Եթե մեկը կարողանա նման երգ ստեղծել ու աշխարհում տարածել, փառք իրեն, թող չուզողը մենք լինենք

Եթե մեկը կարողանա նման երգ ստեղծել ու աշխարհում տարածել, փառք իրեն, թող չուզողը մենք լինենք

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ խնդիր է դրել, որ Ամանորին եւ սուրբծննդյան տոներին նվիրված՝ Jingle Bells-ին համարժեք հայկական երգ գրվի, որը նույնքան մեծ ճանաչում կստանա, որքան վերոնշյալ երգը, սկզբում՝ Հայաստանում, հետո նաեւ՝ աշխարհում: Փաշինյանի կարծիքով՝ նման երգի առկայությունը շատ կարեւոր է պետության եւ ազգային ինքնության համար: «Չգիտեմ, արդյոք այդ երգը կդառնա՞ նույնքան պահանջված, բայց այս պրոցեսը պետք է շարունակել այնքան, մինչեւ Հայաստանում ծնվի մի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից Հայաստանում, հետո աշխարհում կհաղթի գլոբալ երգերին՝ մրցակից դառնալով, օրինակ, Jingle Bells-ին»,- ասել էր նա: Հաջորդիվ վարչապետը նշել էր, որ նոր երգը գրվել է եւ կներկայացվի Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք տոնակատարության ժամանակ:

Խոսքը, ըստ երեւույթին, Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի համատեղ դուետի մասին է, որի պրեմիերան տեղի է ունենալու Նոր տարվա գիշերը՝ Հանրապետության հրապարակում կայանալիք ամանորյա՝ 2020 թ․ համերգային ծրագրի շրջանակում։  

Երգահան, հեղինակ կատարող Վահան Արծրունին, վարչապետի 2050 ծրագրային դրույթների ներքո է դիտարկում Jingle Bells-ին համարժեք երգ ստեղծելու նրա ցանկությունը։ «Եթե հիշում եք, 2050թ․-ին արդեն մենք աշխարհի հետ պետք է մրցենք մեր տեխնոլոգիական առաջընթացով, իսկ մեր ֆուտբոլային թիմը պետք է առաջին տեղը գրավի, եւ, ուրեմն, պետք է ունենանք նաեւ այնպիսի երգ, որը կգերիշխի աշխարհում եւ կստվերի Jingle Bells-ը»,- ասում է Արծրունին ու հավելում, որ նրա այդ հայտարարությունն ընկալում է որպես Նիկոլ Փաշինյանին բնորոշ ծրագրային վարչապետական մոտեցում․ «Մեզ մնում է համբերությամբ զինվել եւ սպասել՝ արդյոք այդ երգը կմրցի՞ Jingle Bells-ի հետ, եւ արդյոք դրա մեջ կարո՞ղ ենք տեսնել ազգային ինքնության եւ մշակութային նպատակների լուծման բանաձեւ»։  

Երգահան Արտավազդ Բայաթյանը կասկածում է, որ պատվերով կարող է լավ բան գրվել, բայց եթե ստացվի, միայն ուրախ կլինի․ «Ես նման փորձ ունեմ․ «Ծնունդդ շնորհավոր» երգը ստեղծեցի, ու արդեն 30 տարուց ավել տարբեր տեղերում այն լսվում է, ու եթե ուզում էինք լայն տարածում ունենար, պետք էր ավելի շեշտադրել, որ գոնե հայության մեջ տարածվեր, եւ երգեին ոչ թե Happy birthday, այլ՝ «Ծնունդդ շնորհավոր»։ Ի վերջո, եթե մենք մեզ արժեք չտանք, ոչ մեկը չի արժեւորի»։

Նոր իշխանությունները մի քանի ամիս առաջ էլ ձեռնամուխ եղան նոր հիմնի ստեղծմանը, անգամ հանձնաժողով ձեւավորեցին, մրցույթ հայտարարեցին, բայց որեւէ արդյունք չգրանցվեց, ինչից հետո անցան արդեն ամանորյա երգ ստեղծելուն։ Բայաթյանը հիմնի վերաբերյալ մի քանի տարբերակներ է լսել եւ չի կարծում, թե միանգամից կստացվի հինը նորով փոխելը․ «Ի վերջո, նորն իր տեղը պետք է գտնի, եւ եթե ստեղծվի մի երգ, որը մենք մեր կամքով կօգտագործենք  Jingle Bells-ի փոխարեն, լավ կլինի։ Բայց մի բան ասեմ՝ այդ մարդիկ, որ այս երգերը ժամանակին ստեղծել են, մենք նույնիսկ չգիտենք, թե ովքեր են դրանց հեղինակները, ո՛չ Jingle Bells-ի, ո՛չ էլ Happy birthday-ի դեպքում։ Ամեն դեպքում, դա այն մարդիկ են ստեղծել, որոնց ժողովուրդներն այդ ասպարեզում խորը ավանդույթներ են ունեցել։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ մեր ավանդույթը որն է, որ դա հրամցնենք, ոչ թե կրկնենք այն, ինչ կա արդեն աշխարհում։ Այսինքն՝ արվեստագետը չի կարող օդից մի բան ստեղծել, մենք պետք է ունենանք մի ավանդույթ, որը կարելի լինի ձեւակերպել որպես երգ-երաժշտություն, բանաստեղծություն։ Իսկ դա շատ կարեւոր բան է։ Եթե մեկը կարողանա նման երգ ստեղծել ու ամբողջ աշխարհում տարածել, փառք իրեն, թող չուզողն էլ մենք լինենք»։

Երգահանը նկատում է, որ, անկախ ամեն ինչից, մենք արդեն շատ լավ ամանորյա երգեր ունենք, որոնք չէր խանգարի, եթե լսեինք Ամանորի օրերին՝ նույն Jingle Bells-ի փոխարեն․ «Հիշում եմ, տարիներ առաջ՝ 85-86թթ․-ին, մի երաժշտական ծրագիր էինք անում, դրա մեջ մի լավ երգ ունեի, իմ հեղինակածն էր՝ «Նոր տարի» էր կոչվում։ Այդ երգը կայծակնային մտավ ու սիրվեց, հետո՝ 2000 թ․-ին, նորից մեծ խմբով երգեցինք։ Լավ երաժիշտներ էին ներառված՝ Աննա Մայիլյան, Ջիվան Գասպարյան, տեքստն էլ շատ հիշվող էր, երգում էինք․ «Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին, թողեք թող ներս գա Նոր տարին»։ Շատ սիմվոլիկ երգ էր եւ մեր ավանդույթին շատ մոտիկ։ Այսինքն՝ մենք նման ձեւով ենք ընկալում Նոր տարին, պետք է մեզ մոտիկ լինի, թե չէ՝ չի ապրի։ Իսկ ամենակարեւորը՝ ցանկացած երաժշտություն, երգ պետք է մարդուն բարի դարձնի, եթե չի դարձնում, ուրեմն ինքը ոչ մի նպատակ չի կատարել»։