ICJ-ն արձանագրեց եւ պահանջեց, որ Իսրայելը դադարեցնի ցեղասպան գործողությունները

ICJ-ն արձանագրեց եւ պահանջեց, որ Իսրայելը դադարեցնի ցեղասպան գործողությունները

2024-ի հունվարի 26-ը իրապես պատմական օր դարձավ թե´ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, թե´ Պաղեստինի, թե´ Իսրայելի, թե´ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (IJC), եւ թե՛ ցեղասպանության հանցագործությանը առնչված անձանց, ժողովուրդների եւ պետությունների համար։ ՄԱԿ-ի առաջնային կառույցներից մեկը, որ նաեւ արդարադատության բարձրագույն ատյանն է երկրագնդի վրա՝ Արդարադատության միջազգային դատարանը (International Court of Justice - ICJ) հրապարակեց Իսրայելի դեմ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) բերած հայցի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու իր որոշումը։ ICJ-ն գրեթե միաձայն, հիմնականում «15 կողմ, 2 դեմ» (մեկ-երկու դեպքում «16 կողմ, 1 դեմ») ձայների հարաբերակցությամբ կայացրած իր կարգադրություններով Իսրայելին պարտադրեց վեց միջանկյալ միջոցներ, որոնք համազոր եւ ավելին են քան հրադադարը։ 

Իբրեւ միջանկյալ միջոց Իսրայելից պահանջվեց ի կատարումն Ցեղասպանության կանխման միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների, անհապաղ ձեռնարկել հասանելի բոլոր միջոցները դադարեցնելու համար Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածում թվարկված հանցագործությունների կատարումը Գազայի պաղեստինցի ազգաբնակչության հանդեպ։ Պահանջվեց ի թիվս այլնի դադարեցնել պաղեստինցիների սպանությունները, նրանց հոգեկան եւ մարմնական վնասվածքներ հասցնելը, ապահովել կենսապահովող ծառայությունների եւ միջոցների վերագործարկումը Գազայում, պատասխանատվության ենթարկել իսրայելյան պաշտոնյաներին պաղեստինցիների ցեղասպանության ենթարկելու մտադրություն-հայտարարությունների համար, ապահովել ՄԱԿ-ի կառույցների եւ միջազգային օգնության անխափան հասանելիությունը Գազայի ողջ տարածքում, մեկամսյա ժամկետում զեկույց ներկայացնել ICJ-ի պահանջած միջոցների կատարման վերաբերյալ։ 

Հենց միայն այն, որ ICJ-ն վարույթ ընդունեց Իսրայելին ցեղասպանություն կատարելու մեջ մեղադրող հայց, գտավ, որ Իսրայելի գործողությունները Գազայի գոտում էությամբ ցեղասպան ակտեր են եւ պետք է միջանկյալ միջոց կիրառել կանխելու համար դրանց՝ ցեղասպանության վերածվելը աննախադեպ իրադարձություն էր Իսրայելի համար, ցնցում, որի բարոյական, քաղաքական, դիվանագիտական, պատմական հետեւանքները Իսրայելում դեռ փորձում են գիտակցել։ 

Իհարկե, Իսրայելի համար հոկտեմբերի 7-ի HAMAS-ի հարձակմանը հետեւած այս ամբողջ ռազմարշավի ընթացքում երկինքը անամպ չէր, միջազգային հանրային կարծիքը անշեղորեն շրջվում էր Իսրայելի դեմ, սակայն ICJ որոշումը ուղղակի ամպրոպի ճայթյուն էր։ Մանավանդ այն միաձայնությունը, որով ICJ-ն կազմող 17 դատավորները կայացրել էին միջանկյալ միջոցներ սահմանող իրենց կարգադրությունները։ Միայն մեկ դատավոր էր գտնվել՝ Ուգանդան ներկայացնող դատավորը, որ բոլոր կարգադրություններին դեմ էր քվեարկել, անգամ Իսրայելը ներկայացնող դատավոր Ահարոն Բարաքը մի շարք միջոցներին կողմ էր քվեարկել։ Իսրայելցի դատավորի նման բարոյականությունն ու անկախությունը, ըստ իսրայելյան լրատվամիջոցների, առանձնակի զարմացրել էր Բենջամին Նաթանյահուին ու իր կառավարությանը։ Նրանք, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, ICJ-ում ձայների մոտավորապես հավասար թեր եւ դեմ բաշխվածություն էին ակնկալել։ Եվ հերթական անգամ համոզվեցին, թե որքան սխալ էին իրականությունը ընկալել։ 

