Այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը դարձել է մեծ պետությունների թատերաբեմ

Այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը դարձել է մեծ պետությունների թատերաբեմ

«Հրապարակի» զրուցակիցն է թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։

-Ալիևը հայտարարեց, որ Ֆրանսիան վարում է հակաադրբեջանական քաղաքականություն և այդ պատճառով ինքը չի մասնակցի Գրանադայում կայանալիք հանդիպմանը։ Ի՞նչ էր ցանկանում ասել սրանով։

-Նախ և առաջ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններն այդքան էլ վատ չեն, ինչքան որ Ալիևը փորձում է դա ներկայացնել, հատկապես չմոռանանք, որ Բաքու-Ջեյհանի բաժնետերերից մեկը նաև ֆրանսիական Թոթալ ընկերությունն է և Ֆրանսիան համարվում է Ադրբեջանում արտաքին ներդրողներից մեկը։ Այսինքն, իրենց այդ ցուցադրական խաղն այլ նշանակություն ունի։

-Ի՞նչ նշանակություն։

-Իրենք ինչ-որ խաղ են խաղում, որտեղ պիտի ներգրավեն Հայաստանին ամբողջությամբ։ Եվ այդ խաղի արդյունքները առայժմ դժվար է ասել, քանի որ ամեն ինչ կախված է, թե Հայաստանում գոյություն ունեցող իշխանությունները, նրանք, ովքեր այսօր ղեկավարում են Հայաստանը, ինչպիսի ռեակցիա ցույց կտան։ Չնայած իրենց հակազդեցությունն արդեն պարզ է, իրենք խաղում են նույն խաղը, ինչ որ Ադրբեջանն է ուզում։ Այս ամեն ինչը հանգեցնելու է այն բանին, որ Հայաստանի ժողովրդի աչքին պետք է փորձեն բարձրացնել Ֆրանսիայի դերակատարումը և պետք է փորձեն նվազեցնել այդ խաղացողների դերակատարումը։ Այս ծիրի մեջ պետք է հստակ հասկանալ, այսօր աշխարհը փոխվում է և աշխրահակարգ է փոխվում և առաջ են գալիս նոր ուժեր։ Այդ ուժերը իրար հետ հակառակ են՝ մի կողմում են Ռուսաստան, Չինաստան, մյուս կողմում են Միացյալ Նահանգներ, հավաքական Արևմուտք և այս բախումը մեր տարածաշրջանում բախում է, որ պետք է սահմանափակի Ռուսաստանի, Չինաստանի դերակատարումը մեր տարածաշրջանում և կտրի Ռուսաստանի կապը դեպի Չինաստան և դեպի Միջին Արևելք։ Հիմա այս խաղի մեջ ամեն մեկն իր դերակատարումն ունի՝ դժբախտաբար Հայաստանը դարձել է մեծ պետությունների խաղալու թատերաբեմ, որը բացարձակապես հայկական շահից չի բխում, բայց այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք գնացել ենք դեպի դա ու հասել ենք դրան։ Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի նմանատիպ դրսևորումները կամ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունները Երևանում այդքան էլ մեծ բան չի նշանակում։ Կամ իրենք ասում են՝ պատրաստ ենք զենք, զինամթերք տալ, մյուս կողմից տեսնում ենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ ի վիճակի չեն տալ, քանի որ Եվրոպան այնքան Ուկրաինային զենք ու զինամթերք տվեց, որ հիմա հասել են իրենց պահուստային ֆոնդի ռազմավարական մակարդակին և իրենք ավելին չունեն տալու։ Այդ զենքերը, եթե նույնիսկ տան, ի՞նչ ենք անելու՝ իրենց զինտեխնիկան գործածելու համար մասնագետներ պետք է ուղարկենք Ֆրանսիա, որ տարիներով սովորեն, թե ինչպես դա կիրառել։ Կամ հարց է, այդ զենքերը որքանո՞վ արդյունավետ կլինեն մեր հայրենիքի ռելիեֆի դեպքում։ Այդ իսկ պատճառով պետք է հստակեցնել՝ իրենք ինչ են ուզում տալ և դրա դիմաց ինչ են մեզանից ուզում՝ սա է կարևորը։

