ՔՊ-ական ավագանու անդամները զարմացած եւ զայրացած են գործընկերոջ արարքից

ՔՊ-ական ավագանու անդամները զարմացած եւ զայրացած են գործընկերոջ արարքից

Օրեր առաջ գրել էինք, որ Գյումրիում կողոպտել են ՌԴ 2 քաղաքացու, իսկ հանցագործության մասնակիցներից մեկը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ է: Այսօր արդեն ոստիկանությունից տեղեկացանք, որ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամն ու նրա 3 ընկերները, որոնք ձերբակալվել էին ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, երկու ամսով կալանավորվել են։ Մեր տեղեկեւթյուններով, երկու հոդվածով է նրանց մեղադրանք առաջադրվել։ Մեկը խմբակային ավազակությունն է, մյուսը փաստաթուղթ հափշտակելը։

Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամները թեև զարմացած եւ զայրացած են իրենց գործընկերոջ՝ Աղասի Մաթևոսյանի պահվածքից,այս պահին դեռ չեն շտապում նրան մանդատից զրկելու հարցը օրակարգում ներառել, քանի դեռ գործը նախաքննության փուլում է։ Աղասի Մաթևոսյանը ավագանու մանդատը մոտ մեկ տարի առաջ էր ստացել, երբ խմբակցությունից մեկը ինքնաբացարկ էր ներկայացրել։

Նշենք, որ Աղասի Մաթևոսյանի հայրն էլ քաղաքապետարանում պաշտոն է զբաղեցնում, նա համայնքապետարանի ենթակայությամբ գործող ավտոբուսային պարկի տնօրենն է։

Հիշեցնենք, որ ավագանու մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել․ «Փետրվարի 3-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03.00-ի սահմաններում ընկերուհու հետ եղել են Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած երեք անձինք սկսել են խուզարկել իրենց, իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերը և հեռախոսը, վիճաբանել են իրենց հետ, ինչից հետո նրանցից մեկը իր դրամապանակից վերցնելով 910 եվրո՝ հեռացել են: Քաղաքացին նաև հայտնել էր, որ այդ ժամանակ նկատելով պարեկային ծառայության մեքենան՝ մոտեցել են և պարեկներին հայտնել կատարվածի մասին: Պարեկային ծառայողները և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Թեհլերյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Ախուրյանի բաժին են տարել չորս տղամարդու՝ «Նիվայով» հանդերձ: Բաժնում կատարված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Գյումրեցի չորս տղամարդիկ, կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին»,-ասված էր հաղորդագրությունում: