Նիկոլ Փաշինյանը սխալ է անում` այդ հարցերը պետք է գնա, քննարկի ՊՆ գլխավոր շտաբում` գաղտնի

Նիկոլ Փաշինյանը սխալ է անում` այդ հարցերը պետք է գնա, քննարկի ՊՆ գլխավոր շտաբում` գաղտնի

«Հրապարակի» զրուցակիցը Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն է:

- Հայաստանում իրենց արևմտամետ համարող շրջանակների ներկայացուցիչները՝ Ստյոպա Սաֆարյան, Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան, Հովսեփ Խուրշուդյան, Տիգրան Խզմալյան և այլք, նախօրեին հավաքվել էիք «Անի պլազա» հյուրանոցում` հերթական կոնֆերանսին: Չնայած Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ ամեն վայրկյան կարող են Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել Հայաստանի վրա, Հովսեփ Խուրշուդյանը պնդեց, որ անհապաղ պետք է ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալ: Մինչդեռ միակ անվտանգային համակարգը, որին այսօր անդամակցում է ՀԱՊԿ-ն է: Դա՞ էր ձեր հանդիպման նպատակը, այլ հարց չկա՞ր օրակարգում:

- Ժողովրդավարական, հասարակական-քաղաքական համաժողով էր, հայտարարություն ընդունեցին երկրի բարեփոխումների մասին: Բարեփոխումներն, ըստ էության դանդաղել են, պետք է դրանք արագացնել, հիմնական շեշտն այն էր, որ, այո, անհապաղ պետք է դուրս գալ Սովետական միության ժառանգություններից, բոլոր այն կազմակերպությունները, որոնք հիշեցնում են ԽՍՀՄ-ը, դրանք Հայաստանը զրկում են անկախությունից, անկախ վճիռներ ունենալու իրավունքից:

- Դուք և այնտեղ հավաքվածները շատ եք սիրում խոսել ժողովրդավարությունից: Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում: Օրեր առաջ երկու երիտասարդների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ասֆալտին փռելով, կալանավորեցին` եթերում Փաշինյանին քննադատելու եւ հայհոյելու համար: Էլ ի՞նչ ժողովրդավարության ջատագովներ եք, եթե երկրում տեղի ունեցող նման պրոցեսներին գնահատական չեք տալիս: Նման հարցեր չկայի՞ն ձեր օրակարգում:

- Գոյություն ունի իրավաչափություն` իրավապահների բոլոր գործողությունները պետք է իրավաչափ լինեն: Պետք է ամեն ինչ համարժեք լինի, եթե ուժ, ապա խիստ անհրաժեշտության դեպքում, անկախ նրանից, թե դիմացինն ով է, ինչ հայացքներ ունի: Չափի զգացում պետք է լինի:

- Իսկ այսօրվա ոչ իրավաչափ գործողությունների մասին ինչո՞ւ չեք խոսում: Էլ ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք գնալ:

- Նման հարցեր չենք քննարկում, բայց քաղաքական հայացքների համար Հայաստանում որևէ մեկը չպետք է հալածվի, հակառակը` պետք է ցանկացած քաղաքական միտք արտահայտող մարդ դրա համար ասպարեզ ունենա: Իսկ թե ինչո՞ւ մենք` ժողովրդավարության ջատագովներս նման հարցեր չենք քննարկում, որովհետև այդ հարցերը մեր օրակարգում չկան, ինձ կոնկրետ այդ հարցն, ազնվությամբ, չի հետաքրքրում:

- Իսկ ի՞նչն է Ձեզ այսօր հետաքրքրում:

- Ինձ հետաքրքրում է միայն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

- Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Տավուշի չորս գյուղերն ադրբեջանական են: Համաձա՞յն եք նրա հետ:

- Ընդհնարապես ո՞վ գիտի դրանք ադրբեջանական են, թե՞ ոչ: Դրա համար նախ պետք է լինի երկու կողմից ճանաչված սահման, ապա բոլոր պետությունների կողմից: Պետք է սահմանը ճշտվի ու կատարվի սահմանազատում: 

