Իրականացնում են հակաահաբեկչական գործողություն

Իրականացնում են հակաահաբեկչական գործողություն

Տաջիկստանում ուժային կառույցները երկրի արեւելյան հատվածում՝ Լեռնային Բադաշխանի ինքնավար մարզում, իրականացնում են հակաահաբեկչական գործողություն։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի ՆԳ նախարարության մամուլի կենտրոնը։

Ըստ հաղորդման, հանցավոր խմբի անդամները, ցանկանալով ապակայունացնել հասարակական-քաղաքական իրավիճակը երկրում, փակել են Դուշանբե-Կուլմա միջազգային ավտոմայրուղին Լեռնային Բադաշխանի ինքնավար մարզի Ռուշանսկի շրջանի տեղամասում, պետական սահմանի անմիջական հարեւանությամբ։

Ճանապարհը բացելու, քաղաքացիների անվտանգությունն ու ճանապարհային անխափան երթեւեկությունն ապահովելու համար էլ տվյալ տեղամասում սկսվել են հակա-ահաբեկչական գործողություններ։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ հանցախմբի անդամները միջազգային ահաբեկչական կառույցների աջակցությամբ կարողացել են ձեռք բերել զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ իրենց շարքեր ներգրավել վարձկանների՝ ահաբեկչական բռնարարքներ եւ այլ սադրանքներ իրականացնելու համար, որոնք կարող էին խաթարել երկրի սահմանադրական օրինական կարգը։