Ապտակ Թուրքիայից

Ապտակ Թուրքիայից

Նախօրեին FLYONE ARMENIA ընկերությունը հաղորդեց, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրենց օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթներ իրականացնելու (overflight) հնարավորություն չեն տրամադրել, ուստի ստիպված են չեղարկել մինչեւ հունիսի 10-ը Երեւան-Լիոն- Երեւան եւ Երեւան-Փարիզ-Երեւան ուղղություններով չվերթները։ Ընկերությունը ներողություն է խնդրել ուղեւորներից եւ խոստացել փոխհատուցել նրանց վնասները:

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը Սուքիասյանների ընտանիքին է պատկանում, եւ այն իր առաջին չվերթներն իրականացրեց դեպի Ստամբուլ։ Ավելին՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայ-թուրքական հարաբերությունների ամենաեռանդուն ջատագովներից է։ Նա ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարել էր․ «Չե՞նք կարող մեկս մյուսի հետ նորմալ հարեւանություն անել, եղբայրություն՝ մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան․․․ Պետք է մեկս մյուսին աջակցենք, որ զարգանանք, հարեւաններ ենք, դարերով ապրելու ենք նույն տեղում»։ Թվում էր՝ հարեւանն էլ պետք է ձգտի կարգավորել մեզ հետ հարաբերությունները՝ «եղբայրություն անելու», որ «մեկս մյուսին աջակցելով՝ զարգանանք»։

Թվում էր՝ հարեւանն ավելի շատ պետք է շահագրգռված լինի․ իրենց եղբար Ադրբեջանը գոնե մասնակիորեն լուծել է խնդիրը՝ հսկայական տարածքներ է հետ նվաճել, հիմնավորվել է Արցախի սրտում՝ Շուշիում, նեղ կացության մեջ է դրել պարտված կողմին եւ հիմա կարող է մտածել նաեւ սահմանները բացելու, հարաբերությունները կարգավորելու մասին։ Գոնե կարող էր այնպես անել, որ հակաթուրքական այս ալիքը Հայաստանում մարեր, եւ հայ հասարակությանն ապացուցեր, որ ինքն էլ է պատրաստ եղբայրանալու։ Կարող էր գոնե աջակցել «խաղաղության դարաշրջան» բացող Նիկոլ Փաշինյանին՝ հաղթահարելու այս փուլը։ Ավաղ։