Ցեղասպանության զոհից՝ ցեղասպանություն կատարող

Իսրայելի կառավարությունում ու անդին ո՞վ կերեւակայեր, որ 70 տարուց ավելի Հոլոքոստի զոհի կերպարով պաշպանված եւ միջազգային իրավունքը անվերջ ոտնահարած Իսրայելը երկրագնդի բարձրագույն դատական ատյանում կմեղադրվի մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության բնույթ ունեցող ակտեր կատարելու մեջ։ Եվ այդ մեղադրանքները այնքան հիմնավորված ու ծանրակշիռ կլինեն, որ Իսրայելի կողմից գործադրվող ցեղասպանությունը կանխելու համար միջանկյալ միջոցներ կիրառելու հարկ կլինի։ Ցեղասպանության զոհից ցեղասպանության կատարող․ ահա Իսրայելի դեգրադացիան, ահա թե ուր հասավ Իսրայելի պետությունը  իր ներկա կառավարության առաջնորդությամբ․․․ 

Եվ սա շրջադարձային պահ է Իսրայելի պետության համար։ Միջազգային հանրության համերաշխությունն ու աջակցությունը Իսրայելին ավարտված է։ Այժմ Իսրայելը դատվում է որպես ծանրագույն հանցագործ եւ պաշտպանվում է, առայժմ անհաջող։

Տեսնենք մեկ ամսում ինչ կկատարվի, Իսրայելը ինչ զեկույց կներկայացնի ICJ-ին իրեն պարտադրված միջանկյալ միջոցների կատարման մասին։ Հնարավոր է անգամ, այդ ընթացքում Գազայում ռազմական գործողությունները ավարտվեն (ի հեճուկս Նաթանյահուի՝ մինչեւ 2025թ․ պատերազմելու մասին հայտարարությունների), քանի որ այդ ուղղությամբ Եգիպտոսի, Քաթարի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ Եվրոպայում բանակցություններ են ընթանում այս պահին։ 

Ամեն պարագայում, որքան էլ կանխատեսելի է, որ ICJ-ի միջանկյալ միջոցները ի զորու չլինեն անմիջապես դադարեցնել Իսրայելի ռազմարշավը Գազայում, այդուհանդերձ Իսրայելի դեմ Հարավ Աֆրիկյան Հանրապետության բերած ցեղասպանություն կանխելու հայցի, դրա հանդեպ ICJ-ի որդեգրած դիրքորոշման եւ Իսրայելի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու փաստի ազդեցությունը եւ հետեւանքները անհնար է թերագնահատել։ Դա շրջադարձ էր, որով Իսրայելի անպատժելիության էջը փակվեց։ 

Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը իր հայցը ICJ էր ներկայացրել դեկտեմբերի վերջին, լսումները կայացան հունվարի 11-12-ին: ՀԱՀ-ն ներկայացնող իրավաբանական  թիմը (որի կազմում էին նաեւ բազմաթիվ եվրոպական երկրների իրավաբաններ) հունվարի 11-ին ազդեցիկ հակիրճությամբ ու փաստարկվածությամբ շուրջ մեկ տասնյակ դրվագով ներկայացրեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժի մասին կոնվենցիայում» նկարագրված ցեղասպան ակտերը, որոնք Իսրայելի կողմից հոկտեմբերի 8-ից ի վեր գործադրվում են Գազայում եւ սպառնում են վերածվել Գազայի գոտու բնակչության ցեղասպանության։ ՀԱՀ իրավաբանները Իսրայելին մեղադրեցին եւ բերեցին փաստական ապացույցներ առ այն, որ Իսրայելը Գազայի գոտում․
ա/ կատարում է պաղեստինցիների սպանություն․ ավելի քան 25 000 պաղեստինցի է սպանվել,
բ/ մարմնական եւ հոգեկան վնասվածքներ է հասցնում անձանց․ ավելի քան 60 000 վիրավոր կա․
գ/ պաղեստինցիներին զրկել է կենսապահովման միջոցներից՝ ջրից, սննդից, վառելիքից, 
դ/ զանգվածաբար տեղահանել է բնակչությանը, Գազայի 2.3 միլիոն բնակչությունից 1.9 միլիոնը դարձել է ներքին տեղահանված,
ե/ զրկել է անձանց բժշկական օգնությունից եւ հիգենայի պայմաններից՝ ռմբակոծելով ու ավերելով Գազայի գոտու գրեթե բոլոր հիվանդանոցները, չխնայելով անգամ ՄԱԿ-ի ժամանակավոր ապաստարանները,
զ/  մարդկանց զանգվածաբար զրկել է բնակության վայրից եւ ապաստանից, ներքին տեղահանվածները ապրում են վրանների կամ ուղղակի բաց երկնքի տակ, 
է/ ոչնչանցնում է հանրային կյանքի հիմքերը Գազայում՝ փլատակների վերածելով կրթական, մշակութային, կրոնական հաստատությունները՝ դպրոց, գրադարան, թատրոն, մզկիթ, համալսարան եւ այլն,
ը/ նվազեցնում է ծնունդները, քանի որ վտանգված է կանանց կյանքը եւ առողջությունը,

