Արսեն Թորոսյանը չի ուզում դառնալ քավության նոխազ

Արսեն Թորոսյանը չի ուզում դառնալ քավության նոխազ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր խորհրդարանում հայտարարել է` եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով։ Եվ որ այդ սցենարն անհավանական չէ։« Նոր ռազմավարությունն այս իրավիճակում եթե կարողանանք պահպանել կանոնները, ապա կկարողանանք գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով: Այդ սցենարը անհավանական չէ»,-ասել է նա։
Եվ այսպես․ Հայաստանի առողջապահության նախարարը ասում է, որ Հայաստանի բնակչության մեկ վեցերորդը կամ կես միլիոն մարդ հիվանդանալու է, հազարավոր մարդիկ  մահանալու։ Հազարավոր կարող են լինել հազարից մինչև 20 հազար, 30-50 հազա՞ր։ Ինչի՞ համար է  Առողջապահության  նախարարը նման վախենալու սցենարների մասին բարձրաձայնում կարանտինի հանման հենց առաջին օրը։ Բնակչության զգոնությունը բարձրացնելու համա՞ր։ Հազիվ թե։
Հաշվի առնելով, որ Հայաստանում անգամ կարանտինի պայմաններում ամեն օր 120-130-150  նոր դեպք է ավելանում, հայտարարությունը միանգամայն իրատեսական է առողջապահական կազմակերպչի տեսանկյունից։ Այլ բան, որ քաղաքագիտության տեսանկյունից  հեչ բանի նման չէ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցից արվածի ֆոնին, որ սահմանափակումները հանվում են, տնտեսությունը չի դիմանում։
Եթե կարանտին ժամանակ թվերը սրանք են, ապա ակնհայտ է, թե ինչ է մեզ սպասվում անկարանտին ժամանակներում։ Եվ, ահա,Արսեն Թորոսյանն անձնական հարց է լուծում, իր վրայից  պատասխանատվությունը հանում է՝ հետագայում այդ մահերի համար քավության նոխազ չդառնալու համար։ Սա չի անում բացահայտ, բայց այս հայտարարությամբ տարանջատում է իրեն։ Ի վերջո, բոլորս գիտենք, որ կարանտին մտցնել-հանելու, սահմաններ բացել-փակելու որոշումներն առողջապահության նախարարը չեն։ Այլ Նիկոլ Փաշինյանինը։ Վարչապետն  էլ երեկ պարետ, նախարար կազմով հանդես գալով, փորձում էր այս պատասխանատվության բեռը բաշխել  «պոլիտբյուրոյի» վրա։