Ընկերովի մահը հարսանիք է

Ընկերովի մահը հարսանիք է

Ինձ թվում է՝ Արսեն Թորոսյանը ոտքը կախ գցեց, որ Արայիկ Հարությունյանի հետ հեռանա: Երկուսով ավելի ուրախ է: Մյուս կողմից էլ մենք՝ հայերս, գնացողի հետեւից հո խոսել չգիտենք, հո խոսել չգիտենք… Ինչո՞ւ պետք է Արսեն Թորոսյանը միայնակ տանի այդ բեռը: Երբ երկուսով լինեն՝ քննադատության ու պարսավանքի բեռն էլ կկիսվի: Արսեն Թորոսյանն առայժմ ջնջվել է Ֆեյսբուքից: Իր կամքո՞վ է դա արել, թե՞ նրան ասել են՝ հավաքվիր, չեմ կարող հաստատ ասել, բայց ես մի բան գիտեմ, որ Փաշինյանն իր վարկանիշի անկմանը ցավագին է արձագանքում, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այն պաշտոնյաներից մեկն է, որ ուղղակի ազդեցություն ունի Փաշինյանի վարկանիշի վրա եւ նպաստում է դրա գահավեժ անկմանը: Փաշինյանին, մանավանդ քաղաքական աշնան շեմին, այդպիսի վտանգավոր նախարար պետք չէ: Երկրորդ ոլորտը, որ նույնպես անմիջական կապ ունի Փաշինյանի վարկանիշի հետ, կրթությունն է: Առողջապահությունը եւ կրթությունը ցանկացած կառավարության դեմքն են: Որ կառավարությունը կհաջողի այս ոլորտներում, կարող է պարծենալ, որ լավ է աշխատում: Չհաջողելու դեպքում այդ կառավարությանը քննադատելու են թե՛ նրա գործունեության շրջանում եւ թե՛ նրա հեռանալուց հետո: Փաշինյանի կառավարության բախտն այդ առումով կրկնակի չի բերել: Ձախողումներն ակնառու են թե՛ առողջապահության եւ թե՛ կրթության ոլորտում:

Ֆեյսբուքից Արսեն Թորոսյանի ջնջվելուց րոպեներ անց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հանրապետական ծնողական ժողով հրավիրելու մասին հայտարարությամբ: Համաձայնեք, որ սա իսկապես խիզախ որոշում էր մի մարդու կողմից, որի աշխատասենյակի պատուհանի տակ հենց այդ պահին ծնողների ցույց ու ավտոերթ էր տեղի ունենում՝ իր հրաժարականի պահանջով: Բաց քամակին մի հատ էլ կատո՞ւ շալակել… Ամեն պար պարել էիր, ծնողական ժողո՞վն էր մնացել, պարոն Հարությունյան: Միշտ այսպես է լինում: Պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ էդ անտեր պաշտոնը քաղցրանում է: Արայիկը չի ուզում Արսենի հետ գնալ, պայքարում է: Վերջում էլ հավելել է. «Չվախենաք խավարից եկող աղմուկից եւ ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»: Ո՞ւմ են ուղղված քաջալերանքի այս խոսքերը՝ ծնողների՞ն, որոնք «աղմկում» են փողոցում («խավարում»), թե՞ սեփական թիմին՝ Նիկոլին, որ խիստ զայրացած է ԿԳՄՍ նախարարության խայտառակ ձախողումների պատճառով: Հա, չմոռանամ ԿԳՄՍ նախարարի կարապի երգը «լայքողներին» տեղեկացնել՝ «ամենամութ ժամը լուսաբացից առաջ է» արտահայտության հեղինակը բրազիլացի ֆանտաստ գրող Պաուլո Կոելիոն է, ոչ թե Արայիկ Հարությունյանը, որն այդ արտահայտությունը փչացրել է տիպիկ իմքայլական այս ախմախությամբ. «Չվախենաք խավարից եկող աղմուկից եւ ապատեղեկատվությունից»: Ասում եմ՝ ախմախություն, որովհետեւ լույսն ու խավարը Արայիկ Հարությունյանի պարագայում դեռեւս զատված չեն միմյանցից կամ, ավելի ստույգ, փոխված են տեղերով:

Ի՞նչ կարող է տալ հանրապետական ծնողական ժողովն Արայիկ Հարությունյանին, որ տեղի է ունենալու նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: Մեծ հաշվով՝ ոչինչ: Ես եւ Նիկոլ Փաշինյանը համոզված ենք, որ այդ ընթացքում միացված են լինելու բոլոր ֆիլտրերը, եւ համակարգչի էկրանին չեն երեւալու այն բոլոր «բարեմաղթանքները», որ զայրացած ծնողներն ու ուսուցիչները կուղղեն Արայիկ Հարությունյանին ու նրա ծնողներին: Փոխարենը մենք կտեսնենք «սրտիկների» իսկական հրավառություն, քոմենթներում կկարդանք հիացական խոսքեր եւ միայն այդքանը: Իսկ թե ընտրողաբար ինչ հարցերի կպատասխանի Արայիկ Հարությունյանը, կարծում եմ՝ կարիք չկա ավելորդ անգամ մանրամասնելու: Այլ խոսքով՝ գործ ունենք հերթական կապիկության հետ. կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հետ որեւէ կապ չունեցող մարդը փորձելու է պատասխանել ծնողների հարցերին, որոնցից շատերը Արայիկ Հարությունյանի քանդած ոլորտների ներկայացուցիչներն են՝ գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, մանկավարժներ, գրողներ, արվեստագետներ, երաժիշտներ…

Մտադրություն չունենալով գովազդել Արայիկ Հարությունյանի ծնողական ժողովը՝ նշեմ, որ այն տեղի է ունենալու այսօր, ժամը 20:00-ին, ինչպես արդեն ասացի՝ նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: Բոլոր ծնողներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել եւ պարոն նախարարին ասել այն, ինչ մտածում եք նրա ղեկավարած ոլորտներում տիրող իրավիճակի եւ մեր մատաղ սերնդի վտանգված ապագայի մասին: Դա պետք է առաջին հերթին ձեզ՝ սիրելի ծնողներ, բայց դա պետք է հետաքրքիր լինի նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ թե՛ որպես ծնողի եւ թե՛ որպես մի կառավարության ղեկավարի, որի վարկանիշն Արսեն Թորոսյանի եւ Արայիկ Հարությունյանի «ամուր» ձեռքերում է:

ՀԳ. Նախապես ասեմ, որ այդ ժողովից հետո, հնարավոր է, Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջն էլ անհետանա: Դա բնական է, եւ պետք չէ սեւեռվել ֆեյսբուքյան էջերի անհետացման դեպքերի վրա: Սորոսի քվոտայով կառավարություն խցկված պաշտոնյաները չեն կարող իրավապահներից գաղտնիքներ չունենալ: Սա, որքան էլ զարմանալի թվա, աքսիոմ է: