Անհաշտ կոչը չի կարող հաշտություն բերել

Անհաշտ կոչը չի կարող հաշտություն բերել

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա կոչն աննախադեպ աշխուժություն մտցրեց հայաստանյան ներքաղաքական կյանքում: Թե որն էր ուղերձի հիմնական նպատակը, գուցե պարզ կդառնա առաջիկայում, քանզի վերլուծաբաններից շատերն արձանագրեցին, որ այն հարված էր թե՛ սպիտակների, թե՛ սեւերի որոշ հատվածներին: Հիմնադիր նախագահը նախ հանդես եկավ քաղաքական հրադադարի կոչով, մասնավորապես՝ սեւերին հորդորեց ստեղծված «պատերազմական» իրավիճակում հանգիստ թողնել սպիտակներին։ «Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա»,- ասաց նա ու այս պատերազմում հատկապես ընդգծեց «արտակարգ դրության պարետի եւ առողջապահության նախարարի կարեւոր դերակատարությունը», բայց, չգիտես ինչու՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանի։

ՀԱԿ առաջնորդի ասելիքն անհասկանալի մնաց, որովհետեւ բավականին կողմնակալ էր: Շատերը հակադարձեցին, որ փաստը մնում է փաստ, որ հենց իշխանությունն է շարունակում քարոզչական պատերազմը, եւ համավարակի նույնիսկ ամենածանր օրերին կառավարող թիմի ենթակայության տակ գտնվող լրատվական եւ այլ ռեսուրսները չեն դադարեցնում արշավն ընդդիմադիրների եւ ընդդիմախոսների դեմ: Սակայն Տեր-Պետրոսյանի կոչում ոչ թե երկկողմանի հրադադարի, այլ միակողմանի կապիտուլյացիայի առաջարկ էր։

Առավել հետաքրքրական էր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու նրա հորդորը: Երբ հայտնի դարձավ, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոսի այդ հանձնաժողովում, նույն օրը առաջին նախագահը նման հորդորով հանդես եկավ: Ընդդիմադիր դաշտը նույնպես միանշանակ չի ընդունել առաջին նախագահի կոչը։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ այն միանշանակ չի ընդունվի նաեւ իշխանության կողմից, քանզի առաջին նախագահը դրվատում է ՀԱԿ-ական կադր առողջապահության նախարարին, ինչպես նաեւ պարետ Տիգրան Ավինյանին, բայց ոչ մի խոսք չի ասում Նիկոլ Փաշինյանի մասին։ «Ես վարչապետի ջանքերին ուղղված գովասանք չտեսա, փոխարենը՝ պարետի, առողջապահության նախարարի: Սա ես առնվազն տարօրինակ եմ համարում»,- ասում է Մարուքյանը։ «Երբ առաջին նախագահը նման կոչ է անում, նախեւառաջ իր թիմի ենթակայության կամ ազդեցության տակ գտնվող մամուլին պետք է հորդորեր, որովհետեւ այդ մամուլն անդադար ցեխ է շպրտում ԼՀԿ-ի անդամների վրա, վիրավորական արտահայտություններ զետեղում հոդվածներում:

Մենք դիմել ենք դատարան, Լեւոն Զուրաբյանը խուսափում է նշված դատական նիստին ներկայանալ՝ իր արտահայտությունների պարզաբանման համար, որոնք մենք համարում ենք զրպարտություն: Ընդհանրապես, հաշտության կոչ անել, այսպես կոչված, «պատերազմական իրավիճակի թելադրմամբ» ու իր մեջ ներառել «սադրիչներ», «չարագործներ», «երկրորդ ճակատ բացել», «պետական դավաճանություն» եւ թշնամանք սերմանող նման այլ արտահայտություններ, ինքնին կորցնում է կոչի արժեքը: Անհաշտ կոչը չի կարող հաշտություն սերմանել»,- ասաց Մարուքյանն ու հավելեց, որ ինքը ճիշտ հակառակ կարծիքն ունի եւ համոզված է, որ նման իրավիճակներում պետք է լինեն ուժեր, որոնք իրենց առողջ քննադատություններով եւ առաջարկներով օգնեն իշխանություններին: Իսկ ԼՀԿ-ն, նրա խոսքով, երբեւէ չի քննադատել՝ առանց լուծումներ, այլընտրանք առաջարկելու. «Տեր-Պետրոսյանի կոչում ես որեւէ գնահատական չտեսա»:

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը տարակուսած է. «Ո՞վ է խանգարում իշխանություններին, թող պայքարեն»: Նախկին իշխանավորի կարծիքով, ճիշտ հակառակը՝ իշխանությունն է անհաշտ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ. «Ու ես չեմ տեսնում որեւէ մեկին, ով փորձում է այս իրավիճակում որեւէ կերպ խանգարել իշխանություններին: Իմ կարծիքով, նման կոչ անողներն են ավելի շատ խանգարում… Ես չգիտեմ՝ իր կոչով ինչ խնդիր է լուծում, որոշ ժամանակ անց «ականջները» կերեւան»: 

Խոսելով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես սառեցնելու հորդորի մասին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ընդհանրապես, աբսուրդ էր նման հանձնաժողովի ձեւավորումը, այն ընդհանրապես չպիտի ձեւավորվեր։ Դա հաղթանակած պատերազմի ու հերոսների վրա ստվեր գցել է նշանակում…»: Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը համաձայնել այդ «աբսուրդին» մասնակից լինել։ «Դեռ համբերեք ապրիլի 16-ին, նոր կխոսենք: Եթե հարցապնդումներ են եղել, այդ հարցապնդումների պատասխանը կստանա…։ Չնայած չներկայանալն էլ կարող է այլ խոսակցությունների առիթ հանդիսանալ: Բայց պետք է սպասել»: Հնարավոր է չմասնակցի՞։ «Դուք հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ո՛չ ես գիտեմ, ո՛չ Դուք»: Առաջին նախագահի խոսքը որոշ շրջանակներ ընկալեցին որպես աջակցություն Սերժ Սարգսյանին, համաձա՞յն եք նման գնահատականի հետ։ «Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իրավունք ունի խելացի դատողություններ անել, ի վերջո, եղել է մեր երկրի առաջին նախագահը, եւ, բնականաբար, յուրաքանչյուր դատող մարդ գիտակցում է, որ դա հիմարություն է եւ բացի մեր երկրի իմիջը վտանգելուց որեւէ բան չի տալու»:

ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի կարծիքով, քննադատությունները ոչ թե խանգարում, այլ օգնում են իշխանություններին, վերջին շաբաթների զարգացումներն են նաեւ դա հուշում. «Չկա իշխանություն, որ սխալ չունենա, առողջ քննադատությունները ծառայելու են սխալներն արագ ուղղելուն: Իսկ հատկապես այս փուլում ցանկացած սխալ կարող է պետության համար ճակատագրական լինել: Իշխանությունն էլ պիտի չնեղանա, այլ դասեր քաղի»: