Փաշինյանը ոչ թե փրկել է Հայաստանը, այլ հետեւողականորեն կործանում է այն

Փաշինյանը ոչ թե փրկել է Հայաստանը, այլ հետեւողականորեն կործանում է այն

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ 44-օրյա պատերազմից հետո եւ դրա արդյունքներով ինքը ճիշտ հետեւություն է արել. պետք է ուժեղների եւ հաղթողների հետ հարաբերվել ոչ թե կոնֆրոնտացիայի, այլ հարաբերությունները կարգավորելու ռեժիմում։ Վստահ է, որ Հայաստանի գոյությունը կոնֆրոնտացիայից հրաժարվելու, կոնֆրոնտացիան բացառելու մեջ է: «Բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ, խնդիրն այն է, թե որքանով են այդ հակասությունները վերաճում կոնֆրոնտացիոն տրամաբանության: Հայեցակարգային առումով մեր մեծագույն խնդիրը որն է. հայեցակարգային եւ ռազմավարական առումով մենք մեր պետության գոյության ողջ ընթացքում եղել ենք եւ գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը, իմ կարծիքով, մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով` ե՛ւ անվտանգային, ե՛ւ զարգացման, ե՛ւ միջազգային ազդեցության առումով: Այդ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ մենք չենք կարողացել եւ չենք կարողանալու ապահովել մեր երկարատեւ զարգացումը եւ անվտանգության ապահովումը»,- իր մամուլի ասուլիսում հայտարարում է Փաշինյանը՝ կարծելով, թե գտել է Հայաստանի փրկության եւ հավիտենականության գաղափարը:

Ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ընդդիմության կողմից Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ արվող քայլերին, խոսքը, ամենայն հավանականությամբ, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնելու «Հայաքվեի» նախաձեռնության մասին էր, Փաշինյանն ասում է. «Մի շարք հարցադրումներ, որոնց իրագործումը նշանակում է, որ (ես ոչ մի գնահատական չեմ տա, չեմ ասի, որ դրանք վատ շեշտադրումներ են, չեմ ասի, որ լավ շեշտադրումներ են) կան մի շարք շեշտադրումներ, որոնք նշանակում են մեկ բան` Հայաստանը, ինչպես նախորդ 30 տարիներին, այնպես էլ հաջորդ 30 տարիներին պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում: Մենք համաձայն ենք սրան»: Փաշինյանն ուզում է ասել, որ Արցախից չհրաժարվելը նշանակում է շարունակել հակամարտությունն Ադրբեջանի հետ՝ այնպես, ինչպես եղել է նախորդ 30 տարիներին, իսկ հրաժարվելը կնշանակի Ադրբեջանի հետ ունեցած հակասությունների հարթում: Սա՝ Փաշինյանի տրամաբանությամբ: 

Շարունակելով կոնֆրոնտացիայի ռեժիմում ապրելու վտանգավորության իր թեզը՝ Փաշինյանն ասում է. «Եթե որեւէ պատրվակով Հայաստանը ձեւակերպի բանաձեւ, որը պիտի նշանակի, որ Հայաստանը պետք է առաջիկա 30, 10, 5 տարիներին ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում, դա նշանակում է, էլի եմ ասում՝ ոչ թե ցանկության, խնդրում եմ իմ ասածը չընկալել որպես որակում, որպես որեւէ մեկի մտադրությունների կամ ցանկությունների հասցեին, այլ ընկալել որպես այդ՝ գուցե բարի, գուցե կառուցողական նպատակադրումների արդյունքների կամ հետեւանքների առումով: 20 թվի պատերազմից հետո այդ մեղադրանքները, որոնց մեջ շատ էական լեգիտիմություն կա, ինձ ուղղվել են, որ ինչի այդ ամենի մասին ես չէի խոսում 18-19 թվականներին: Որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ եւ նման պարտավորություն ունեցող պաշտոնյա՝ ես հարկ եմ համարում հիմա ասել, որ եթե որեւէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի կոնֆրոնտացիոն ռեժիմում ապրել առաջիկայում, ինքը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության պետականությունը, պետության գոյությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը դնում է կասկածի տակ: Ես չեմ ասում, որ նրանք դա ուզում են, բացարձակապես, բայց հետեւանքը լինելու է դա: Եվ սրա մասին վկայում է մեր պատմական փորձը` մոտ եւ հեռու: Եկեք արձանագրենք, որ մենք 2020 թվականի պատերազմից հետո, ըստ էության, գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը եւ պետականությունը»:

