ՄԱԿ-ը՝ պրոֆեսիոնալ եւ անկողմնակա՞լ

ՄԱԿ-ը՝ պրոֆեսիոնալ եւ անկողմնակա՞լ

ՄԱԿ-Ը ՊՐՈՖԵՍԻՈՆԱ՞Լ ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱ՞Լ

Հոկտեմբերի 1-ին Արցախում ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ հայտարարությունում Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտնել է իր հիասթափվածության մասին: Հայտարարությունում քննադատվում է ՄԱԿ-ի ադրբեջանական գրասենյակի կողմից դեպի Արցախ իրականացված մեկօրյա՝ միջազգային խաղաղության ու անվտանգության տեսակետից անմիտ և անիմաստ առաքելությունը: Լեմկինի ինստիտուտի հայտարարությունն ավարտվում է հետևյալ տողերով. «…Արցախում հայության իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով, անկողմնակալությամբ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ»: Ի պատիվ իրեն, դա ինստիտուտի առաջին և ենթադրաբար ոչ էլ վերջին հայտարարությունն է լինելու: Բայց քանի որ ես միջազգային կազմակերպության անդամ չեմ, կարող եմ լինել ավելի բաց, կոշտ ու ճշմարիտ: Եվ ասել, որ տվյալ դեպքում ՄԱԿ-ի առաքելությունը գործել է ոչ պրոֆեսիոնալ ու ոչ անկողմնակալ: Ավելին, ընդհանրապես ՄԱԿ-ն այլևս չի գործում իր կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ՝ եթե, իհարկե, երբևէ գործել է: Եվ ժամանակն է, որ նա կրկնի իր նախորդի՝ Ազգերի լիգայի ճակատագիրը: Այսինքն, հայտարարություն տարածի ինքնալուծարման մասին ու նախաձեռնի դրա գործընթացը:

Չէ, ուղղեմ ինքս ինձ՝ ՄԱԿ-ն իսկապես գործել է մինչև նախորդ դարի 90-ական թվականները. այն ժամանակ, երբ աշխարհը երկբևեռ էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված երկբևեռ աշխարհում ՄԱԿ-ը ստիպված էր գործել իր կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ: Որովհետև աշխարհում առկա էր Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների ղեկավարությամբ ճամբարների մրցակցություն, ինչը գալիս էր կոմունիստական (կամ խորհրդային տիպի սոցիալիստական) և կապիտալիստական (կամ, այսպես կոչված, ազատ աշխարհի) գաղափարախոսական մրցակցությունից: Եվ երրորդ աշխարհի (կամ զարգացող) պետություններին իր կողմը գրավելու համար այդ երկու գերտերություններից յուրաքանչյուրը միջքազգային գլխավոր կառույցում փորձում էր իրեն ներկայացնել որպես առաքինության և արդարության տիպար ու հանգրվան: Սակայն ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո առաջացած միաբևեռ աշխարհում առաքինության և արդարության անվան ներքո ԱՄՆ-ն անում էր այն, ինչ փչում էր խելքին: Երբեմն ՄԱԿ-ին հայտնելով կոնկրետ այս կամ այն ծրագրի կամ գործողության մասին: Կամ երբեմն էլ ուղղակի բանի տեղ չդնելով միջազգային այդ կառույցին, որի համահիմնադիրներից մեկը նաև ինքն էր: Որի հիմնադրումը կատարվել է 1945 թվականին ԱՄն-ի Կալիֆոռնիա նահանգում և որի գլխավոր գրասենյակը մինչ այժմ գտնվում է ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում:

Վերջին երկու տարում՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, իրադրությունը վերադարձավ ի շրջանս յուր: Այսինքն՝ նախորդ դարի 60-70-ական թվականների վիճակին: ՄԱԿ-ում այսօր առկա է, մի կողմից, ԱՄՆ հեգեմոնիայով արևմտյան աշխարհի երկրների և, մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնության միջև ընթացող սառը պատերազմ: Ավելին, նախկին մրցակցությունը փոխարինվել է միմյանց նկատմամբ շատ ավելի անհանդուրժողական վերաբերմունքով: Ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է գործում մեր տարածաշրջանային խնդիրների վրա: Օգտվելով այդ իրավիճակից՝ թշնամի պետությունն ամբողջապես զավթեց Արցախը և չարժանացավ որևէ պատժամիջոցի: Իսկ Հայաստանի գործող իշխանությունը կամ, ավելի ճիշտ, Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի անձնական իշխանությունը բացարձակ ոչինչ չարեց դրա դեմ առնելու ուղղությամբ: Մեկ-մեկ մտածում եմ, որ եթե 2021-ին փետրվարի 25-ին կամ հունիսի 20-ին մենք կարողանայինք հեռացնել նրան վարչապետի պաշտոնից, ապա այս տարվա սեպտեմբերի 19-ից 21-ը կլիներ ոչ թե Արցախի հայաթափման շրջանը, այլ Ադրբեջան կոչված պետության վախճանի սկիզբը: Ինչևէ, դա մեզ չհաջողվեց, և Փաշինյան Նիկոլին մնաց իր սիրելի զբաղմունքը. միջազգային հանրությանը (Եվրամիությանը, ՄԱԿ-ին և այլ կառույցներին ու պետություններին) բոլոր նրբերանգներով հանդերձ հայտնել թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում: Եվ «վայելել» մեր ողբերգությունների առումով դրանց անիմաստ ու անտեղի խոսքային հասցեագրումները: