Ստատուս-քվոն լուծում չէ

Ստատուս-քվոն լուծում չէ

Ստատուս-քվոն լուծում չէ ԼՂ կարգավորման գործընթացին գոնե փորձագիտական մակարդակով ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը «փուլային տարբերակի» եւ «կազանյան փաստաթղթի» մասին գրեթե բաց տեքստով չէր խոսի, եթե չունենար համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահագների եւ Ֆրանսիայի, առնվազն լուռ համաձայնությունը: Սա աքսիոմա է, ինչպես եւ այն, որ ոչ Վաշինգտոնը, ոչ, մանավանդ, Փարիզը Ռուսաստանի սահմանների հարեւանությամբ նրա շահերին հակասող քայլեր չեն ձեռնարկելու:

Ով կասկածում է, թող աչքի առաջ ունենա Վրաստանի օրինակը: Եւ թեթեւամտություն է հղում անել ԱՄՆ հեռացող դեսպան Միլզի «քնարական զեղումներին»՝ թե հասկացել է, որ հայ ժողովուրդը չի ցանկանում տարածք հանձնել եւ դրանից հետեւություն անել, թե ստատուս-քով ստանում է «միջազգային լեգիտիմություն, իսկ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նպատակադրվածությունն, ընդհակառակը, ապալեգիտիմանում»:

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ոչ թե պաշտոնաթող դեսպաններն, այլ պետական դեպարտամենտն է իրականացնում՝ նախագահի անմիջական ուղղորդմամբ: Ոչ ոք պաշտոնապես չի չեղարկել «պատմական բարդույթներից ձերբազատվելու» մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի՝ Երեւանում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արած «հորդորը»: Եւ եթե ամերիկյան երկու ընկերություն վաճառում է Բաքու-Ջեյհան նախագծի իր մասնաբաժինը, դրանից ուղղակիորեն չի հետեւում, թե Միացյալ Նահանգների համար Ադրբեջանն այլեւս «կորցրել է հետաքրքրությունը»:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պատահական չի հայտարարել, որ Լոնդոնը «սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Հիպոթետիկ եզրահանգումներով արտաքին քաղաքականություն չես վարի: Միջազգային ուժային կենտրոնների համար կա «սառեցված» ԼՂ հակամարտություն, որի վերջնական կարգավորմամբ նրանք մի օր զբաղվելու են գործնականում: Եթե նախաձեռնությունը հնչեցվում է Մոսկվայից, իսկ խնդրի վերաբերյալ անցած երկու շաբաթվա մեջ ՌԴ ԱԳՆ-ն արդեն երրորդ հայտարարությունն է արել, ուրեմն համանախագահներն այդպես են պայմանավորվել: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ոչ լեգիտիմությունը պատերազմ սկսելու մտադրվածությունը չէ, միջազգային իրավունքի տեսակետից պատերազմի սանձազերծումն առհասարակ լեգիտիմ չէ: Ադրբեջանը մերժում է ինոնորոշման ԼՂ ազատությունը: Դրանում է նրա դիրքորոշման ոչ լեգիտիմությունը, ինչի վրա էլ հարկ է կառուցել մեր քարոզչությունը: Թե չէ ստատուս-քվոն էլ ինչքա՞ն կտեւի՝ էապես կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից եւ հետկորոնավիրուսային աշխարհակարգից: