ՀՀ-ն օգնո՞ւմ է Ռուսաստանին՝ «շրջանցել» պատժամիջոցները

ՀՀ-ն օգնո՞ւմ է Ռուսաստանին՝ «շրջանցել» պատժամիջոցները

Ռոբին Բրուքսի պարզաբանումը՝ «Հրապարակ»-ին

Վերջերս առավել հաճախ են միջազգային հարթակներում խոսում, թե Հայաստանը, իբր, օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները, եւ արեւմտյան որոշ ապրանքներ է առաքում ՌԴ։ Եվրամիությունը ստուգում է Ռուսաստանի հարեւան երկրների արտահանման աճը՝ պատժամիջոցները շրջանցելու կասկածների պատճառով։ Այս մասին 2023 թ․ փետրվարին Financial Times-ում հայտարարել էր պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Սալիվանը։ Նրա խոսքով՝ դեպի այդ երկրներ արտահանման սրընթաց աճը ԵՄ-ում կասկածներ է առաջացնում, որ արտահանվող ապրանքները կարող են ուղարկվել Ռուսաստան։ Թեեւ նա չէր հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը, ըստ FT-ի՝ խոսքը Հայաստանի, Ղրղզստանի եւ Թուրքիայի մասին է։
Ամերիկյան մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ The New York Times-ն էլ 2023-ի ապրիլի 18-ին իր «Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցները, ներմուծում է արեւմտյան ռազմական տեխնոլոգիաներ» վերնագրով հոդվածում առանձնացրել է Հայաստանը՝ որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլ ապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր: Թերթի պնդմամբ՝ «Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի եւ Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները»․

The New York Times-ը վկայակոչում էր ամերիկյան հարկային ծառայությունների եւ առեւտրի նախարարության աշխատակիցների մարտի 24-ի խորհրդակցության ժամանակ օգտագործված սլայդային նյութերը, որոնք հայտնվել են թերթի տրամադրության տակ։ Նույն տարվա մայիսին էլ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են Մոսկվային՝ շրջանցել արեւմտյան պատժամիջոցները։ «Մոսկվան բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ միջազգային շուկաներ ռուսական ապրանքների վերաարտահանման շուրջ։ Մատակարարումները նախատեսվում են իրականացնել վրացական, հայկական եւ ադրբեջանական ծագում ունեցող արտադրանքի տեսքով՝ առաքելով դրանք երրորդ երկրներ»,- պնդել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասի 3 պետություններում ռուսական կապիտալի մասնակցությամբ արդեն իսկ 200 համատեղ ձեռնարկություն է ստեղծվել։
Ուկրաինայի իրադարձություններից հետո դեպի Ռուսաստան մատակարարվող շատ ապրանքներ տեղ են հասնում Հայաստանով եւ Ղազախստանով․ մայիսի 15-ին չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով, թե ինչու է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պայմաններում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճում։ «Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ»,- ընդգծեց Փաշինյանը։

Ի դեպ, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում վերջին 2 տարվա ընթացքում հայկական 2 ընկերություն է հայտնվել՝ «Տակոն» եւ «Միլոր Էլեքթրոնիքսը» (անգլերեն` Milur Electronics)։ Դրանց անվանումները ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության SDN (Specifically Designated Nationals, այսինքն` «Հատուկ նշագրված պետական սուբյեկտներ») ցանկում։ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել արեւմտյան պատժամիջոցները։ Նման կարծիք էլ 2023-ի հունիսին հայտնել էր այդ ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ’Բրայենը։

Հայաստանն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել ԵՄ պատժամիջոցները, ինչի վկայությունն է ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ԵՄ երկրներից Հայաստան ապրանքների արտահանման կտրուկ աճը։ Անցյալ տարեվերջին նման տեսակետ հայտնեց Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գլխավոր տնտեսագետ, Goldman Sachs-ի նախկին գլխավոր արժութային ստրատեգ եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետ Ռոբին Բրուքսը։ «Պուտինի՝ Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ արտահանումը Հայաստան աճել է 200%-ով։ Այդ ապրանքներն առաքվում են Ռուսաստան եւ օգնում Պուտինին։ Իսկ ի՞նչ է անում Բրյուսելը»,- X-ի իր էջում գրեց փորձագետը՝ գրառմանը կից աղյուսակ հրապարակելով, ըստ որի՝ «Եվրամիության երկրներից Հայաստան ապրանքների մատակարարումը 2022 թվականի մարտից աճել է 4-5 անգամ։ Կրկնապատկվել է նաեւ արտահանումը դեպի Հայաստան՝ Ռուսաստանի դաշնակիցներից մեկը համարվող Չինաստանից»։ 

