Ընդունու՞մ է, որ ինքը Խոջա Բաղիրի  շառավիղն է

Ընդունու՞մ է, որ ինքը Խոջա Բաղիրի  շառավիղն է

«Փաստ» օրաթերթում կարդում եմ «Մեր ժամանակների հերոսը» հանդիսացող ու գլխավոր մրցանակակիր Սևադա Խոջաբաղյանի մասին, բառացի մեջբերում եմ․ 

«Իրականում ինչո՞ւ հենց Սևադա Խոջաբաղյանն ընտրվեց որպես «մեր ժամանակների հերոս»: Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանությունները հատուկ են հենց Սյունիքից կատարել ընտրությունը, մի վայրից, որի մի մասը հանձնված է թշնամուն։ Մյուս կողմից՝ հայտնի է մի պատմություն՝ կապված նշյալ ուսուցչի «նախնիներից» մեկի հետ, որը 1918-20 թվականներին զենք է վաճառել թուրքերին և դաժանորեն պատժվել Գարեգին Նժդեհի կողմից: Խոսքը վաճառական խոջա Բաղիրի մասին է, որի կերպարն առկա է նաև Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում: Ինչպես Սյունիքում են նշում, Սևադա Խոջաբաղյանը նշյալ անձի զուտ շառավիղներից մեկն է և «ծառից հեռու ընկած պտուղ»։

Թերթը, ինչպես ինքն է նշում, տվյալները ճշտել է Սյունիքից, որ նշյալ անձը Խոջա Բաղիրի շառավիղներից մեկն է։ Քանի որ Ակսել Բակունցը իմ մայրական տատի՝ Շուշանիկ Բակունցի հորեղբոր որդին է, ու տատս շատ էր պատմում Ակսելի մասին, դեռ մանկուց Բակունցի գործերը անգիր էի անում։ Տատս Ակսել Բակունցի մասին շատ հուշեր ուներ ու հա՜ պատմում էր։ Երբ լսեցի Խոջա Բաղիրի մասին, ինձ պետք չէր այլևս փնտրել, թե ով է Խոջա Բաղիրը։ Աչքիս առաջ եկավ  Ակսել Բակունցի «Կյորես» -ը, որտեղ բազում տեղերում խոսում էր Խոջա Բաղիրի ու նրա շառավիղների մասին։ Ես պարզապես երկու հատված կտեղադրեմ․ 

«Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։ 
– Շան ազգից են խոջա Բաղիրի ճտերը... նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, (թուրք) նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են... 
– Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։ 
– Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,– Աթա ապերը սկսում է զայրանալ,– հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին աստված է կանչում,– չկա՛։ Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող։ Խոջա Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է։ Իսկ եթե ասում ես, որ խոջա Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս։ Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա Բաղիրը ուրիշ ազգից է, և կարող է, որ զիլանի եղած լինի»։

Սևադան՝ իմ հայրենակիցը, դեռ չի արձագանքել «Փաստ»-ին։ Ուզում եմ լսել մեր ժամանակի հերոսին, իմանալ՝ ինքը «Խոջա Բաղիրի ճտերի՞ց է» (Ակսել Բակունցի տողերն եմ օգտագործում)։ Ախր Բակունցը Խոջա Բաղիրի ու իր ճտերի մասին շատ է գրել։ Նյութի մեծ պաշար կա։ Խոջա Բաղիրը բակունցյան հրապարակումներում ազգությամբ նասրանի, մոլթանի, զիլանի է։ Մեր ժամանակի հերոսն ընդունու՞մ է, որ ինքը Խոջա Բաղիրի  շառավիղն է։ Անսպառ բակունցյան պաշար ունեմ Խոջա Բաղիրի մասին, կարող եմ տրամադրել իրեն։