Մի կողմ դնենք Հայաստանի փրկիչը լինելու, ընդհանրապես՝ իրեն փրկչի դերում ներկայացնելու փաշինյանական մտածողության անհեթեթությունը եւ զավեշտը: Փաշինյանն ավելի մեծ ինքնախաբեության մեջ է, որը փորձում է տարածել ամբողջ Հայաստանի վրա: Նա համոզված է, որ ինքը 2020 թվականի պարտությունից ճիշտ դաս է քաղել, եւ այդ դասն այն է, որ ոչ մի դեպքում չի կարելի մտնել հակամարտության մեջ, որ դա կործանարար է: Մի անգամ իրեն հաջողվեց հրաշքով փրկվել, հաջորդ անգամ նման հրաշք կարող է տեղի չունենալ: 

Մենք գործ ունենք դասական պարտվածի հոգեբանական տիպի հետ, երբ մարդը տառապում է անլիարժեքության բարդույթով, նա հասկանում է, որ ինքն ընդունակ չէ հաղթանակի եւ պետք է ենթարկվի հաղթողի կամքին՝ իր ֆիզիկական գոյությունն ապահովելու հույսով: Ի՞նչ է նշանակում՝ հրաժարվել կոնֆրոնտացիայից. նշանակում է համաձայնել Ադրբեջանի ցանկացած պահանջի հետ, որովհետեւ ադրբեջանական ցանկացած պահանջի մերժում կարող է հանգեցնել կոնֆրոնտացիայի, ինչը, ըստ Փաշինյանի, կհանգեցնի Հայաստանի կործանման: Փաշինյանը չի հասկանում, որ պետությունները եւ ազգերը կործանվում են ոչ թե հակադրվելու, այլ իրենց ճակատագիրն ինքակամ իրենց թշնամիների բարեգթությանը հանձնելու արդյունքում: Այդպես Փաշինյանը գուցե փրկի իրեն, բայց հաստատ կործանման է տանում Հայաստանը:

Փաշինյանը սխալ եւ խեղաթյուրված ընկալում ունի միջազգային հարաբերությունների մասին, երբ հայտարարում է, որ բոլոր երկրներն էլ ունեն հակասություններ, բայց աշխատում են դրանք չվերածել կոնֆրոնտացիայի: Ամբոջ համաշխարհային պատմությունը ազգերի եւ պետությունների մրցակցության պատմություն է, մղված հազարավոր պատերազմները՝ մեկը մյուսին ոչնչացնելու եւ պարտվածների հաշվին սեփական կենսական տարածքը մեծացնելու պայքար են: Նայենք մեր շուրջը, նայենք մեր հարեւաններին եւ կտեսնենք, որ նրանք ներգրավված են ոչ թե մեկ, այլ մի քանի հակամարտությունների մեջ: Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ճապոնիան, Կորեաներն ու Միջին Ասիայի երկրները, Հնդկաստանն ու Պակիստանն անվերջ ու անհաղթահարելի թվացող կոնֆրոնտացիաների մեջ են: Իսկ որքա՜ն հակամարտություն կա աֆրիկյան մայրցամաքում, Հարավային Ամերիկայում: Փաշինյանը վախենում է հակադրվելուց, որովհետեւ նա ֆիզիկապես եւ հոգեբանորեն սարսափում է պարտությունից, նա համոզված է, որ ինքն ընդունակ չէ հաղթելու, ցանկացած նոր հակամարտություն երաշխավորված պարտություն է, ինչն իր համար կլինի կործանում: 
«Հայաստանը դնել կոնֆրոնտացիոն ռեժիմում՝ նշանակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը դատապարտել չգոյության: Ես սրանում համոզված եմ»,- միտքը եզրափակում է Փաշինյանը՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ պարտված, նոր պարտության վախով կաշկանդված մարդն իրավունք չունի պետություն ղեկավարել: Նրա բանաձեւը հաղթողին անվերապահ ենթարկվելն է, հաղթողի բոլոր պահանջները կատարելը, հնազանդվելն ու համակերպվելը, որպես սեփական գոյությունը քարշ տալու միակ երաշխավորված միջոց: Նույնը նա պահանջում է նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններից՝ ասելով. «Ինձ համար հասկանալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղում, որոնք բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցություններն Ադրբեջանի հետ: Մյուս կողմից հիշատակման արժանի է, որ նաեւ Լեռնային Ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին»: Փաշինյանը նկատի ունի Սամվել Բաբայանին՝ հուշելով, որ հենց Բաբայանն է Արցախում փաշինյանական հակակոնֆրոնտացիոն, պրոադրբեջանական գծի կրողը:

Հայաստանը փրկելու միակ տարբերակը պարտված ու վախեցած Փաշինյանից ազատվելու մեջ է: Բնության մեջ պարտվածները չեն կարող առաջնորդ լինել, մենք հիմա գնում ենք բնության օրենքներին դեմ՝ մեզ դատապարտելով երաշխավորված կործանման:

Ավետիս Բաբաջանյան