«Հրապարակ». Կգաք, իրար հետ կգնանք անկլավում կկանգնենք` կխոսենք

«Հրապարակ». Կգաք, իրար հետ կգնանք անկլավում կկանգնենք` կխոսենք

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ամփոփելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, հայտարարել էր, թե կողմերը հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը․ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։ Ըստ Միշելի՝ քննարկվել է նաեւ նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը։ Այս հայտարարությանը հաջորդեցին քննարկումներ, որ ՀՀ վարչապետն Արցախը թողել է Ադրբեջանին` համաձայնելով նրա տարածքային ամբողջականությանը, որի մեջ ներառվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի 4 հազար քառակուսի կիլոմետրը: Լուրեր տարածվեցին նաեւ, որ համաձայնել է անկլավները վերադարձնել: Այդ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը Սովետական Հայաստանի տարածքն է, որի մեջ չեն մտնում Ադրբեջանին պատկանող անկլավները` Տիգրանաշենը (Քյարքին)` Արարատի մարզում, եւ մի քանի գյուղ Նոյեմբերյանում, Իջեւանում: Ընդ որում, տարբեր քննարկումների ժամանակ տարբեր թվեր են հնչում` երբեմն 9 անկլավների մասին են խոսում, իսկ վերջերս՝ անգամ 11: Թեեւ մասնագետները պնդում են, որ առավելագույնը կարող է խոսք գնալ 4 անկլավի մասին․ 3-ը՝ Նոյեմբերյանում, մեկը` Արարատի մարզում, Տիգրանաշեն գյուղը:

Մեզ պատմեցին, որ Իջեւանի Այգեհովիտ համայնքում արդեն իսկ չափագրման աշխատանքներ են սկսվել: Գյուղի բնակիչներից մեկը «Հրապարակին» ասաց, որ մի քանի օր առաջ` Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ, ինչ-որ մարդիկ են գյուղում հայտնվել եւ չափագրման աշխատանքներ են իրականացրել, ինչը խիստ անհանգստացրել է գյուղի բնակիչներին: Մեր զրուցակցի պնդմամբ` չափագրումների արդյունքում իրենց հասկանալի է դարձել, որ գյուղից մի ստվար հատված անցնելու է Ադրբեջանի կազմ: Ենթադրենք՝ մարդն ունի տուն եւ կից հողամաս` այգին անցնում է թշնամու տիրապետության տակ, եւ սահմանն անցնելու է տան ու այգու միջով: Մենք մի քանի հարց ուղղեցինք Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանին:

- Մեզ ասացին, որ Այգեհովիտում չափագրման աշխատանքներ են իրականացվել, գյուղի մի մասն անցնելու է թշնամու տիրապետության տակ:

- Չեմ կարա ասեմ, տեղյակ չեմ, չգիտեմ:

- Չե՞ք հետաքրքրվում, Ձեզ չի՞ հուզում ձեր ծննդավայրի, գյուղի ապագան:

- Չեմ կարա ասեմ: Ո՞վ ա ասել, ի՞նչ ա ասել, տենց բան չկա:

- Չափագրման աշխատանքներ չե՞ն իրականացվել:

- Չափագրման աշխատանքներն ավարտվել են 2002 թվականին:

- Ես մի քանի օր առաջվա մասին եմ ասում:

- Չէ, ես չգիտեմ:

- Ինչո՞ւ են իշխանություններն անկլավներից խոսում, Այգեհովիտը, ի վերջո, անկլա՞վ է` Ձեր կարծիքով:

- Ոչ մի բան չեմ կարա ասեմ, ինչ-որ դուք գիտեք, նույնն էլ՝ ես:

- Ի՞նչ եք կարծում` Ձեր համայնքը պետք է հանձնեն Ադրբեջանի՞ն:

- Այդպիսի բան չկա, չենք լսել: Եկեք գյուղ` կպատմեմ, իմ կարծիքը կասեմ: Ես Ձեր հարցին պատասխանեցի: Կգաք գյուղ, իրար հետ կգնանք անկլավում կկանգնենք, ես Ձեր հարցին կպատասխանեմ:

- Ի՞նչ անկլավի մասին է խոսքը: Դուք ե՞ւս Ձեր գյուղն անկլավ եք համարում:

- Դե չգիտեմ, Դուք եք ասում:

- Քանի՞ տարի է, որ Այգեհովիտում եք ապրում:

- Երկար տարիներ:

- Այդտեղ ադրբեջանցիներ ապրե՞լ են երբեւէ:

- Չէ: Երբ կգաք, մանրամասն կխոսենք:

- Դուք Նիկոլ Փաշինյանի աջակիցներից եք, գուցե դա՞ է պատճառը, որ չեք պատասխանում մեր հարցերին:

- Ես ոչ մեկի աջակիցը չեմ, ցավդ տանեմ: