Հայերենը հավասարեցրել են գնչուերենի հետ․ Ուկրաինայում խտրական օրենք են ընդունել

Հայերենը հավասարեցրել են գնչուերենի հետ․ Ուկրաինայում խտրական օրենք են ընդունել

Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից ընդունված ազգային փոքրամասնությունների մասին օրենքը խտրական է նրանց, համար որոնք խոսում են Եվրամիության երկրներում պաշտոնական չհանդիսացող լեզուներով, մասնավորապես ռուսերենով, հայերենով և գնչուերեն։ Այդ մասին ասվում է Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գրասենյակը հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Գերագույն Ռադան «օրենք է ընդունել, որը փոփոխում է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող օրենսդրական ակտերի ցանկը»։ 

Այս փաստաթուղթը «բարելավեց այն փոքրամասնությունների լեզվական իրավունքները, ովքեր օգտագործում են Եվրոպական միության լեզուները կրթության մեջ, ինչպես միջնակարգ, այնպես էլ՝ երրորդական, ինչպես նաև գովազդային և նախընտրական քարոզարշավներում» և որոշ այլ ոլորտներում: 

Այնուամենայնիվ, այն «պահպանում է խտրական տարբերակված վերաբերմունքը մի կողմից՝ ԵՄ պաշտոնական լեզուներով խոսող ազգային փոքրամասնությունների, իսկ մյուս կողմից՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որոնց լեզուները ԵՄ պաշտոնական լեզուները չեն, օրինակ՝ ռուսերենը, հայերենը կամ գնչուերենը», ասվում է զեկույցում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը ամփոփել է՝ «առաջին կատեգորիայի ազգային փոքրամասնությունների իրավունքները ընդլայնվել են», մինչդեռ «ազգային փոքրամասնությունները, որոնց լեզուն ԵՄ լեզուն չէ, չեն կարողանա օգտվել նույն իրավունքներից»։