Ի տես ծավալվող այդ հանցագործությունների, մինչեւ ICJ-ի կողմից վերջնական որոշման կայացումը, որով կորոշվի արդյոք Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն են, թե ոչ, ՀԱՀ-ը ՄԱԿ-ի դատարանից խնդրում էր միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Իսրայելի եւ պահանջել ռազմական գործողությունների դադարեցում Գազայում։ 

Իսրայելի պաշտպանական լապշաները

Հաջորդ օրը՝ հունվարի 12-ին պաշտպանական խոսքով հանդես եկան Իսրայելի փաստաբանները, որոնց փաստարկները եւ մեկնաբանությունները հիմնականում թույլ էին ու անհամոզիչ։ Այն աստիճան, որ կարելի է ասել՝ ունկնդիրների ականջներից լապշաներ էին կախում։ Զորօրինակ, ասում էին Իսրայելը իր ռազմական գործողություններով պաշտպանվում է HAMAS-ից այն պարագայում, երբ Իսրայելը օկուպանտ ուժ է Հորդանանի արեւմտյան ափին եւ Գազայում։ Օկուպանտը չի կարող պաշտպանվող կողմ լինել իր օկուպացրած տարածքում։ 
Կամ հավատացնում էին, թե Իսրայելի բանակային եւ քաղաքացիական կառույցներում բավարար մեխանիզմներ կան որեւէ ռազմական հանցագործություն կանխելու կամ գոնե հետաքննել -պարզելու համար։ Դա այն պարագայում, երբ Գազայում Իսրայելի Պաշտպանության բանակը՝ Tzahal-ը տաս հազարից ավելի անչափահաս երեխա է սպանել եւ հայտնի չէ թե նման հանցագործության համար որեւէ զինվորական պատասխանատվության է ենթարկվել։ 
Վերջապես ոչ միան անհամոզիչ, այլ նույնիսկ զվարճալի էր այն, որ արդարացում չգտնելով Իսրայելի կառավարության անդամների (Գալանտ, Բեն-Գվիր, Սմոթրիչ, Կանց եւ այլն), անգամ Ռազմական  կաբինետին մաս կազմող անդամների, Իսրայելի նախագահի ցեղասպանության մտադրության բացահայտող հայտարարությունների համար, իսրայելցի փաստաբանները ICJ-ի դահլիճում հայտարարեցին, թե Իսրայելում խոսքի ազատություն է, կառավարության անդամներն էլ դատարկախոսում են, դա կառավարության քաղաքական ուղեգիծը չէ։ 

Հրեական հնարամտություն, այլ հարց , որ այն ոչ մեկին չհամոզեց, եւ ICJ-ն հունվարի 26-ի իր որոշման մեջ հատուկ մեջբերեց Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտի, ներկայիս ԱԳ նախարար Իսրայել Կանցի, երկրի նախագահ Իցխակ Հերցոգի ցեղասպանության մտադրություն բացահայտող հայտարարությունները եւ որպես միջանկյալ միջոցներից մեկը Իսրայելից պահանջեց հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել ցեղասպան հայտարարությունների հեղինակներին։ 

Հունվարի 26-ին հաջորդած երկու-երեք օրում էլ ավելի աշխուժացան ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության հանրային շարժումները, որոնք արդեն ոչ միայն իրենց կառավարություններից պահանջում են դադարեցնել Իսրայելին ռազմական եւ քաղաքական աջակցությունը, այլեւ սպառնում են ընդդեմ ԱՄՆ եւ ՄԹ բարձագույն ղեկավարության՝ նախագահի, վարչապետի, պաշտպանության եւ ԱԳ քարտուղարների հայցեր ներկայացնել դատարաններ՝ նշյալ անձանց մեղադրելով ցեղասպանության մեղսակցության մեջ։