Մեկ քայլ մտածողները

Մեկ քայլ մտածողները

Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում։ Առաջին ազդակն այն է, որ երկրում ձեւավորված իշխանությունը՝ օրենսդիր, գործադիր, այլեւս չի արտահայտում հանրային տրամադրությունները, եւ անգամ իշխանությունը՝ մեծ դժկամությամբ ու չուզենալով, ընդունեց, որ հարկավոր է գնալ արտահերթ ընտրությունների։ Մյուս ազդակն այն բարձիթողի վիճակն է, որ տիրում է կառավարման ոլորտում․ 3 տարում՝ 5 ԱԱԾ տնօրեն, 3 ոստիկանապետ, միջին տրամաչափի մի ձեռնարկության տնօրեն դառնում է հսկա ոլորտի ղեկավար, 4 ամիս առաջ նշանակված նախարարը հրաժարական է տալիս։ Իսկ իշխանությունն անցանկալի պաշտոնյաներից ազատվելու համար քրեական գործեր է հարուցում՝ վարկաբեկելով ե՛ւ իրավապահներին, ե՛ւ պատժի ինստիտուտը։

Իհարկե, շատ հաճախ պարզվում է, որ պաշտոնից ազատվածին փոխարինող էլ չունեն, ինչպես պատահեց ամենահեղինակավոր բուհի՝ Երեւանի պետական համալսարանի դեպքում։ Կա՛մ սրանց համար քանդելն ինքնանպատակ է, ու քանդելուց բավականություն են ստանում, կա՛մ այնքան անկազմակերպ են ու կարճմիտ, որ առաջին քայլն անելիս երկրորդը չեն ծրագրում։ Այդպես գործում են արկածախնդիր թղթամոլները, որոնք վա-բանկ են գնում՝ սեղանին դնելով իրենց ունեցած ամենաթանկ բանը, հույսը դնելով, որ բախտները կբերի, ու լավ «կարտ» կընկնի։

Երեք տարում մի բան հասկացանք, որ այս երիտասարդները 2018 թվականին բոլորովին պատրաստ չէին պետության պատասխանատվությունը ստանձնելու բարդ առաքելությանը, եւ այս տարիներին նրանք այդպես էլ չգիտակցեցին այդ բեռի ծանրությունը։ Նաեւ պարզվեց՝ սովորելու, կրթվելու ցանկություն չունեն։ Ու չհասցրին այնքան հասունանալ, որ հասկանան՝ պետությունը ձախողելն իրենց չի ներվելու։ Պետք է օր առաջ հրաժարվել՝ տեղը զիջելով ավելի պատրաստված մարդկանց եւ երկիրը չտանել անդունդ։