«Հրապարակ». Մեզ մեղադրողներից քանի՞սն են 2018-ի ընտրություններին իրենց քվեն տվել ՀՅԴ-ին

«Հրապարակ». Մեզ մեղադրողներից քանի՞սն են 2018-ի ընտրություններին իրենց քվեն տվել ՀՅԴ-ին

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է:

- Վարչապետ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսն էր հրավիրել: Ասուլիսի առանցքն Արցախն ու արցախահայերն էին: Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանը չի կարող Արցախում տիրող իրավիճակը փոխել, եւ կրկին խոսեց Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մասին: Ի՞նչ եք կարծում` Հայաստանն իսկապե՞ս անկարող է ինչ-որ բան փոխել այսօր:

- Նոյեմբերի 9-ի պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում է հայ հասարակությանը համոզել, որ դեռ մինչեւ պատերազմն ամեն ինչ կորած է եղել, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ միավոր եւ այլն, եւ այլն: Նա ասում է, որ Հայաստանը թույլ է, իսկ դա նշանակում է, որ մինչեւ պատերազմն էլ ամեն ինչ վերջացած է եղել հայկական կողմի համար: Ասել է, թե որեւէ սխալ բան իշխանությունները չեն արել: Պատերազմից հետո նա նորից փորձում է մարդկանց համոզել, որ պարտությունն ունի օբյեկտիվ պատճառներ, չնայած այն հանգամանքին, որ մեղքը բարդվել է գեներալիտետի վրա, մոռանալով, որ այդ նույն գեներալներին նշանակել էր ինքը` խոսքը թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ զինված ուժերի եւ թե՛ Պաշտպանության բանակի ղեկավարի մասին է: Նիկոլ Փաշինյանի հիմնական քաղաքական գիծն այն է, որ ամեն ինչ կորած է, ոչ մի բան փոխել հնարավոր չէ: Նա այսկերպ փորձում է մարդկանց մեջ կոտրել պայքարի ոգին, որովհետեւ, եթե մարդը կարծում է, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, դադարում է պայքարել, ձեռքերը ծալած նստում է: Փաշինյանը հենց այդ հոգեբանական տեռորն է իրականացնում այսօր հայ ժողովրդի դեմ, որովհետեւ, եթե ասի, որ ինչ-որ բան փոխել հնարավոր է, մարդիկ էլ կասեն` դե դու էլ փոխիր քո քաղաքականությունն ու արդյունք արձանագրիր, իսկ եթե չես կարողանում, թող դա անեն ուրիշները: Նիկոլ Փաշինյանը փորձում է կոտրել ու թեւաթափ անել հայ ժողովրդին: Իրավիճակը շտկել, փոխել, իհարկե, հնարավոր է, դրա համար պարզապես պետք է նախ ուժ գտնել եւ գլխիկոր չենթարկվել Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ մտածելով, որ եթե Ադրբեջանին զիջենք այն, ինչ ցանկանում է, այլ հարցերում կշահենք, ապա մտածենք ազգային շահերի մասին: Ադրբեջանը միայն Արցախով չի բավարարվելու եւ դա չի էլ փորձում թաքցնել: Ստացվում է, որ Արցախն Ադրբեջանին զիջելով ոչ թե ապահովագրում ես Հայաստանը, այլ ճիշտ հակառակը՝ այդկերպ Հայաստանն առավել խոցելի է դառնում: Նիկոլ Փաշինյանն Արցախից ձեռքերը լվանալու փոխարեն պետք է ասի, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը եւս մեկ անգամ փաստում է, որ նրա տիրապետության տակ Արցախն անգամ չի կարող գոյատեւել:

- Փաշինյանը նշեց, որ տարիներ շարունակ Արցախի հարցով ֆեյք քաղաքականություն է վարվել: Ըստ էության, եւս մեկ անգամ նախկին իշխանություններին է փորձում մեղադրել:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցություններն իր սեփական կետից է սկսել: Եթե զրոյական կետից ես սկսել բանակցել, ուրեմն անցյալի սխալներն ու թերացումները չեն կարող քո ձախողումների պատճառը դառնալ: Նա ժառանգել է մի փաստաթուղթ, որը մշակվել է 2018 թվականին, այն կոչվում է Կրակովյան փաստաթուղթ, որտեղ հստակ նշված է, թե ինչպես է լուծվելու արցախյան հակամարտության կարգավորումը: Այդ փաստաթուղթն անցյալում արված աշխատանքի արդյունքն էր, որը ստացել էր Նիկոլ Փաշինյանը: Նախորդ իշխանությունները թույլ չեն տվել թուրքին հասնել Ներքին Հանդ, Շորժա, Սոթք, Երասխ, Կոռնիձոր եւ Ջերմուկ, իսկ Արցախի ժողովուրդն ապրել է ապահով, Արցախը եղել է անկախ պետություն, միջազգային հանրությունն էլ ընդունել է, որ Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի երեք հիմնական սկզբունքային կետերի վրա, որից ամենակարեւորն ազգերի իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքն է: Նիկոլ Փաշինյանը, դառնալով վարչապետ, վիժեցրեց այդ բոլոր պրոցեսները:

- Սակայն այսօր մեծ դժգոհության ալիք կա նաեւ ընդդիմությունից: Գոնե ՀՅԴ-ն հեղափոխական կուսակցություն է, պայքարի երկարամյա փորձ ունի, սակայն այս շրջանում բոլորդ պասիվ եք: Ձեր խմբակցության պատգամավորներից շատերը մեկնել են հանգստի, կարծես ոչինչ էլ չի կատարվում Արցախում, ոչինչ չեն խոսում, ոչինչ չեն ձեռնարկում: Խորհրդարանական ընդդիմության կողմից մեծ անտարբերություն է նկատվում: Ինչո՞ւ:

- Հանգստի մեկնելու մասով չեմ կարող ասել, թե ով որտեղ է գնացել: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին մեղադրողներին, ապա ինձ հետաքրքիր է, թե մեզ մեղադրողներից քանիսն են 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններին իրենց քվեն տվել ՀՅԴ-ին: Շատերը գնացել եւ քվեարկել են Փաշինյանի օգտին, իսկ հիմա ՀՅԴ-ին ասում են` դուք եք հեղափոխական կուսակցությունը: Ի՞նչ են ակնարկում դրանով: Ի՞նչ են ուզում:

- 2021-ին էլ շատերն արթնացան թմբիրից եւ իրենց քվեն տվեցին ձեզ, ձեր դաշինքին․․․

- Հասկացանք, բայց եկեք ընդունենք, որ 2020 թվականի պատերազմն այդ սխալ ընտրության արդյունքն էր` 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունների մասին է խոսքը:

- Բայց Դաշնակցությունը եւս այդ ժամանակ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին: 18-ի իշխանափոխությունից հետո կառավարության մաս կազմեցիք, խորհրդարանում ձայն տվեցիք Փաշինյանին։ Այսինքն` մեղավորներից մեկն էլ դո՞ւք եք:

- Սատարել ենք, որովհետեւ չէինք կարող երկրում անարխիա թույլ տալ: Դաշնակցությունը ժամանակավոր կառավարության մաս կազմեց, որը պետք է գործեր մինչեւ նոր ընտրությունները: Նպատակը երկիրն անցնցում պահելն էր: Դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն երբեւէ Արցախի հարցում փոխել է իր դիրքորոշումը: Այսօր պետք է ընդունենք, որ ընդդիմության շարքերում ամենաակտիվը հենց Դաշնակցությունն ու «Հայաստան» դաշինքն են:

- Ինչո՞վ եք ակտիվ: Շուտով Երեւանի քաղաքապետի ընտրություններն են սկսվում, սակայն ոչ մի հստակ ընտրություն չունեք: Անդրանիկ Թեւանյանի անունն է շրջանառվում «Հայաստան» դաշինքից, այն էլ կարծես դաշինքի թեկնածուն չէ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում:

- Ես այդ մասին ոչինչ ասել չեմ կարող: Լիազորված չեմ այդ մասին խոսել: Կարծես դեռ վերջնական որոշում չկա: