։ Չնայած այս հանգամանքին` իսպանական մի շարք միապետներ խախտել են եկեղեցական կանոնադրությունը՝ արժանանալով նզովքի։