Էդգար Ղազարյանը դատի է տվել վարչապետի աշխատակազմին

Էդգար Ղազարյանը դատի է տվել վարչապետի աշխատակազմին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը դատի է տվել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 2022թ. նոյեմբերի 18-ին, 21-ին, դեկտեմբերի 27-ին, 2023թ. հունվարի 23-ին, փետրվարի 6-ին, 20-ին և մարտի 6-ին հարցումներով պահանջված տեղեկատվությունը և նյութերը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։ Հայցադիմումը դատարան է ներկայացվել մարտի 14-ին, մակագրվել է դատավոր Գեւորգ Սոսյանին։

Պարզվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2022 թվականի նոյեմբերի 18-ից անպատասխան է թողել Էդգար Ղազարյանի կողմից իրենց հասցեագրված շուրջ 10 հարցումները՝ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որոնցով պարտավոր էին տեղեկատվություն տրամադրել 5-օրյա կամ առավելագույնը՝ 30-օրյա ժամկետում։

Էդգար Ղազարյանի հարցումների մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի արտասահմանյան այցելություններին, դրանց նպատակահարմարության հիմնավորվածությանը, ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին։ Ուշագրավ մի հարցում էլ վերաբերում է 2022 թվականի հուլիսի 7-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որի ժամանակ նա ասել էր, որ «․․․Հայաստանում տարերային, կամ նույնիսկ, կարելի է ասել խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում, անընդհատ, ուր գնում ես ինչ-որ, ընդ որում մի տեղ պլասմասից, մի տեղ երկաթից, մի տեղ չգիտեմ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից և այն, և այլն․․․ Եվ ես հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք և գնահատական տանք»։ 

Էդգար Ղազարյանը խնդրել է վարչապետի աշխատակազմին հայտնել, թե ՀՀ տարածքում ո՞ր համայնքներում և հասցեներում են գտնվում պլասմասից, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից պատրաստված խաչերը։ Խնդրել է տրամադրել դրանց ցանկը՝ նշելով թվարկված նյութերից պատվաստված լինելու վիճակը և հասցեները, ինչպես նաև հայտնել, թե ՀՀ պետական կառավարման ո՞ր մարմնին է ՀՀ վարչապետի կողմից տրվել հանձնարարական ուսումնասիրություններ և գնահատականներ տալու համար՝ նշելով այդ հանձնարարականի իրավական հիմքերը, կատարման պատասխանատուներին, ժամկետները։