«Հրապարակ». Քանի դեռ Ադրբեջանն իրավական փաստաթղթեր չի ներկայացրել, անիմաստ է անկլավների փոխանակման հարց քննարկելը

«Հրապարակ». Քանի դեռ Ադրբեջանն իրավական փաստաթղթեր չի ներկայացրել, անիմաստ է անկլավների փոխանակման հարց քննարկելը

«Ադրբեջանը որեւէ իրավական փաստաթուղթ, որեւէ հենք չի ներկայացրել առ այն, որ Հայաստանի տարածքում անկլավներ կան»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան այն հարցին, թե Հայաստանի որ գյուղերն են համարվում անկլավներ, եւ որն են պատրաստվում հանձնել Ադրբեջանին։ 

«Երբ Ադրբեջանը փաստաթղթով կներկայացնի, թե ինքը որ գյուղերն է համարում իրենը, այդ ժամանակ կխոսենք։ Քանի դեռ Ադրբեջանն իրավական փաստաթղթեր չի ներկայացրել, անիմաստ է անկլավների փոխանակման հարցն էլ քննարկել։ Ուղղակի Հայաստանն ազատ ժողովրդավարական երկիր է, մեր մամուլում ամեն ինչ քննարկվում է»,- ասաց Մարուքյանը եւ մեղադրեց մամուլին՝ անկլավների թեման օրակարգ բերելու մեջ։ Դիտարկմանը, որ թեման մամուլը չի բարձրացրել, բազմիցս Փաշինյանն ու ՔՊ-ական պատգամավորներն են խոսել այդ մասին, Մարուքյանն ասաց. «Մամուլը հարցնում է, այդ մարդիկ էլ պատասխանում են»։ 

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է խոսում ադրբեջանական անկլավների մասին, Մարուքյանը կրկին հռետորական հարց տվեց․ «Իսկ Ադրբեջանը դրա մասին խոսե՞լ է: Եթե կան, ապա իրավական ընթացակարգով թող ներկայացնեն։ Եթե որեւէ թվականի քարտեզով նշված տարածքներ կան, դա դեռ չի նշանակում, որ դրանք Ադրբեջանին են պատկանում։ Այս թեման կքննարկվի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի հանդիպմանը»։ Նրա խոսքով՝ բավական երկար ժամանակ է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովները չեն հանդիպել, եւ սահմանազատման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվել։ «Դա նաեւ Ադրբեջանի դիրքորոշման արդյունքն է, որովհետեւ հայկական կողմը երբեւէ չի խուսափել  այդ հանդիպումներից»,-հավելեց նա։

Սակայն Մարուքյանը խեղաթյուրում է փաստերը: Հայաստանում, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների մասին հարցը քաղաքական օրակարգ բերեց Նիկոլ Փաշինյանը՝ 2021թ․ հունիսի 11-ին, Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզում՝ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ժամանակ։ Այդ օրը խոսելով Տավուշի, այսպես կոչված, անկլավային անբնակ գյուղերի մասին՝ Փաշինյանը հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարց է շոշափվել։

Օրինակ, Արցախի հարցի իշխանական քարոզիչներից մեկն «Ազատության» եթերում ասել է, որ Ադրբեջանը պահանջում է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերը եւ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (Քյարքին): Այս գյուղերի հանձնման մասին ահազանգում են նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Արդեն այս տարվա մայիսին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ եւ շատ վաղուց: Հրապարակված փաստաթղթերից 1999թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է անկլավներին, եթե ճիշտ եմ հիշում հոդվածի թիվը: Հարցը քաղաքական եւ իրավական կողմ ունի: Քաղաքական մակարդակում Մյունխենում եւ Բրյուսելում եղել է հետեւյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, այսինքն՝ որ կա Արծվաշեն, որը պատկանում է, պատկանել է Հայաստանի Հանրապետությանը, եւ անկլավներ հիմա, որ Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Այո՛, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք»։

Անկլավների լուծման հարցը «խաղաղության պայմանագրի» առանցքային կետերից է։ Բաքուն եւ Երեւանը միմյանց մեղադրում են 8 գյուղ օկուպացնելու մեջ։ Հոկտեմբերի սկզբին Հ1-ին տված հարցազրույցում, ի պատասխան Ալիեւի այն պնդումներին, թե Հայաստանն «օկուպացրել» է ադրբեջանական գյուղեր, Փաշինյանն ասաց․ «Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետեւ նույն Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում՝ նույնպես»: Փաշինյանը միաժամանակ ընդգծեց՝ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ է մտնում նաեւ Արծվաշենը։ 

Անկլավների հավանական փոխանակման մասին Փաշինյանը խոսել էր նաեւ ավելի վաղ՝ խորհրդարանում․ «Անկլավների խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ այն անկլավը, որը գտնվում է երկրի սահմանների ներսում, մնում է այդ պետությանը, որը դրսում՝ այն պետությանը: Կամ՝ կողմերից մեկը կարող է ասել, որ չի ուզում իր անկլավը մյուսների դիմաց, սակայն այդտեղ էլ քննարկման հարցեր կան»:

Մանրամասն՝ տեսանյութում