- Նաեւ հայտարարում է, որ Ադրբեջանի տնօրինության տակ է ավելի քան 31 գյուղի տարածք, ձեր համաժողովին մասնակցողները քննարկեցի՞ն այդ հարցը, թե՞ ձեզ չի հուզում, թե ինչ են գրավել ազերիները:

- Պետք է սահմանները գծել և մեզ վերադարձնել այն, ինչ մեզանից խլել են, կորցրել ենք: Զավթված տարածքները հարկավոր է վերադարձնել:

- Իսկ ի՞նչ պետք է արվի դրա համար:

- Լավ չենք ուզում` եթե լավ ուզենք, կվերադարձնեն:

- Դուք երբեմն քննադատում եք իշխանություններին, բայց ձեր համախոհներից ոմանք իշխանապաշտ են, ի՞նչ մտքեր էիք փոխանակում այդ կոնֆերանսի ժամանակ, թե՞ Դուք էլ եք իշխանության գաղափարները կիսում:

- Կան գաղափարներ, որոնք ընդհանուր են նրանց և իմ մեջ: Ես անձերին չեմ ճանաչում այս պարագայում: Կան ծրագրեր, որոնք ես առաջնային եմ համարում:

- Ի՞նչ ծրագրեր:

- Եվրամիության հետ կապերն ամրացնելու: Պետք է դառնալ լիարժեք անդամ: Իմ մոտեցումը դա է:

- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատերազմ է սպասվում, Դուք ասում եք` պետք է Ռուսաստանի հետ կապերը խզել, այսինքն` ևս մեկ վտանգավոր ու ուժեղ թշնամի ավելացնել: Ինչո՞ւ, ի՞նչ է տալու դա մեզ:

- Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ նման հայտարարություններ է անում, եթե կա պատերազմի վտանգ, ապա պետք է գնալ ՊՆ գլխավոր շտաբ ու այդ հարցերը քննարկել այնտեղ: Վտանգների մասին քննարկում են հույժ գաղտնի: Ինչ վերաբերում է թշնամի ավելացնելուն, ապա նման անհրաժեշտություն չկա, պետք է բարեկամներին ավելացնել, տվյալ պարագայում Ռուսաստանը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի բարեկամն է: Ինքը այդպես է հայտարարում: Պարտավորություններ ունի Ադրբեջանին` պայմանագրերով:

- Փաշինյանի որոշ հայտարարություններ ու քայլեր մարդիկ անվանում են հակահայկական, դուք ինչ եք մտածում այդ մասին, ինչո՞ւ նրան հեռացնելու հարցը չեք քննարկում: Օրինակ, ասում է` Արցախը, Տավուշի գյուղերը ադրբեջանական են:

- Ես կարծում եմ, որ Արցախը վիճելի տարածք է, Ազգերի լիգայի որոշումներով: Մինսկի խումբը նույնպես հատուկ խումբ էր ստեղծել, Արցախի կարգավիճակը պարզելու համար, այնպես որ մենք մեր կողմից չենք կարող նման հայատարարություններ անել: Եթե ասում է` Արցախը հայկական չէ, ուրեմն ասում է, Արցախի ժողովրդինը չէ, բա ո՞ւմն է:

- Պնդում եք, որ մեր տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է, եթե լավ ուզող լինի, կվերադարձվեն մեզ, չքննարկեցի՞ք այդ հարցը:

- Չէ, նման հարց չկար:

- Այսինքն` օրակարգում միայն ՌԴ-ի հետ թշնամանալու հարցե՞րն էին:

- Չէ, թշնամի Ռուսաստանից զգուշանալու հարցերը: Անվտանգություն ապահովելու:

- Ինչո՞ւ եք այդ դերը ստանձնել, երկրի իշխանությունները դա գիտեն, անում են:

- Թող անեն, մենք էլ կողքից ասում ենք, որ զգուշանա: Երբեմն ղեկավարները թերանում են և պետք է նրանց հուշել: