Աստղերը հուշում են, բայց չեն երաշխավորում

Աստղերը հուշում են, բայց չեն երաշխավորում

Ռուսաստանից ժամանած հյուրն անհամբեր է ու պահանջատեր՝ «ե՞րբ եք սրանց դուրս շպրտելու․․հատուկ եկել՝ հասել եմ, որ այս օրերին իմ լուման բերեմ էս կարեւոր գործին։»

Հասկանում եմ նրա էմոցիաները, բայց դեմ եմ եւ նման հռետորաբանությանը, եւ նման անհամբերությանը։ Առհասարակ՝ կյանքը միշտ ապացուցում է, որ երբ ուլտիմատումներ ես տալիս, հոխորտում, անհամբերությունից գետինը դոփում, միշտ չէ, որ սպասելիքներդ իրականություն են դառնում։ Անհամբերությունը, որպես կանոն, վատ խորհրդատու է եւ հուսահատության նախերգանք։ Պետք է դանդաղ շտապել, տասը չափել՝ մեկ կտրել, միշտ նահանջի ճանապարհ թողնել՝ հասկանալով, որ ցանկությունը բավական չէ, անգամ հզոր ու լավ կազմակերպված քայլերը կարող են բավարար չլինել։

Հարկավոր է, որ աստղերը հարմար դասավորվեն եւ հազար ու մի հանգամանք համընկնի՝ ինչպես եղավ 2018 թվականին։ Իսկ 18-ին, իմ կարծիքով, շատ հանգամանքներ դասավորվեցին հօգուտ իշխանափոխության։ Նախ, բնականաբար, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի ինքնավստահությունն ու հավերժ իշխելու ցանկությունը դեր խաղաց՝ մարդիկ չներեցին իրենց խաբելու եւ հավերժանալու փորձերը։

Երկրորդ հանգամանքը, կարծում եմ, այն էր, որ հենց իշխանության ներսում՝ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում մեծ դժգոհություն էր կուտակվել։ Երկրի նախագահից դժգոհ էին իր իսկ նշանակած վարչապետը, որին բերեցին, որ իշխանությունը հանձնեն, սակայն փոշմանեցին եւ որոշեցին․․․ փոխվարչապետ նշանակել։ Իր նախկին զինակից Ռոբերտ Քոչարյանը, որի հետ հակասություններն այնքան խորացել էին, որ հրապարակային էին դրսեւորվում։ Իր կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանն էր դժգոհ։ Իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն էր դժգոհ։

Եվրոպան ու միջազգային կազմակերպություններն էին դժգոհ։ Անգամ իր ոստիկանապետը եւ ուժայինները, իր գործարարներն ու նախարարներն էին դժգոհ։ Այդ դժգոհություններն, իհարկե, մասամբ արդարացի էին, մասամբ՝ շատ անարդար, բայց այդ ամենը դերը խաղաց եւ պարարտ հող ստեղծեց իշխանափոխության համար։