-Մյուս կողմից Իրանի ԳՇ պետը հայտարարում է, որ պատրաստ են իրենց դիտորդներին տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ Իրանը հասկանում է, որ արտատարածաշրջանային ուժերը փորձում են ֆիզիկական ներկայություն ունենալ և ամրպանդում են իրենց ներկայությունը Հայաստանում։

-Իրանը Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրից հետո ընդհանրապես Անդրկովկասից հեռացել է և Անդրկովկասը հանձնվել էր Ռուսաստանին: Իրանը Անդրկովկասը միշտ դիտարկել է Ռուսաստանի ազդեցության գոտի։ Սովետական Միության փլուզումից հետո՝ սկզբնական շրջանում իրենք փորձեցին տարածաշրջանում ակտիվանալ, բայց հետո շատ արագ նահանջեցին և այդ նահանջը միայն մի խնդիր ուներ, որ սա իրենք դիտարկում են բացառապես ռուսական ազդեցության գոտի և ցանկություն չունեն Ռուսաստանի հետ գնալ առճակատման։ Վերջին շրջանում իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման արդյունքում, մանավանդ, եթե չեմ սխալվում սեպտեմբերի 19-ի՝ Շոյգույի այցը Իրան և այնտեղ հանդիպումները, որ ունեցավ բարձրաստիճան ղեկավարության հետ և քննարկվեցին Անդրկովկասի հարցերը, արդեն առերևույթ երևում էր, որ Ռուսաստանն առաջարկում է Իրանին՝ տարածաշրջանում ավելի ակտիվ լինել, ավելի ակտիվ ներգրավվել իր քաղաքական և տարածաշրջանային հարցերում։ Նույն ժամանակահատվածում, երբ Շոյգուն Իրանում էր, Իրանի Պաշտպանության նախարարը հրավիրում է ՀՀ Պաշտպանության նախարարին, որպեսզի այցելի Իրան և այնտեղ եռակողմ հանդիպում ունենան՝ Ռուսաստան-Իրան-Հայաստան, սակայն մեր Պաշտպանության նախարարը հրաժարվեց և չգնաց։ Իսկ ԱԽՔ քարտուղարի հանդիպումները Իրանի արտգործնախարարի և Իրանի ԳՇ պետի, ՊՆ-ի հետ, բերեց այն եզրակացության, որ Իրանն առաջարկ է անում։ Սակայն, դա չի նշանակում, որ դա այդպես էլ կլինի, կամ որպեսզի դա ստացվի, Իրանը պետք է համոզի նաև Ադրբեջանին։ Այսօր նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարն է հանդիպել իրանական ռազմածովային ուժերի պատասխանատուների հետ և իրար հետ համաձայնվել են, որ Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացնեն։ Սա նշանակում է Իրանի ակտիվացում տարածաշրջանում, թե մինչև ուր կգնա՝ դժվար է ասել, որովհետև մեր տարածաշրջանում բացի Ռուսաստան-Թուրքիա մրցակցությունից, Ռուսաստան-Իրանն էլ են մրցակից, և այս մրցակցությունը, եթե Իրանի ակտիվացումը տարածաշրջանում մեծանա՝ պետք է լինի ի հաշիվ Թուրքիայի, որը Թուրքիան չեմ կարծում այդքան հեշտ թույլ տա։ Միգուցե փորձեն ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա, որպեսզի ՀՀ-ն կամ չմասնակցի գործընթացին կամ ինչ-որ պատճառաբանությունների բերի, որպեսզի չմասնակցի։ Այնպես, որ այս խմորը դեռ շատ ջուր է խմելու և առաջարկությունը դեռ չի նշանակում, որ դա իրականություն կդառնա։