«Հրապարակ». Պատերազմն Ուկրաինայում Արեւմուտքի եվ Ռուսաստանի մրցակցության մի մասն է

«Հրապարակ». Պատերազմն Ուկրաինայում Արեւմուտքի եվ Ռուսաստանի մրցակցության մի մասն է

Կարծում եմ, որ ռուսական հրթիռային հարձակումներն Ուկրաինայի վրա կշարունակվեն․ նրանց մարտավարությունը մինչեւ ձմռան ավարտն այն է լինելու, որ դիպուկ հարվածներ հասցնեն էներգետիկ ենթակառուցվածքներին, որպեսզի Ուկրաինային զրկեն կայուն ջրի մատակարարումից, էլեկտրաէներգիայից եւ ջերմամատակարարումից՝ մեզ հետ զրույցում ասաց ուկրաինացի միջազգայնագետ Իլյա Կուսան։

Բայց, նախ, ուկրաինական կողմը որոշեց պայթեցնել Ղրիմի կամուրջը, եւ դա ռուսական կողմին հակահարված տալու հնարավորություն տվեց։ Կուսան ասաց, որ Ուկրաինան պատերազմական իրավիճակում է գտնվում, եւ հակառակորդին հարվածելու ցանկացած փորձ պետք է ձեռնարկվի։
«Ղրիմի կամուրջը ծառայում է որպես նյութատեխնիկական ապահովման համար կարեւորագույն ենթակառուցվածք, որի միջոցով Ղրիմ են մտնում զենք, ամրացման խմբեր եւ տեխնիկա, որն այնուհետեւ Ղրիմից տեղափոխվում է Խերսոնի շրջան: Ռազմական գործողությունների ներկայիս դինամիկան նկատվում է արդեն 7 ամիս»,- նշում է միջազգայնագետը։ Դեռ որքա՞ն կարող է շարունակվել պատերազմը՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայի ենթակառուցվածքներն են ոչնչանում, եւ հետո երկար տարիներ են անհրաժեշտ՝ պատերազմի հետեւանքով վնասված տարածքները վերականգնելու, նա ասաց, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես է մոբիլիզացնում իր ռեսուրսները։

«Ռուսաստանն ու Ուկրաինան դեռեւս մեկ տարի պատերազմ վարելու հնարավորություն ունեն։ Հետո ամեն ինչ կախված կլինի հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրներից։ Արեւմուտքի օգնությունը, իմ կարծիքով, բավական կլինի, որպեսզի Ուկրաինան պաշտպանի իր տարածքները եւ լոկալ հակահարձակումներ իրականացնի։ Իսկ Ուկրաինայի տնտեսության վերականգնումը կախված կլինի Ուկրաինայի ղեկավարության՝ տնտեսությունը վերաթողարկելու կարողությունից»։ Միջազգայնագետը նշում է, որ 4 մարզերի միացումը ՌԴ-ին անեքսիա է, ոչ թե միացում, Ուկրաինայում դա ընկալել են որպես միջազգային օրենքների ոտնահարում եւ տարածքային ամբողջականության խախտում։ ՌԴ-ի այդ որոշումը, ըստ նրա, իրավական տեսանկյունից ոչինչ չի նշանակում եւ որեւէ բան չի փոխում։

«Պատերազմը շարունակվում է, քանի որ ՌԴ-ն չի հասել իր նպատակներին։ Նրանք չկարողացան ամբողջությամբ գրավել Դոնբասը, կորցրին Խարկովի մարզը, այժմ ուկրաինական բանակը հակահարձակման է անցնում հարավում։ Ռուսաստանը չի կարող փոխզիջումների գնալ, քանի դեռ չի հասել այն նվազագույն նպատակներին, որոնք կարող է «վաճառել» իր ներքին լսարանին՝ որպես «հաղթանակ»»,- նկատում է Կուսան։