Երեկ Բրուքսը նոր գրառում է արել ու կրկին շրջանառել նույն թեման՝ նշելով, թե ՀՀ-ից արտահանումն ԱՄԷ կազմել է 2600 տոկոս՝ ակնարկելով, թե այդկերպ Հայաստանն ԱՄԷ-ի միջոցով Ռուսաստանին օգնում է՝ շրջանցել պատժամիջոցները։ Նրա կարծիքով, «Հայաստանի արտահանումը Ռուսաստան զգալիորեն աճել է. այս աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է Չինաստանից եւ ԵՄ-ից ապրանքների վերաարտահանմամբ դեպի Ռուսաստան։ ԵՄ-ն չի կարող շատ բան անել չինական ապրանքների հետ կապված, բայց, իհարկե, կարող է կասեցնել եվրոպական արտահանման հոսքը դեպի Հայաստան։ Սա պետք է դադարեցվի»։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնի փորձագետն ասաց․ «Հայաստանը եղել է դեպի Ռուսաստան արեւմտյան ապրանքների փոխադրման կարեւոր հանգույց, սակայն ԱՄԷ-ն վերջերս սկսել է մասնակցել այս առեւտրին եւ արագորեն մեծացնում է իր ներգրավվածությունը։ Սա կարող է պոտենցիալ ազդեցություն ունենալ համաշխարհային առեւտրի եւ աշխարհաքաղաքական դինամիկայի վրա: Հետաքրքիր կլիներ ավելին իմանալ փոխառաքվող կոնկրետ ապրանքների եւ այս առեւտրում ԱՄԷ-ի աճող ներգրավվածության դրդապատճառների մասին»: Մեր հարցին, թե ինչ փաստեր եւ հիմնավորումներ կարող է վկայաբերել Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալների առնչությամբ, Բրուքսը նշեց, որ, որպես այդպիսին, առանձնահատուկ տեղեկություն չունի, ուստի չի կարող հաստատել կամ հերքել 2600 տոկոս աճը։ «Այնուամենայնիվ, ես կարող եմ մի քանի ընդհանուր տեղեկատվություն տրամադրել Հայաստանի տնտեսության մասին։ Հայաստանը վերջին տարիներին զգալի տնտեսական ցնցումներ է ապրել՝ կապված քաղաքական փոփոխությունների, COVID-19 համաճարակի եւ Ադրբեջանի հետ հակամարտության հետ։ Չնայած այս մարտահրավերներին, տնտեսությունը շարունակել է ցուցաբերել ճկունություն՝ շնորհիվ խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության: Հայաստանը զարգացման առումով զգալի առաջընթաց է ունեցել վերջին 5 տարիներին եւ դարձել է Միջազգային զարգացման ասոցիացիայի դոնոր 2023 թ․ մարտին։ Տնտեսությունը 2022-ին աճել է 12,6%-ով, ընդհանուր արտադրանքը կազմել է 19,5 մլրդ դոլար։ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության աճը զգալիորեն արագացել է․ 2021-ի 17,7%-ից 2022-ին հասնելով 68,6%-ի»։

Նրա դիտարկմամբ, Հայաստանը դեռ բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ ներդրումների ցածր մակարդակը, օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազ ներգրավումը, մարդկային սահմանափակ կապիտալը եւ կապի ցանցային սահմանափակումները: Մեր հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ Հայաստանն ԱՄԷ-ի միջոցով օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները, Բրուքսը խոստովանեց՝ հիմնավոր եւ արժանահավատ տեղեկություններ չունի։ Իսկ մեր հիշեցմանը, թե ժամանակին պնդում էր, որ ՀՀ-ն օգնում է Ռուսաստանին եւ անձամբ՝ Պուտինին, իբր, շրջանցելու պատժամիջոցները, տնտեսագետը պատասխանեց՝ No comment (առանց մեկնաբանության)։