«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծն իր իրավական հետևանքները կունենա

«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծն իր իրավական հետևանքները կունենա

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա

«Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում:
Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։ 
Գործող օրենսդրությամբ և «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ «Սանիտեքի» նկատմամբ պատժամիջոցների կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա: 
Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիթեքը» վստահաբար բացառություն չէ: 
Անցած ամիսների ընթացքում քաղաքը աղբահանության կոլափսից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկը իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը: 
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևան քաղաքի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ է, տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից:
«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա: