Իրենց «տրյապկեքից» են տեղը ուզում դնել․ Համայնքապետի որդին՝ հոր մեղադրանքի մասին

Իրենց «տրյապկեքից» են տեղը ուզում դնել․ Համայնքապետի որդին՝ հոր մեղադրանքի մասին

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դեմ հարուցված քրեական գործը նրա որդին՝ Վանուշ Մանուչարյանը շինծու է համարում և որակում է քաղաքական հետապնդում։ Բերդում էլ խոսում են, որ համայնքապետը խոչնդոտ էր իշխանության համար՝ տարածքների զիջման եւ այլ հարցերում: Մասնավորապես, Տավուշի «անկլավների» մասին է խոսքը: Բերդի բնակիչներից մեկն ասաց՝ «հողին կպած մարդ է, նման բան թույլ չէր տա, դրա համար քրեական գործ հարուցեցին»։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ Հարություն Մանուչարյանը պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տվել, առաջադրված մեղադրանքներից մեկում նույնիսկ որդու անունն էլ կա, թե որդին ինքնակամ հենապատ է կառուցել, իսկ համայնքի ղեկավարը որդուն չի տուգանել՝ այդպես «արատավորելով համայնքապետի կոչումը»։ Համայնքապետին ձերբակալել են, ապա 1 ամսով կալանավորել։ Մեզ հետ զրույցում Վանուշ Մանուչարյանն անդրադառնալով հորն առաջադրված մեղադրանքին, ասաց․ «Մեղադրանքը լրիվ սարքած գործ է, էդ ինչ-որ ինքնակամ շինություն են ասում, թե ինչ են ասում, համայնքի հողեր և այլն, դա լրիվ սարքած բաներ են։ Այս ամենը սկսվել է ընտրություններից հետո, պարզ չէ՞, որ սա քաղաքական պատվեր է, իրենց թվում է, որ այսօր իմ հոր աշխատանքը պիտի կասեցնեն, ըտեղ մի հատ էդ իրենց բաներից, էդ ինչպե՞ս են կոչվում, դրանցից մեկին բերեն դնեն, դրանով բան փոխվի, կամ իրենք դրանով մեզ պիտի վնաս տան։ Դա մեզ ոչ մի բան, այնպես չէ, որ մենք կպած ենք այդ պաշտոնից, ժողովուրդը ընտրել է, այդ մարդը ժողովրդի կողմից ընտրված, իր ժողովրդին էլ ծառայում էր, հիմա որոշել են, որ էլ պետք չենք․․․ դա է, հետագան ամեն ինչ ցույց կտա, մենք դրանից ոչ նեղվում ենք, ոչ էլ մի բան: Ուղղակի իմ հայրը հանցագործ չէ, որ մի ամսով էլ կալանավորել են, կամ իմ հայրը կոռուպցիաների հետ կապ չունի, ես իր տղան եմ, ես գիտեմ, թե իմ հայրն ինչ տեսակ մարդ է»,- ասաց Վանուշ Մանուչարյանը։

Համայնքապետի որդուց հետաքրքվեցինք, թե Բերդի բնակիչներն ինչպե՞ս են արձագանքել համայնքապետի կալանավորմանը․ «Այդ ամենը ժողովուրդը գիտի, համայնքի բնակիչներն էլ գիտեն։ Համայնքում իմ հորը միշտ էլ հարգել են, իմ հայրը միշտ էլ ժողովրդին սիրել, շփվել է։ Դուք կարող եք այդ նույն հարցերը զանգել ու պատահական մեր բնակիչներից մեկից հարցնել, կարծիքը իմանալ։ 10 հոգու զանգեք, ինձ թվում է՝ 10-ից առնվազն 8-ը դրական կարծիք կասեն»,- պատասխանեց Վանուշ Մանուչարյանը։ Նաև հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ իր հոր ձերբակալությունն ու այս քրեական գործը ինչ որ ձեւով կապ ունեն Ադրբեջանի հետ տարածքային վեճերի հետ, որ իր հայրը դեմ կլիներ անկլավների հանձմանը, Վ. մանուչարյանը պատասխանեց․

«Դե․․․,  միայն դա չէ։ Իմ կարծիքով այսօր այս երկրում նորմալ ղեկավար պետք չէ, այդքանը կարող եմ ասել, իրենց այդ «տրյապկեքից» է պետք, որ մեկին բերեն- դնեն, այդքանը կարող եմ ասել, իսկ թե հողե՞ր են տալիս, թե՞ ինչ են ուզում անել, դե էն տվածները արդեն գիտենք, իսկ որ հիմա նորերը պիտի տան, դրա մասին հստակ չեմ կարող ինչ-որ բան ասել»։