Դպրոցներում հարցականները շատ են 

Դպրոցներում հարցականները շատ են 

Պայմանավորված եղանակային ցուրտ պայմաններով, այս օրերին որոշ մասնավոր դպրոցներում դասաժամերի տեւողությունը կրճատվել է` դառնալով 30 րոպե, ինչը, սակայն, չի վերաբերում պետական հանրակրթական դպրոցներին, որտեղ դասաժամի տեւողությունը շարունակում է մնալ 45 րոպե՝ ինչպես նշված է ուսպլանով։

Թեպետ դպրոցներից վստահեցնում են, որ խստությունը չի վերացել, աշակերտները շարունակում են կես-կես խմբերով հաճախել, իրար կողք չնստել, դասամիջոցներին ներսուդուրս չանել` կուտակումներից խուսափելու համար, բայցեւայնպես, շատ հարցեր դպրոցում լուծվում են ներքին կարգով:  

Ինչ վերաբերում է դիմակներին, ապա ուսուցիչների շրջանում մեր հարցախույզը ցույց տվեց, որ ֆորմալ առումով դպրոց մտնելիս բոլորը շարունակում են դիմակ կրել, բայց դասարաններում նրանք, ովքեր հիվանդացել են, այլեւս դիմակ չեն կրում։ Դա, մեծ հաշվով, կախված է ուսուցչի անհատական մոտեցումից, ըստ դրա էլ՝ երեխաները դասին նստում են կա՛մ դիմակով, կա՛մ առանց դիմակ։

Բացակաները Նոր տարուց հետո շատ չեն դպրոցներում, ինչն իր բացատրությունն ունի. թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների մեծ մասն այս ընթացքում արդեն վարակվել է ու առողջացել: Այդուհանդերձ, վերջերս իջեցված հրահանգի համաձայն, դպրոցում 10 տոկոս հիվանդությունների պարագայում անցնում են հեռավար ուսուցման։ Եթե մանկավարժն է հիվանդ, աշակերտները գալիս են դպրոց, նստում դասարանում, իսկ ուսուցիչը հեռավար՝ տնից պարապում է նրանց հետ։ Մանկավարժներից շատերի կարծիքով, այս մոտեցումը ոչ միայն արդարացված չէ, այլ նաեւ ոչ արդյունավետ, որովհետեւ, ըստ նրանց, մի հատ էլ պահակ պետք է կարգեն դասարանում, որպեսզի աշակերտները չշեղվեն դասի ընթացքում, նայեն էկրանին եւ լսեն ուսուցչին։ 

Մինչեւ հիմա դպրոցների համար պարզ չէ նաեւ, թե 4-րդ եւ 9-րդ դասարանցիները հանձնելո՞ւ են քննություն, թե՞ ոչ։ Ուստարվա վերջին մի քանի ամիս է մնացել, ու մանկավարժներից շատերն ուզում են հիմիկվանից իմանալ, թե ինչ կարգով են քննությունները լինելու: Եթե հայտարարվի, որ թեստով են լինելու, կրկնուսույցների մոտ մեծ հոսքեր կգոյանան, որովհետեւ հեռավար ուսուցումը շատ առումներով իրեն չի արդարացրել եւ աշակերտների մոտ նստվածք չի թողել:

Մանկավարժներից շատերը հեռավար ուսուցումը բացթողում են համարում, որովհետեւ ուսուցիչը նյութը տալիս է, բայց չգիտի, թե ինչքանով է աշակերտը դա լսում եւ ընկալում։ Այլ կերպ ասած՝ հեռավարի դեպքում մանկավարժները զրկվեցին վերահսկելու մեխանիզմից։

Դպրոցներում առաջին կիսամյակն այս տարի կփակվի հունվարի 23-ին: Մինչեւ հունիսի 19-ը բոլոր դպրոցները ներգրավված են լինելու ուսպրոցեսում, այն դեպքում, որ նախորդ տարիներին մինչեւ հունիսի 19-ը բոլոր քննություններն արդեն ավարտված էին լինում։ Ներկա ուսգործընթացի պայմաններում պարզ է, որ կուշանան նաեւ քննությունները, ըստ այդմ՝ հստակ չէ, թե երբ եւ ինչքան են տեւելու ամառային դպրոցական արձակուրդները։