Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկն» ու միջուկային էներգիայի գագաթնաժողովը

Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկն» ու միջուկային էներգիայի գագաթնաժողովը

Բրյուսելում երեկ ընթանում էր միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովը, որին մասնակցել է էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Քրուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայենը, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Միջուկային էներգիայի թեմային նվիրված իր ելույթում Փաշինյանը խոսել է ատոմակայանի ու դրա կարեւորության մասին՝ այն բնութագրելով իր կողմից վերջերս հաճախ գործածվող «ինքնիշխանություն ապահովելու» բառով։ Մասնավորապես Փաշինյանն ասել է․ «Ներկայում մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ, ի թիվս այլ կարեւոր բաների, այն նաեւ խորհրդանշում եւ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը»։

Փաշինյանը եվրոպացիներին ներկայացրել է, թե ինչպես են երկարաձգել ատոմակայանի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը, սակայն մոռացել է ընդգծել, որ 2036-ին մենք ստիպված ենք լինելու դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, իսկ նորը կառուցելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում։ Նոր ատոմակայան կառուցելու համար բանակցություններ կամ քննարկումներ որեւէ կողմի հետ չեն տարվել, ոչ էլ մրցույթ է անցկացվել, այնինչ էներգետիկ անվտանգության մասնագետներն ասում են՝ արդեն ուշացել ենք։ Ատոմակայանի կառուցման համար արդեն իսկ պետք է կոնկրետ առաջարկներ արված լինեին, ու համաձայնություն պետք է ձեռք բերված լիներ աշխարհի՝ ատոմակայաններ կառուցելու մենաշնորհն ունեցող երկրների հետ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ու Հայաստանի ստորագրած փաստաթղթերին, պայմանագրերին հավատարիմ լինելուց զատ, Փաշինյանը հավաստիացնում է՝ ՀՀ ատոմակայանը ծառայելու է միայն էներգետիկա ստանալու համար եւ միայն խաղաղ նպատակներով։ Գովեստի խոսքեր ձոնելով ու կարեւորելով եվրոպացի գործընկերների հետ աշխատանքը՝ Փաշինյանը, սակայն, մոռանում է ընդգծել, որ ատոմակայանն աշխատեցնում են ռուս մասնագետները՝ ռուսական հումքի մատակարարմամբ։ Փոխարենը, օրինակ, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրստերսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ոչ միայն շվեդ-հայկական փոխհարաբերությունները, այլեւ անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին։ Փաշինյանը հանդիպել է նաեւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Նրանք կարեւորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը: Անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին: Ինչպես Շվեդիայի վարչապետը, այնպես էլ Բելգիայի վարչապետը զերծ չեն մնացել Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ծանոթանալու պարտադրանքից։ Մեզ թվում էր, թե այս ձախողված ձեռնարկին այլեւս անդրադարձ չի կատարվի, սակայն, փաստորեն, մենք սխալվում էինք:

Ու չնայած որ Ալիեւն իր բոլոր ելույթներով, հայտարարություններով, քայլերով ու առաջ քաշած պահանջներով փաստացի ասում է, որ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկը» մեռյալ նախագիծ է, միեւնույն է, Փաշինյանն իրեն հատուկ համառությամբ շարունակում է փիառել իր մտքի արգասիքը, որը, բացի վտանգներից ու արհավիրքներից, Հայաստանին ոչինչ չի խոստանում: Փաշինյանը Բրյուսելում խոսել է նաեւ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մասին, քննարկել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը, մասնավորապես ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցեր: