Հետախուզում՝ սպանության մեղադրանքով․ ՀՀ ՆԳՆ-ն հաստատեց ադրբեջանցու ձերբակալությունը

Հետախուզում՝ սպանության մեղադրանքով․ ՀՀ ՆԳՆ-ն հաստատեց ադրբեջանցու ձերբակալությունը

Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
«Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,– հայտնեցին ՆԳՆ-ից։

Տեղեկություններ կան, որ նա կասկածվում է Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմի ժամանակ ծեր մարդուն գլխատելու մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զեյնալլին տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու վաղն էլ ռուսական դատարանի առջև է կանգնելու ու կարող է Հայաստանին փոխանցվել։