Ռեկտորի ինչի՞ն է պետք «Պողոսի» վարկային պատմությունը

Ռեկտորի ինչի՞ն է պետք «Պողոսի» վարկային պատմությունը

Սորոսական «թեւերով» Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր դարձած Ռուստամ Սահակյանը՝ ԿԳՄՍ նախարարի կադրը, նույն՝ կադրային քաղաքականության հարցերում խիստ յուրօրինակ մոտեցում ունի, որի գործադրման արդյունքում՝ ռեկտորի աթոռին բազմելուց ամիս չանցած, շուրջ 60 մարդու ազատել է աշխատանքից, ասել է թե՝ դարձրել գործազուրկ։ Դարձրել է, որպեսզի խնայվող միջոցներից նախ իր աշխատավարձը կրկնապատկի, ապա նաեւ կարողանա ինքնապարգեւատրվել, ասենք, 350 հազար դրամով՝ կեղծ ծառայություննների մատուցման պայմանագիր կնքելու շնորհիվ։ 
Բայց սա սկիզբն էր։ 
Ս․թ․ հուլիսի 20-ին ռեկտորի հրամանով գործողության մեջ է դրվել «Համաձայնություն» («Անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ») անվանված մի փաստաթուղթ (բազմաթիվ վրիպակներով), որ հետո տրվել է բուհի աշխատակիցներին՝ անհատական ստորագրման։ Աշխատակիցների մի մասը ստորագրել է՝ առանց տեքստին ծանոթանալու, իսկ ավելի զգուշավոր հատվածը (որոնց զգուշավորության սրման պատճառը թերեւս նույն ռեկտորի ապօրինի եւ ամենեւին էլ ոչ հօգուտ աշխատողների իրականացվող գործունեությունն է) խոհեմաբար ծանոթացել է համաձայնագրի տեքստին եւ․․․ հրաժարվել ստորագրելուց։
Ըստ այդ փաստաթղթի՝ ապօրինի, տարօրինակ եւ կասկածելի բազում պահանջների թվում համալսարանի աշխատողը պարտավորվում է համալսարանին ներկայացնել, ուշադրությո՛ւն, իր «վարկային պատմությունը», «ավանդները», «նյութական օժանդակությունները», «բանկային տվյալները», «հարկերը», «պարգեւավճարները», նույնիսկ «ալիմենտները» (ընդ որում՝ հոգնակի թվով, որովհետեւ աշխատակիցը, ա՛յ-ա՛յ-ա՛յ, կարող է նաեւ բազում անգամներ ամուսնալուծված լինել)։ Պարտավորությունների այս ցանկը երկար է, բայց սահմանափակվենք վերը թվարկվածով եւ հարցնենք ռեկտոր Ռ․ Սահակյանին, համալսարանի իրավաբան Քրիստինե Ղազարյանին, գլխավոր հաշվապահ Ղուկաս Ղուկասյանին, ձեռի հետ՝ նաեւ ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչությանը եւ հենց իրեն՝ նախարար Արայիկ Հարությունյանին․ ձեր ինչի՞ն են պետք, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ՎՊՀ թշվառ դասախոս Պողոս Պողոսյանի «վարկային պատմությունը», «ավանդները», «ալիմենտները»․ պահանջում եք, որ ի՞նչ։ Ընդհանրապես, այդ տվյալները որքանո՞վ են առնչվում կրթական գործընթացի կազմակերպմանը, որեւէ բուհի կառավարման արդյունավետության ապահովմանը։ Համալսարանը կրթօջա՞խ է, թե՞ քրեակատարողական հիմնարկ։ Պահանջելը քիչ է, դեռ «հոդված» եք դնում Պողոսի վրա, թե վերոհիշյալ «տողերով» տվյալները փոփոխվելիս «երեք աշխատանքային օրվա ընթացքում» համալսարանին չտեղեկացնելու դեպքում կնքված աշխատանքային պայմանագիրը կխզվի, եւ հպարտ Պ․ Պողոսյանը կհայտնվի փողոցում։ 
Այս ամենն այնքան արտառոց է, անտրամաբանական, անհավատալի, որ արդեն ողջամիտ կասկածներ են ծագում առ այն, թե՝ գիտակցելով, որ համաձայնագիրը հարուցելու է արժանապատիվ որոշակի մարդկանց դժգոհությունն ու ընդդիմությունը, ի սկզբանե ակնկալիքներ են եղել, որ նրանց շարքերում կլինեն նաեւ համալսարանը թողնող-հեռացողներ։ Իսկ Ռուստամ Սահակյանին գուցե հենց դա էլ պե՞տք է։ Ի՞նչ վատ միջոց է՝ բուհի եւ իր ֆինանսական վիճակն առավել կայունացնելու։
Ավելորդ է ասել, որ ռեկտորի այդ ապօրինի փաստաթուղթ-պահանջը հակասում է թե՛ «Անձնական տվյալների պաշտպանության մասին», թե՛ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների մի շարք դրույթների, թե՛ նաեւ Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին: 
Հակասում է նաեւ հասարակ տրամաբանությանը։ Եվ քանի որ ՎՊՀ ռեկտորը տրամաբանության գծով խորացած մասնագետ է, սպասում եմ իր արձագանքին։

ՀԳ․ Խնդրո առարկա համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվել են ՎՊՀ օտար լեզուների, հայոց լեզվի եւ գրականության ամբիոնների դասախոսները՝ գրեթե ամբողջական կազմերով։