Կոռուպցիայի զոհը
Երեկ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի միջոցառմանն էր մասնակցում: Ենթադրենք, շատ կարեւոր միջոցառում էր, եւ արժեր մասնակցել, բայց այն ծավալուն ելույթը, որ նա ունեցավ, եւ այն լսում էին բոլոր իրավապահ կառույցների ղեկավարները, արտառոց, անթույլատրելի բան էր, որը կարելի է ներկայացնել «Ինչպես չպետք է ելույթ ունենա երկրի ղեկավարը» խորագրի ներքո: Շատ վնասակար թեզեր էր առաջ քաշում` կոռուպցիայի դեմ պայքարի եւ ապօրինի գույքի բռնագրավման մասին: Մի կողմ թողնենք, որ կոռուպցիան միայն պետական բյուջեն լափելը չէ, ինչը մեծ հմտությամբ անում են նաեւ իրենք` նախկիններից հետ չմնալով:
Կոռուպցիան իրենց անարժան ընկեր-բարեկամներին յուղոտ պաշտոնների նշանակելն է, մրցույթները վերացնելը, մեկ անձից գնումներով աշխատելը, ինչ-որ «աստղեր» բերելը եւ միլիոնանոց հոնորարներ վճարելը (որ նրանք ստանում են անգամ չգալու եւ չերգելու պարագայում): Բայց անգամ կոռուպցիայի ընկալման բացակայությունը չէ խնդիրը, այլ՝ կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես որպես փիառ միջոց կիրառելը: Ողջ ելույթն այն մասին էր, թե մարդիկ ինչ կասեն՝ տեսնելով, որ գույք չենք խլում, ուժի մեջ մտած դատավճիռներ չկան, դատաքննությունները երկարում են:
Ասում է` այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը մեզ տվել է, սպառվում է, եթե ուժի մեջ դատավճիռ չկա, հանրությունը մի օր կարթնանա, կկարդա վերնագրերը` մեկին արդարացրին, մյուսինը կարճեցին... եւ կհիասթափվի մեզնից: Հասկանո՞ւմ եք` երկրի առաջին դեմքը չի ասում՝ պետք է արդարադատություն լինի երկրում, որ անմեղ մարդը չտուժի, որ օրենքը գործի, եւ հանցագործը պատժվի: Նա անհանգստանում է, որ կարող են արդարացման դատավճիռներ արձակվել, կարող է բավարար քանակի գույք չխլվել, եւ դա կարող է իր ընտրազանգվածին դուր չգալ:
Կարծիքներ