Պաբլո Ներուդա. Մի՛ մոռացիր երջանիկ լինել

Պաբլո Ներուդա. Մի՛ մոռացիր երջանիկ լինել

ՀԵՌՈՒ ՄԻ ԳՆԱ, ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՕՐՈՎ

Հեռու մի գնա, նույնիսկ մեկ օրով, 
եւ գիտե՞ս ինչու՝
ես քեզ պարզ ասեմ. 
օրը երկար դար կդառնա,
երբ քեզ սպասեմ,
ինչպես դատարկ կայարանում,
ուր չկան գնացքներ՝ 
ուրիշ տեղ են հանգրվանել:

Մի՛ թող ինձ մենակ, 
թեկուզ մեկ ժամով,
եւ գիտե՞ս ինչու.
վշտի մանր կաթիլներ կան, 
որ հաստատ կգան, 
եւ թափառող ծուխ կա, կգա,
կլցվի իմ մեջ՝
խեղդելով սիրտս կորած ու խեղճ:

Չթողնես հանկարծ, 
որ ուրվագիծդ լուծվի լողափում,
եւ թող կոպերդ երբեք չփակվեն
ինձանից հեռու
դատարկության մեջ:
Ինձ ոչ մի վայրկյան չլքես, հոգի՜ս,
Քանզի այդ պահին՝ եթե դա անես,
Ցնորված ու խենթ թափառելու եմ 
աշխարհե աշխարհ՝ հարցում անելով՝
կվերադառնա՞ս, թե՞ թողնելու ես,
որ ես մահանամ:

ՇՈՒՆՆ ԷԼ ՉԿԱ

Իմ շունն էլ չկա:

Ես թաղեցի նրան պարտեզում
հին ժանգոտված մեքենայի կողքին:

Հենց այստեղ մի օր ես էլ կմիանամ նրան,
կհանդիպեմ շանս, որ գնաց իր բրդոտ 
վերարկուով,
տարավ իր չարաճճի վարքն ու սառը քիթը,
իսկ ես՝ նյութապաշտս, երբեք չէի հավատում
մարդկանց խոստացած երկնքի դրախտին,
հիմա հավատում եմ դրախտին շների համար
եւ վստահում եմ երկնքին, ուր չեմ կարող գնալ…

Այո՛, ես երկրպագում եմ դրախտը, ուր սպասում են իմ շանը,
եւ իմ շունն էլ այնտեղ սպասում է իմ 
ժամանմանը…

Չեմ խոսի տխրության մասին այստեղ՝ 
երկրի վրա,
ընկեր-ուղեկից կորցնելու մասին,
վեհ ընկեր, որ երբեք ստրկամիտ չէր:

Ընկերության մեջ նա նման էր ոզնու,
ինքնիշխանությունից ինքն իրեն զրկած,
ինձանից հեռու թաքնված՝
բայց իմ հեռավոր աստղն էր լուսավոր:

Նա չէր բարձրանում իմ հագուստն ի վեր, 
ոչ էլ մազերն էր թափթփում վրաս, 
երբեք չէր քսմսվում ծնկներիս՝  
վավաշոտ շների պես 
հաճույքներով տարված:

Իմ շունը համակ նայում էր ինձ,
տալով անհրաժեշտ ուշադրություն,
հոգատարություն ու գգվանք, 
ինձ պես սին մարդուն հասկացնել տալով,
որ նա շուն լինելով՝ ինձ համար ժամանակ 
չէր խնայում
եւ իր այդ աչքերով շատ ավելի մաքուր, 
քան իմը,
նա կշարունակեր ինձ նայել նույն այդ 
հայացքով՝
որի վայելքը միայն ինձ էր վերապահված
ու իր բովանդակ քաղցր, 
խայտաբղետ կյանքը,  
միշտ կողքիս, բայց երբեք 
չանհանգստացնելով ինձ,
անթախանձ՝ ոչինչ չխնդրելով ինձանից:

Որքան անգամ եմ նախանձել նրան՝
պոչ ունենալու բերկրանքի համար, 
երբ միասին քայլում էինք ծովի ափին
ունայն ձմեռվա մեջ մեր Սեւ կղզու, 
ուր չվող թռչունները լցնում էին երկինքը,
իսկ իմ բրդոտ շունը ցատկոտում էր՝
ծովի ալեկոծ շարժումն իր հոգում:  
Իմ թափառական շունը՝ հոտոտելով հեռուն
իր ոսկե պոչը բարձր պահած,
խաղում էր օվկիանոսի հետ փրփրած:

Ինչ ուրախություն էր, խինդ էր ու հրճվանք:
ոչ ոք չէր կարող լինել ավելի երջանիկ, 
քան իմ հրաշք, լկտի շունը
եւ այս շքեղ, անամոթ բնությունը:

Ոչ մի հրաժեշտ իմ շան համար.
մենք հիմա ու երբեք չենք ստել իրար:

Իմ շունն էլ չկա, թաղել եմ անդարձ,
վերջացավ, գնաց: 

ՈՉ ՄԵԿԻՆ ԵՐԲԵՔ ՉՄԵՂԱԴՐԵՍ

Չբողոքես ոչ մեկից, ոչ մի բանից, երբեք, 
չէ՞ որ մեծամասամբ դու արել ես այն, 
ինչ կամեցել ես անել քո կյանքում:

Ընդունիր քեզ կատարելագործելու 
դժվարությունը
եւ ինքդ քեզ փոխելու քաջություն ունեցիր,
ճշմարիտ մարդու հաղթանակը 
վեր է հառնում
իր գործած սխալների մոխիրներից:

Երբեք չբողոքես քո մենությունից 
կամ թե բախտիցդ,
համարձակորեն դիմագրավիր դրան 
եւ ընդունիր այն,
մեծ հաշվով, դա արդյունքն է քո արարքների
եւ ապացույցն այն մտքի, 
որ միշտ պետք է հաղթես: 

Մի՛ դառնացիր քո սեփական 
անհաջողությունից
եւ չբարդես դա ուրիշի վրա, 
ընդունիր ինքդ քեզ հիմա, այստեղ
կամ էլ՝ մանկան պես կշարունակես 
արդարացումներ գտնել քեզ համար:
Հիշիր, որ ցանկացած պահ 
լավ ժամանակ է սկսելու համար, եւ որ ոչ ոք
այնքան սարսափելի չէ, 
որքան նրանք՝ հանձնվողները: 

Մի մոռացիր, որ ներկայիդ պատճառը անցյալդ է,
ճիշտ այդպես էլ ապագայիդ հիմքը կլինի ներկադ:

Սովորիր համարձակներից, ուժեղներից,
նրանք, ովքեր չեն ընդունում իրավիճակները, 
ովքեր ապրում են անկախ ամեն ինչից:
Քիչ մտածիր խնդիրներիդ մասին 
եւ տրվիր գործերիդ ավելի շատ, 
իսկ խնդիրներդ, իրենք իրենցով էլ կմեռնեն:

Իմացիր, թե ինչպես վեր կանգնել ցավից 
եւ լինել ավելի մեծ, քան մեծագույն 
խոչընդոտները, 
նայիր քեզ հայելու մեջ, եղի՜ր ազատ, ուժե՜ղ,
այդպես կդադարես լինել հանգամանքների խամաճիկը, 
քանզի դու ինքդ ես քո ճակատագիրը: 

Լուսաբացին զարթնիր եւ նայիր արեւին, 
շնչի՜ր արշալույսի ճաճանչը, 
դու կյանքիդ զորության մի մասն ես, 
մեծ մասը՝
արթնացի՛ր, պայքարի՛ր, գնա՛, եղի՛ր վճռական
եւ դու կշահես կյանքը: 
Երբեք մի խորհիր բախտիդ մասին, 
չէ՞ որ հենց ինքը՝ բախտն է 
պարտվողների պատրվակը…

ՋՐԱՀԱՐՍԸ ԵՎ ՀԱՐԲԵՑՈՂՆԵՐԸ

Տղամարդիկ բոլորն էլ ներսում էին,
երբ ներս մտավ մերկ ջրահարսը:
Նրանք, որ խմում էին, թքել սկսեցին,
գետից նոր էր դուրս եկել, չգիտեր ոչինչ,
ճամփան կորցրած, մոլորված մի ջրահարս էր,
ում փայլուն մարմնով հոսում էր անարգանքը,
նրա ոսկե կուրծքը 
խեղդում էր անպատվությունը։
Չգիտեր՝ արտասուքն ինչ է, 
եւ արցունքներով չլացեց,
չգիտեր՝ հանդերձանքն ինչ է, 
եւ հագուստ չհագավ։
Նրան մրեցին այրված խցաններով 
եւ ծխախոտի բեկորներով,
ապա հռհռալով գլորեցին պանդոկի 
հատակին:
Նա բառ չասաց, որովհետեւ խոսել չգիտեր:
Աչքերը նրա հեռավոր սիրո գույն ունեին, 
նրա զույգ ձեռքերը պատրաստված էին ճերմակ տոպազից:
Շուրթերը նրա՝ մարջանի լույսն էին 
արտացոլում, 
եւ նա անվրդով դուրս եկավ պանդոկի դռնից։
Մտնելով գետը՝ մաքրվեց, շողաց,
փայլում էր անձրեւի տակ 
սպիտակ քարի պես,
եւ առանց հետ նայելու նա առաջ լողաց
շարժվեց դեպի ունայնություն, 
դեպի մահ գնաց։

