Ինչո՞ւ հենց Վահագն Հովակիմյանը

Ինչո՞ւ հենց Վահագն Հովակիմյանը

Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակեց Վահագն Հովակիմյանին: ՔՊ խմբակցության կողմից Փաշինյանի որոշումն օրինականացնելուց հետո սկսեցին քննարկումներն այն մասին, թե որքանով է օրինական Հովակիմյանի նշանակումն այդ պաշտոնում, նրա մասնագիտական կարողությունները, եւ թե որքանով է ժողովրդավարության նորմերին համապատասխանում ՔՊ-ականի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում: Առավել կարեւոր է այն հարցը, թե այդ նշանակումով ինչ ուղերձ է հղում Փաշինյանը հայ հանրությանը եւ քաղաքական ուժերին:

Ուղերձ առաջին. քանի ես իշխանության եմ` մոռացեք ընտրությունների մասին, այլեւս ոչ մի ընտրություն: Կլինեն ֆորմալ քվեարկություններ, բայց ընտրության արդյունքը ոչ մի կապ չի ունենա այդ քվեարկության հետ, ես կթելադրեմ արդյունքները, իսկ Վահագն Հովակիմյանը դրանք կհրապարակի: Ովքեր քիչ թե շատ ճանաչում են Վահագն Հովակիմյանին, կարող են ասել, որ նա պատրաստ է կատարել Փաշինյանի ցանկացած հրահանգ՝ առանց քննարկելու դրա օրինականությունը կամ կապը բանականության հետ: Օրինակ, եթե Փաշինայնը հանձնարարի Հովակիմյանին՝ հայտարարել, որ ԱԺ ընտրություններում ՔՊ-ն ստացել է 280 տոկոս ձայն, համոզված եղեք, որ Հովակիմյան Վահագնը հենց այդպես էլ կանի: Նա ոչ միայն Փաշինյանին չի ասի, որ ընտրություններում չի կարող որեւէ թեկնածու կամ կուսակցություն 100 տոկոսից ավել ձայն ստանալ, այլեւ նույնիսկ հրապարակային կբացատրի, թե ինչպես է ՔՊ-ն ստացել այդ 280 տոկոսը: Օրինակ, Հովակիմյանը կբացատրի, որ Հայաստանը հասել է այնպիսի ժողովրդավարական նվաճումների, որ նախկինում անհնարին թվացող եւ մեր ուղեղների համար անհասանելի թվացող երեւույթները դարձել են իրողություն:

Փաշինյանն իր կյանքի եւ գործունեության ընթացքում հետեւողականորեն ընտրել է Վահագն Հովակիմյանի տիպի գործիչներին, մարդկանց, ովքեր հանուն իշխանության եւ եկամտի պատրաստ են կատարել Փաշինյանի ցանկացած հրահանգ: Մարդիկ, ովքեր բացարձակապես զուրկ են քննադատական մտածողությունից եւ նույնիսկ՝ բանականությունից: Սա ամենեւին վիրավորանք չէ, որովհետեւ երբ լսում ես այս մարդկանց ելույթները եւ հրապարակային ցանկացած խոսք, համոզվում ես, որ սրանք ընդհանրապես կտրել են կապը բանականության հետ: Օրինակ, երբ ամբողջ երկիրը սգում է զոհերի հիշատակը, քննարկում առկա եւ հնարավոր տարածքային կորուստները, սրանք խոսում են տնտեսական ակտիվությունից, աճից կամ հյուրանոցային ազատ համարների բացակայությունից: Որեւէ կասկած չկա, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանն այնպիսի մտքի գոհարներ շաղ կտա, որ մյուս ՔՊ-ականները նախանձից կճաքեն: 
Ուղերձ երկրորդ. այս քայլով Նիկոլ Փաշինյանն ասում է, որ որեւէ մեկի մտքով չանցնի, թե ինքը կարող է հրաժարական տալ կամ հեռանալ իշխանությունից: Ընդհակառակը, Վահագն Հովակիմյանին նշանակելով ԿԸՀ նախագահ՝ ինքը պատրաստվում է հաջորդ ընտրություններին եւ, առհասարակ` իր իշխանության հավերժացմանը: Շատերը, այդ թվում՝ ես, կարծում ենք, որ մինչեւ հաջորդ ընտրությունները Հայաստանից բան մնացած չի լինի, բայց Փաշինյանն էլ կարող է փոխել իր պաշտոնը:

Առաջիկայում հնարավոր է, որ Փաշինյանն ինչ-որ հարցեր դնի համաժողովրդական քննարկման: Օրինակ, մեր «հավաստի աղբյուրը» տեղեկացնում է, որ Փաշինյանը Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու է Թուրքիա-Ադրբեջան միասնական պետությանը միանալու հնարավորության հարցը: Ըստ ՔՊ-ի մեր «հավաստի աղբյուրի»՝ Ալիեւն արդեն իր նախնական համաձայնությունն է տվել այդ նախագծին, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի Էրդողանը: Թուրքիա-Ադրբեջան միասնական պետությանը Հայաստանի միանալու դեպքում «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը չի փոխվի, որովհետեւ Հայաստանը՝ որպես պետություն, կլուծարվի եւ կվերածվի Էյրիվանի նահանգի, իսկ հայ ազգից էլ մնացած կլինի ազգային փոքրամասնություն: Համաժողովրդական հանրաքվեով Փաշինյանը կընտրվի նահանգապետ, իսկ Վահագն Հովակիմյանը կհայտարարի, որ ընտրություններն անցկացվել են միասնական պետության տարածքում առկա ժողովրդավարության եւ կամքի ազատ արտահայտման բոլոր չափորոշիչներին համապատասխան, եւ ընտրողները միահամուռ իրենց ձայնն են տվել Փաշինյանի օգտին: Ըստ նույն «աղբյուրի», Փաշինյանը հիմա աշխատում է նահանգապետի պաշտոնում իր առաջին ելույթի վրա, որը սկսվելու է հետեւյալ նախադասությամբ. կա՛մ ես կլինեմ Էյրիվանի նահանգապետ, կա՛մ Էյրիվանի խանությունը նահանգապետ չի ունենա ընդհանրապես: Ելույթի հիմնական թեզը լինելու է միասնական պետության շրջանակներում հայ ժողովրդի խաղաղ եւ ստեղծագործ աշխատանքի ապահովման կարեւորումը` նոր բացված խաղաղության դարաշրջանի շրջանակներում:

Ավետիս Բաբաջանյան