Մենք քաղաքական գործիչ չենք, որ բանավիճենք․ ես պատգամավոր եմ, Դուք՝ լրագրող

Մենք քաղաքական գործիչ չենք, որ բանավիճենք․ ես պատգամավոր եմ, Դուք՝ լրագրող

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, երեկ խոսելով Պրահայում ձեռք բերված Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածության մասին, հիշեցրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք չէ կապել երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հետ։ Ուստի, Պրահայում եռք բերված պայմանավորվածությունը՝ 1991 թ․ ընդունված ԱՊՀ երկրների հռչակագրի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ, կապ չունի Արցախի հետ։ Հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ հիշատակեցին 1991 թ․ հռչակագիրը եւ Հայաստանն ու Ադրբեջանը 30 տարի առաջ ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Գրիգորյանը հիշեցրեց, որ, ցավոք սրտի, ամեն ինչ պարզ չէ, եւ հաճախ կարիք է լինում տարբեր իրողություններ վերահաստատելու։ Իսկ ինչպե՞ս պետք է կյանքի կոչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը։

«Եթե որեւէ մեկս էդ հարցի պատասխանն ունենայինք կամ փաստենք, որ էսպես է լինելու, եւ վերջ, ինձ թվում է՝ այ, էդ Ձեր ասածը, որ ամեն ինչ էդքան պարզ է, ճիշտ կլիներ։ Բայց, ցավոք սրտի, դա էդպես չէ․․․ էսօր մենք ունենք քաղաքական եւ դիվանագիտական գործիքներ, որոնցով պիտի առաջ մղենք մեր շահերը։ Եվ ասել, թե ինչպիսին պետք է լինի վերջնական լուծումը, կարծում եմ՝ միամիտ կլինի ակնկալել էդպիսի պատասխան»,- ասաց Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա դրանք միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, որոնցով Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ։ Իսկ Գորիս-Կապան մայրուղին մտնո՞ւմ է ՀՀ սահմանների մեջ։ Գրիգորյանի փոխարեն որոշեց հարցին պատասխանել Վահագն Ալեքսանյանը, ում թվաց, թե մեղքը նախկինների վրա բարդելու շանս է ստացել, եւ կրկին հիշեցրեց 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի իմաստը, փաստորեն, ՔՊ-ականներն այդպես էլ չեն հասկացել։

«Գորիս-Կապան մայրուղին էդ սահմանների մեջ չի մտնում․․․ չի մտնում Հայաստանի սահմանների մեջ, որովհետեւ ինչպեսեւ չի մտնում 2010 թվակականին ՀՀ ԱԺ ընդունած ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի ընդունումից հետո»,- մտքերը մի կերպ ձեւակերպեց ՔՊ-ականը՝ փորձելով արդարացնել ՀՀ սուվերեն տարածքի մաս հանդիսացող ճանապարհի հանձնումը թշնամուն։

Հռիփսիմե Գրիգորյանին հարցրինք՝ համաձա՞յն է գործընկերոջ մտքերի հետ, որ Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ։ «Այո։ Դեռ սահմանազատում եւ սահմանագծում կլինի, եւ մնացած մասերով վերջնական կհստակեցվի, բայց իմ գործընկերը պատասխանեց, եւ, միանշանակ, այո, ես էլ եմ էդ կարծիքին․․․ Գետնի վրա, երբ որ կլինի սահմանագծում եւ սահմանազատում, մենք կհասկանանք, թե կոնկրետ որ հատվածներում որ դիրքերը պիտի լինեն, եւ որտեղ պետք է կանգնեն»։

- Իսկ դուք տեղյա՞կ էիք, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, երբ 1993-ին վավերացվել է Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, վավերացվել է վերապահումներով, որ Արցախի հարցը դրա հետ կապ չունի։ Սա, օրինակ, հիշեցվե՞լ է Ալիեւին։

- Ես կարծում եմ, որ իրավասու չեմ բացել, ու նաեւ որոշ բաներ կան, որոնց, իհարկե, նաեւ տեղյակ չեմ՝ էն քննարկումներից, որոնք տեղի են ունեցել։ Դրանք բանակցային գործընթաց են։ Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե, ի վերջո, էս պրահյան հանդիպումների արդյունքում ինչպիսի հայտարարություններ են ընդունվել։ Եվ էս հայտարարությունները պիտի լինեն ուղենիշային։ Մնացած մանրամասները հետագա քննարկման առիթ են։

- Եթե նախորդ իշխանությունների օրոք որեւէ մեկը հրաժարվեր Գորիս-Կապան մայրուղուց կամ ՀՀ տարածքի որեւէ հատվածից, Դուք ինչպե՞ս կվերաբերվեիք։

- Նախորդ իշխանությունների օրոք, կարծեմ, 2020 թվականի պատերազմ չի եղել եւ 2020 թվականի պատերազմը եղել է ուղիղ 2020 թվականին։

- Բայց դուք Գորիս-Կապան մայրուղին պատերազմից հետո եք հանձնել՝ առանց կռվի։

- Ուրեմն պատերազմի արդյունքում նաեւ ստորագրվել է 3 երկրների ղեկավարների եռակողմ հայտարարագիր, որտեղ հստակ նշված են էն պայմանները, որոնցով պիտի կողմերը շարժվեին։ Եվ, այո, ցավոք սրտի, մենք հասկանում ենք, որ էն շրջանները, որոնք ԼՂ առաջին պատերազմի ընթացքում իբրեւ բուֆերային գոտի ծառայում էին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, այս տարածքների հետ կապված՝ մենք ունեինք էն իրողությունը, ինչը որ ունենք։ Հետեւաբար, ինչպես որ իմ գործընկերն ասաց, քանի որ նաեւ 2010 թ․ ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով էս տարածքները, ոչ, ցավոք սրտի, չէին մտնում․․․

- Ախր, այդ օրենքը լրիվ ուրիշ բանի մասին է, Ձեր գործընկերը սխալ գիտի, եւ Դուք ուղղակի մանիպուլացնում եք, եթե հանձնել էին դեռ այն ժամանակ, ապա թող հանձնած լինեին։

- Ես չեմ կարծում, որ մենք պիտի բանավիճենք որեւէ առիթով, որովհետեւ ես եւ Դուք քաղաքական գործիչներ չենք։ Դուք տալիս եք հարց, ես պատասխանում եմ։ Դուք կարող եք չհամաձայնել էդ հարցին, բայց սա չի նշանակում, որ մենք հիմա պիտի շարունակենք բանավիճելը։

- Անկեղծ խոստովանեցիք, որ Դուք քաղաքական գործիչ չեք։

- Չէ, ես խոստովանեցի, որ ես քաղաքական գործիչ եմ, Դուք՝ չէ, որովհետեւ ես պատգամավոր եմ եւ կուսակցական, ինչքան գիտեմ՝ Դուք քաղաքական գործիչ չեք, լրագրող եք։