ԹԵ ՄՈՌԱՆԱՍ ԻՆՁ

Մի բան ասեմ՝
իմանաս: 
Գիտե՞ս ինչ եմ զգում,
երբ նայում եմ
վճիտ լուսնին, այս մեղմ աշնան՝ 
լուսամուտիս հպվող բոցագույն ճյուղերին,
ու թե դիպչեմ
կրակների
անշոշափ մոխրին
կամ թե գերանի կնճռոտ մարմնին,
ամեն ինչ կտանի ինձ քեզ մոտ,
ասես բոլորն այս՝ 
բույրերը, իրերը, ճախրանքը, 
մակույկներ են
նավարկության ելած, 
որ տանում են ինձ սպասող կղզիներն այն: 
Բայց թե հիմա,
դու մեղմաբար դադարես ինձ սիրել,
ես էլ քեզ պես 
կամաց-կամաց կդադարեմ սիրել քեզ:
Եվ թե հանկարծ
մոռանաս ինձ,
էլ չփնտրես, 
ուրեմն ես արդեն
մտքիցս հանել եմ քեզ:
Թե կարծում ես՝
երկար ու խենթ մտքեր ունեմ,
եւ ցնորական քամին է անցնում 
իմ կյանքի միջով,
ու թե որոշես
թողնել ինձ մենակ
իմ սրտի ափին,
ուր արմատներ եմ գցել ամրակուռ,
հիշիր, որ օրն այդ,
հենց այդ նույն ժամին,
ես կհանձնվեմ ու ձեռքերս վեր,
իմ արմատները առաջ կշարժվեն՝
այլ հող փնտրելու:
Բայց թե ամեն ժամ եւ ամեն օր 
դու կզգաս, որ 
անմնացորդ քաղցրությամբ,
մի ծաղիկ
դիպչում է քո շուրթերին՝ փնտրելով ինձ,
ի՜մ յուրահատուկ, իմ սե՜ր իրական,
կրակն իմ ներսում կրկնապատկվելու է,
իմ սրտում ոչինչ չի մարում կամ մոռացվում,
սերս սնվում է քո սիրով, ի՛մ սիրասուն,
եւ քանի դեռ դու կաս,
քանի դեռ քո սերն ապրում է, 
կթեւածի իմ սերը քո ձեռքերին՝ 
դու իմ հավատարիմ…

ԴՈՒ ՍԿՍՈՒՄ ԵՍ ԴԱՆԴԱՂ ՄԱՀԱՆԱԼ

Դու սկսում ես դանդաղ մահանալ,
եթե չես ճամփորդում, 
եթե չես կարդում, 
կյանքի ձայները չես լսում,
ինքդ քեզ չես գնահատում:
Դու սկսում ես դանդաղ մահանալ,
երբ սպանում ես ինքնագնահատականդ,
երբ թույլ չես տալիս այլոց օգնել քեզ։
Դու սկսում ես դանդաղ մահանալ,
եթե դառնում ես սովորություններիդ ստրուկը, 
քայլելով ամեն օր նույն ճամփաներով…
Եթե չես փոխում առօրյադ,
եթե չես կրում գույներ 
կամ թե չես խոսում նրանց հետ, 
ում դեռ չգիտես:
Դու սկսում ես դանդաղ մահանալ,
երբ խուսափում ես կիրք զգալուց
եւ զսպում ես հույզերդ անսանձ,
երբ թողնում ես նրանց, ում համար
աչքերդ փայլել ու սիրտդ արագ է բաբախել:
Դու սկսում ես դանդաղ մահանալ,
եթե ռիսկի չես ենթարկում այն, 
ինչն անվտանգ է, բայցեւ երկբայական,
եթե երազանքիդ ետեւից չես գնում,
եթե քեզ թույլ չես տալիս կյանքում 
գոնե մեկ անգամ՝
խելամիտ խորհուրդներից 
փախչել անվարան:
Թույլ մի տուր քեզ դանդաղ մահանալ,
մի՛ մոռացիր երջանիկ լինել:

Թարգմանությունն անգլերենից՝ Սիրան Գրիգորյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