Շարունակե՞նք իրատես մտավորականի եւ պետական գործչի փնտրտուքները…

Շարունակե՞նք իրատես մտավորականի եւ պետական գործչի փնտրտուքները…

Հայաստանը եւ Արցախը պայթում են քաղաքագետ վերլուծաբանների առատությունից: Նրանց բազմաբեւեռ գուշակությունների միջեւ ընդհանրությունը «համոզված եմ» բառերի չարաշահումն է եւ իրար հետ կապ չունեցող լուծում-առաջարկների հատ-հատ բացարձականացումը հեղինակների կողմից: Պահ է գալիս, երբ այդ քաղաքական գուշակների «խճապատկերից» գլխապտույտ ես ունենում ու լրջանալու կարիք զգում: Լրջանալու համար՝ պատեհ համարեցինք վերընթերցել ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1997-ին տպագրված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը եւ 1998-ի հունվարի 8-ի ՀՀ անվտանգության խորհրդում ելույթը: Կարդացինք որպես ժողովրդավարական պետականաշինության գաղափարախոսության առանձնահատկությունները լուսաբանող ժամանակակից կինոսցենար, որում նկարագրված են ինչ-որ պետության ղեկավարների տգիտության արդյունքում, 25 տարիների ընթացքում, երկրի բնակչության գլխին գալիք սպառնալիքների ու տառապանքների կռահումները. փոքր ու մեծ պատերազմներ, մարդկային եւ նյութական կորուստներ, ներքին խժդժություններ, ավարառություն, անկառավարելի արտագաղթ, անկախ պետականության կորստի շեմին հասած քաղաքական իրավիճակ: Ցավոք, այդ ինչ-որ պետությունը մեր օրերի անկախ Հայաստանն է, իսկ գրված սցենարը՝ 1998-ից սկսած, անկախ Հայաստանի 25-ամյա կյանքի «նվաճումների» քրոնիկոնը: Պատեհ է «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից վերհշել «որոշ թյուրիմացություններ»:

Թյուրիմացություն 1. Վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել: Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել: Չհասկանալով այս իրողությունը՝ մեր ժողովրդին մատնել ենք դաժան փորձությունների:

Թյուրիմացություն 2․ Ղարաբաղը շահել է պատերազմը, հետեւաբար կարիք չունի որեւէ զիջման գնալու: Դժբախտաբար, Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ՝ ճակատամարտը: Պատերազմը շահում են այն ժամանակ, երբ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվում: Պատերազմի եւ ճակատամարտի շփոթությունը շատ-շատերին է փորձանքի բերել:

Թյուրիմացություն 3. Մինչեւ հիմա մենք կարողացել ենք հաղթել Ադրբեջանին, այսուհետեւ էլ կհաղթենք, մինչեւ հիմա դիմացել ենք արտաքին ճնշումներին, այսուհետեւ էլ կդիմանանք եւ այլն: Սա թյուրիմացություններից ամենավտանգավորն է, որովհետեւ ապագա հաջողությունների գրավականը դիտում է ոչ թե ուժերի ապագա հարաբերակցությունը, այլ անցյալի հաջողությունները: Եթե ապագա հաղթանակները պայմանավորված լինեին անցյալի հաջողություններով, ապա մեկ անգամ հաղթած Հռոմեական կայսրությունը երբեք չէր կործանվի: Շարունակե՞նք իրատես մտավորականի եւ պետական գործչի փնտրտուքը…

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