Փաշինյանը արձագանքեց Շահրամանյանի հայտարարությանը

Փաշինյանը արձագանքեց Շահրամանյանի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Այո, Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի դիտարկումներին:

«Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։ Նրանք, ովքեր էդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք էդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք՝ ինչ են արել էդ հնարավորության հետ։ Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք: Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Le Figaro-ի Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․

«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։