Ախ, եթե հակառակը լիներ...

Ախ, եթե հակառակը լիներ...

Մարզական լրագրողի հուշերից

Հայաստանի ամենապատկառելի պատվիրակությունը, որը երբեւէ գործուղվել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, եղել է 1966 թվականին, երբ խոշոր ու մեծ հետաքրքրություն ներկայացնող այդ մրցասպարեզը բացվեց տվյալ մարզաձեւի հայրենիքում՝ Անգլիայում, ու հենց այդ երկրի հավաքականն էլ առաջին ու առայժմ միակ անգամ արժանացավ հաղթողի պատվավոր կոչման։ Բայց դա հայտնի դարձավ ավելի ուշ, իսկ մրցումների թե՛ նախօրյակին եւ թե՛ առաջնության եռուն օրերին տեղի ունեցան տարաբնույթ անակնկալներ, որոնց բուռն կերպով արձագանքում էր ամբողջ մարզաշխարհը։

Դե, ասացեք, խնդրեմ, հիրավի, զարմանալի չէ՞ր, երբ հենց մրցումների նախօրյակին հանկարծ... չքացավ խաղարկվելիք գլխավոր մրցանակը՝ հաղթանակի աստվածուհի Նիկեի պատկերը կրող ոսկեձույլ գավաթը։ Ամբողջ աշխարհը ցնցված էր։ Սակայն անգլիացիների սասանված պատիվը փրկվեց, եւ դրա գլխավոր դերակատարը մի բակապահ շուն էր, որը Լոնդոնի պուրակներից մեկում, իհարկե՝ պատահաբար, հայտնաբերեց հափշտակված եւ թփերի մեջ թաքցված թանկարժեք մրցանակը։ 

Հենց այս առաջնությունում անակնկալ գրանցվեց բրազիլացիների պարտությունը՝ Պելեի գլխավորությամբ: Ոչ պակաս էր արձագանքը, երբ Անգլիա-Գերմանիա եզրափակիչ խաղի ժամանակ շփոթված մրցավարն անգլիացիների օգտին գոլ գրանցեց (հաշիվն այդ պահին 2-2 էր) եզրային մրցավար, բաքվեցի Թոֆիկ Բահրամովի միջամտությունից հետո։ Հատկանշական է եւ այն, որ չեմպիոններ հռչակված հենց բրիտանացի ֆուտբոլիստները որոշ ժամանակ անց ի լուր բոլորի խոստովանեցին, որ այն ժամանակ գնդակը չէր հատել դարպասային գիծը, հետեւաբար, գոլ չէր եղել։ Անշուշտ, արժե հիշատակել նաեւ, որ ԽՍՀՄ հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս նաեւ ապագա արարատցի Էդուարդ Մարգարովը, առաջին անգամ գրավեց իր համար ամենապատվավոր՝ չորրորդ տեղը։ 

Եվս մեկ արտակարգ իրադարձություն էլ տեղի ունեցավ՝ կապված արդեն Հայաստանի պատվիրակության հետ։ Այդ մասին տուն վերադառնալուց հետո պատմեց հայտնի մրցավար Ռուդիկ Միրիմանյանը. «Ազատ ժամերին, որպես զբոսաշրջիկների, մեզ ծանոթացնում էին Լոնդոնի տեսարժան վայրերի հետ։ Եղանք նաեւ այն գերեզմանոցում, որտեղ թաղված է Կարլ Մարքսը։ Եվ ահա, երբ պատրաստվում էինք ավտոբուսով վերադառնալ հյուրանոց, հանկարծ պարզվեց, որ մեր խմբի անդամներից մեկը բացակայում է, եւ այդ մեկը, ինչպես շուտով իմացանք, Էդուարդ Մելիքսեթյանն է, նա, ով շարունակ աչքի էր ընկնում սրամտություններով ու կատակներով։ Տղաներից երկուսն իսկույն իջան ավտոբուսից եւ շտապ վերադարձան գերեզմանոց։ Շատ շուտ էլ գտան նրան, գտան համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի շիրիմի առջեւ ծնկած՝ նա ցավով, թվաց, հուսահատություն էր արտահայտում ինչ-որ անդառնալի մի բանից։ Երբ անաղմուկ, կամացուկ մոտեցան, ականջի պոչով պարզ լսեցին. «Ախ, ինչ լավ կլիներ, եթե ամեն ինչ հակառակը ստացվեր, մեզ մոտ՝ Սովետում, թաղված լինեիր, իսկ գաղափարներդ այստեղ՝ Անգլիայում, տարածվեին...»»:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