Ում հասցրել՝ ձերբակալել են․ Պատերազմի մասնակիցը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալության մասին

Ում հասցրել՝ ձերբակալել են․ Պատերազմի մասնակիցը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալության մասին

«Մարտական եղբայրությունը» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։

«Հրապարակի» հետ զրույցում Ավետիս Ավետիսյանի մարտական ընկեր, հասարակական գործիչ Արման Մխիթարյանը տեղեկացրեց, որ վերջինիս ձերբակալել են վաղ առավոտյան, իրենց մարտական ընկեր, «Մարտական եղբայրությունը» անդամ Գոռ Ասատրյանի հետ միասին։

«Վաղ առավոտյան Ավոն գնացել է Գոռի հետևից, որպեսզի շարժվեն Ոսկեպար ու Գոռի տան մոտ էլ ձերբակալել են։ Երկուսն էլ պատերազմի մասնակից են, մեր մարտական ընկերներն են, բոլորս նույն ջոկատում ենք կռվել»,-ասաց Մխիթարյանը։

Ավետիս Ավետիսյանը բնակվում է Նոր Նորքում, իսկ Ասատրյանը Ավանում, հենց Ավանում էլ երկուսին ձերբակալել են։

«Ում հասցրել են՝ ձերբակալել են, մեքենաների մի մասն արդեն Ոսկեպարում է, մի մասին չեն ահսցրել ձերբակալել»,-ասաց պատերազմի մասնակիցը։ 

Նա նշեց, որ միաբանության տարածած տեսանյութից երևում է, որ ամենայն հավանականությամբ ՊՊԾ-ի կողմից են բերման ենթարկվել, այս պահին որևէ տեղեկություն չունեն, թե որտեղ են գտնվում Ավետիս Ավետիսյանն ու Գոռ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ Ավետիս Ավետիսյանը վիրավորվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ ու առողջական լուրջ խնդիրներ ունի։

Հ․Գ․Միաբանության հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ միաբանության անդամներին բերման են ենթարկում զենք-զինամթերք պահելու կասկածանքով։