Ձկները մասսայական սատկում, իսկ ձկնաբուծարանների տերերը լռում են

Ձկները մասսայական սատկում, իսկ ձկնաբուծարանների տերերը լռում են

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ Արարատի մարզի ձկնաբուծարանների ճնշող մեծամասնությունում ձկները համատարած սատկել են։ Փաստի մասին, սակայն, ձկնաբուծարանների սեփականատերերը նախընտրում են չբարձրաձայնել, ինչն առնվազն զարմանք է հարուցում։

«Հրապարակի» հետ զրույցում Արարատի մարզի Սիս վարչական շրջանի ղեկավար Հրանտ Ալեքսանյանը նշեց, որ իրենց գյուղի ձկնաբուծարանների ձկների 70 տոկոսը սատկել են: «Ձկնաբուծարանների տերերից ոմանք ասում են, որ ձկների ինֆարկտ է»,-ասաց վերջինս։

Մեզ հետ զրույցում ձկնաբուծարաններից մեկը սեփականատերը, ով հրաժարվեց իր անունից հանդես գալ, ասաց, որ ձկնաբուծարանների տերերից ամեն մեկը մի պատճառ ունի լռելու՝ հիմնականում վախենում են իշխանությունների կողմից ավելորդ քաշքշուկների մեջ ընկնելուց:

«Հրապարակին» հայտնի դարձավ նաև, որ մի քանի մեծ ձկնաբուծական ֆերմաների սեփականատերեր դիմել են մասնավոր լաբորատորիաներ՝ ձկների մասսայական սատկի պատճառը որոշելու համար, սակայն նույնիսկ լաբորատորիան պատճառը չի կարողացել պարզել։

Նույն պատկերն է նաև Սիփանիկ վարչական շրջանում՝ այստեղ ևս տուժած ձկնաբուծարան կա։ Մեզ տեղեկացրին, որ մյուս շրջանառվող վարկածն այն է, որ հատուկ վիրուսով վարակված ճայեր են բաց թողնվել, որոնք էլ վարակել են ձկնաբուծարանները:
«Բացի այդ, ձկնաբուծական ֆերմաների տերերին վախեցրել են, ասել են՝ լռեք, թե չէ հարկայինի հետ խնդիրներ կունենանք: Մի ամբողջ ոլորտ ոչնչացվում է ու մարդիկ զգուշանալով պարզապես լռում են: Վախկոտներ չեն, կարգին մարդիկ են, բայց խնդիրներ էլ չեն ուզում ունենալ, իսկ իրենց մի լավ զգուշացրել են»,-տեղեկացրին «Հրապարակին»:

Մեր տեղեկություններով մասսայական ձկների սատկ է գրանցվել նաեւ Արարատի մարզի՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծական ֆերմայում։